Լրահոս
Օրվա լրահոսը

Շանս Վրաստանին, բայց որոշակի վերապահումներով. մեծ դերակատարություն կունենան նաեւ 2024-ին Վրաստանում կայանալիք ընտրությունները

Նոյեմբեր 13,2023 14:00

Կան փորձագիտական կարծիքներ, որ Բրյուսելում սկեպտիկները ԵՄ ընդլայնման մասով շատ են։ Նաեւ նշվում է ֆիքսված նախնական թիվ Եվրահանձնաժողովի կողմից, որ մինչեւ 2030 թվականը որեւէ ձեւով ընդլայնման հարց չի քննարկվելու, եւ հնարավորությունների մոտակա պատուհանը կարող է լինել 2030-ին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նոյեմբերի 8-ին հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Վրաստանին այս կարգավիճակը տրվել է պայմանով, որ այն քայլեր կկատարի ինը կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ։ Սրանք 2022-ի հունիսին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշները լիովին նոր են։ Օրինակ՝ ԵՄ-ի եւ նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության եւ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարը։ Սա թերեւս հանձնարարական է Վրաստանին քայլեր ձեռնարկել երկրում հակաեվրոպական քարոզչության նվազեցման ուղղությամբ։

Շանս Վրաստանին, բայց որոշակի վերապահումներով

Եվրահանձնաժողովն ըստ էության Վրաստանին շնորհեց այս կարգավիճակը՝ սակայն հստակ նրա առաջ դնելով որոշակի խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ օրակարգային հարցերից են քաղաքական բեւեռացման հարցերի լուծումը, այն բեւեռացման, որը կա երկրի ներսում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ եւ ավելի կառուցողական հարաբերություններ կառուցել։

Իհարկե, սրանք մեկ-երկու տարում լուծվելիք խնդիրներ չեն, եթե հաշվի առնենք նաեւ դատական համակարգի կայացումն ու անկախությունը, ինչի ապահովումը եւս կարեւորվել է Եվրահանձնաժողովի կողմից։ Այդ դեպքում ինչո՞ւ Եվրահանձնաժողովը որոշեց, այնուամենայնիվ, Վրաստանին շնորհել այս կարգավիճակը։ Թերեւս պատճառն այն էր, որ Եվրահանձնաժողովի կողմից գործընթաց նկատելի էր։

Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, քաղաքագետ Ջոնի Մելիքյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց՝  հիմա, երբ արդեն դիմել են ԵՄ անդամ երկրների ղեկավարներին, որ իրենք մեկ ամսում դիտարկեն կանաչ լույսը Եվրահանձնաժողովի կողմից, այս դեպքում արդեն Եվրոպական խորհուրդը ղեկավարների մակարդակով քաղաքական որոշում պիտի կայացնի ընդունի՞, տա՞ սիմվոլիկ այդ կարգավիճակը, թե՝ ոչ. «Իսկ նկատի ունենալով, որ անցած տարի առանց որեւէ նախապայմանի Մոլդովային եւ Ուկրաինային այդ կարգավիճակը տրվեց, երեւում է, որ նույն ձեւով Վրաստանին կտրամադրվի։ Ուրիշ բան է, որ Մոլդովայի եւ Ուկրաինայի պարագայում իրենք կարող են սկսել գործընթաց անդամակցության, ինչը երկար գործընթաց է, բայց ինչ-որ չափով նաեւ մեկ քայլ առաջ է, ձեռքբերում այդ երկրների համար։ Վրաստանը մեկ քայլ հետ է, ինքը կարող է ասօր ստանալ այն կարգավիճակը, որը Մոլդովան եւ Ուկրաինան անցյալ տարի են ստացել»։

