Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մկրտությունը հոգում կրեք, ոչ թե կենացներում». Մասիսում 150-ից ավելի արցախցիներ մկրտվեցին

Նոյեմբեր 14,2023 22:30 Share

«Անբացատրելի է, բայց ես կփորձեմ, երբ մկրտված չես, մի ձեւ շատ ազատ ես, բայց երբ մկրտվում ես, կյանքդ մի ակնթարթում փոխվում է, պարտավորություններ ես զգում քո քայլերի ու գործողությունների համար»,- ստեփանակերտցի 11-ամյա Կամիլան փորձում է բացատրել մկրտության խորհուրդը: Կամիլայի չորս հոգանոց ընտանիքը՝ հայրը, մայրը եղբայրը եւ ինքը այսօր մկրտվեցին:

Մասիս խոշորացված համայնքում այսօր արցախցիների մկրտության արարողություն էր: Կամիլայի ընտանիքի հետ Արցախից բռնի տեղահանված եւ Մասիսում ապաստան գտած արցախցի այլ ընտանիքներ էլ մկրտվեցին: Ի սկզբանե նախատեսված էր 140 հոգու մկրտություն, բայց մկրտվողների թիվն անցավ 150-ը:

Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, Մասիսի 7 եկեղեցիներում` միաժամանակ տեղի ունեցան մկրտության արարողություններ: Իսկ ամփոփիչ մեծ ու գեղեցիկ միջոցառումն անցկացվեց  Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Կամիլան ուրախ է մկրտության համար ու շատ ոգեւորված. «Երբ մարդը մկրտված չի, նա երբեք չի կարող ասել, որ քրիստոնյա է, բայց երբ մկրտվում ենք, մենք դառնում ենք Աստծո զավակներ: Եթե մտածում ես, որ Աստված քեզ բան չի տվել, տվել է. էն որ կարողանում ես աշխատել, լավ բաներ առնել, սովորել… »

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն Aravot.am-ի  հետ զրույցում ասաց, որ մկրտության այս լավ գործընթացը շարունակական է լինելու: Գաղափարն առաջացել է Մասյացոտնի թեմի առաջնորդի, հոգեւոր հայրերի հետ շփումից: Հիմնական նպատակն այն է, որ Մասիս համայնքում ապաստանած Արցախցի բռնի տեղահանվածները քրիստոնեական, նաեւ՝ ավելի արագ ինտեգրվեն համայնքի կյանքին:

10 եւ ավել կնքահայրերին նման պատասխանատվություն ստանձնելու համար հատուկ համոզելու կարիք չի եղել: Դավիթ Համբարձումյանն ասում է՝ մարդիկ ինքնակամ եւ կարեւորը՝ սիրով են առաջադրվել «կնքահոր թեկնածությունը»: Ավելին, առաջադրումներն այնքան են եղել, որ արդեն ապագա կնքահայրերի ցուցակ կա՝ հետագա կնունքների համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Երգչուհի Շուշան Պետրոսյանը մկրտվողներին հորդորեց՝ մկրտությունը հոգում կրել, ոչ թե կենացներով. «Այն ամենն ինչի առաջ այսօր կանգնել ենք, որովհետեւ շատ ենք հեռացել Աստծուց: Տեր Աստված մեր վերջին հույսը չի, Տեր Աստված մեր միակ հույսն է: Մեզ արժանապատվության վերադարձ՝ ի դեմս Արցախի եւ տղերքի հիշատակի: Պատիվ ունեմ»:

Շուշան Պետրոսյանը ոչ միայն մաղթանքներ հղեց, նաեւ երգեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Մկրտության պաշտոնական արարողությանը հետեւեց նաեւ հյուրասիրություն՝ մատաղ եւ արցախյան ուտեստներ՝ արցախցի կանանց պատրաստած ավանդական ժինգյալով հացն ու փախլավան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930