Վրաստանի՝ ԵՄ անդամակցությունը Վրաստանից չէ կախված. մշուշոտ հեռանկարներ

Մեկ հարց է ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, մեկ այլ հարց՝ ի վերջո դառնալ ԵՄ անդամ։ Հիշենք՝ Թուրքիայի օրինակը։ Ի՞նչ կարող է լինել Վրաստանի պարագայում։ Կլինի՞ արդյոք քաղաքական որոշում։ Այս հարցում ըստ էության շատ բան կախված է ոչ թե հենց Վրաստանից, այլ ԵՄ անդամ երկրներից, մանավանդ, որ նրանց պատկերացումները Վրաստանի մասին մշուշոտ են։ Մեր այս դիտարկումը հաստատում է նաեւ Ջոնի Մելիքյանը. «Այո, Վրաստանն իր անելիքներն ունի, Վրաստանը պետք է բարեփոխումների օրակարգ իրականացնի, բայց ի վերջո թե’ կարգավիճակի մասով, թե’ անդամակցության հետ կապված վերջին խոսքը ԵՄ անդամ երկրների ղեկավարներինն է։ Չէի ասի, որ այս ամենը կախված ԵՄ-Վրաստան հարաբերություններում առաջընթացից միայն»։

Ի՞նչ են մտածում ԵՄ անդամ երկրները ԵՄ-ի ընդլայնման մասին

Կան փորձագիտական կարծիքներ, որ Բրյուսելում սկեպտիկները ԵՄ ընդլայնման մասով շատ են։ Նաեւ նշվում է ֆիքսված նախնական թիվ Եվրահանձնաժողովի կողմից, որ մինչեւ 2030 թվական որեւէ ձեւով ընդլայնման հարց չի քննարկվելու, եւ հնարավորությունների մոտակա պատուհանը կարող է լինել 2030-ին։

Այս ֆոնին կարեւոր է նաեւ Վրաստանում ստեղծված իրավիճակը՝ այն անջրպետը, որը կա Վրաստանի իշխանությունների եւ հասարակության միջեւ։ Վրաց հասարակության շրջանում մեր կատարած հարցումները վկայում են, որ Վրաստանի քաղաքացիներից շատերը համարում են՝ Վրաստանի իշխանություներն ավելի պրոռուսական քաղաքականություն են վարում։ Այս խնդիրների ֆոնին՝ արդյոք Վրաստանը կարո՞ղ է իր՝ վերջնական նպատակին հասնելու հարցում հաջողել։ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ դժվար է չափել պրոռուսականության կամ պրոարեւմտամետականության տրամադրությունները. «Վրաստանի բոլոր պաշտոնական փաստաթղթերում ՌԴ-ն օկուպանտ երկիր է»։

Թերեւս այն քաղաքականությունը, որն այսօր վարում է Վրաստանը, նման է նաեւ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությանը՝ ձգտելով դեպի Արեւմուտք՝ դիվերսիֆիկացնելով արտաքին կապերը, բայց միեւնույն ժամանակ տնտեսապես համագործակցելով ՌԴ-ի հետ։

Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելը նաեւ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի երկրների վրա։ Լրագրության ռեսուրս կենտրոնի ղեկավար Նաթիա Կուպրաշվիլին վստահ է, եթե Վրաստանը չստանար ԵՄ անդամակցության թեկնածություն, շահելու էր միայն ՌԴ-ն, այս դեպքում շահում է նաեւ տարածաշրջանը։ Այն, որ Վրաստանում անջրպետ կա իշխանության եւ հասարակության միջեւ, փորձագետն այսպես է մեկնաբանում. «Պատճառներից մեկն այն է, որ հասարակությունը վախենում է պատերազմից, մյուս կողմից ընդդիմադիր ուժերն են թույլ, թեեւ թույլ է նաեւ իշխող քաղաքական ուժը։ Մենք չունենք ուժեղ պրոարեւմտյան ընդդիմություն։ Ընդդիմադիր ուժերը թույլ են եւ ընդդիմադիր հիմնական ուժը դեռ կապ ունի նախորդ կառավարության հետ, իսկ հանրության մեծ մասը չի սիրում նախորդ կառավարությանը»։

Այս համատեքստում կարող ենք պնդել, որ 2024 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները այս երկրի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում լուրջ դերակատարություն են ունենալու։ Սա ըստ էության կլինի այն թեստը, որը կախված այս ընտրությունների անցկացման առանձնահատկություններից եւ ելքից, Վրաստանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհին, կամ հաջողությամբ կանցնի, կամ՝ ոչ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930