«Մենք խոսում ենք կենսաբանական այն անվտանգության մասին, որը վերաբերվում է կանխամտածվածությանը: Ի՞նչ է անում ԱՄՆ-ը: Ոչ միայն մեր, այլեւ ամբողջ աշխարհի համար ամենագլխավոր վտանգը, որ ես համարում եմ, այն է, որ ԱՄՆ ամբողջ աշխարհում կառուցում է կենսաբանական լաբորատորիաներ, որոնց խնդիրը ոչ թե խաղաղ առողջապահությունն է, այլ ռազմական առողջապահությունը:
Երբ մենք 1991 թվականին առանձնացանք, առաջին տարիներին տարբեր պարբերականությամբ բոլորիս մոտ ԱՄՆ-ից գալիս էին ամբողջական հանձնաժողովներ, որոնց կազմում էին Պենտագոնի, ԿՀՎ-ի ներկայացուցիչները եւ բարի ժպիտով առաջարկներ անում, թե եկեք՝ մենք ձեր համար լաբորատորիաներ կառուցենք: Առաջին ինքնուրույն, տեխնոլոգիական հագեցվածությամբ լուրջ լաբորատորիան կառուցվել է Վրաստանում: Եվ այնտեղ աշխատում էին ԱՄՆ բանակի ռազմական միկրոկենսաբանները»,- ասաց Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս , Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն՝ Մոսկվա-Աստանա-Բիշկեք-Երեւան-Մինսկ-Տաշքենդ հեռուստակամրջի ձեւաչափով «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով քննարկման ընթացքում պատասխանելով Հայաստանի հարցին, թե ՌԴ ԱԽՔ Նիկոլայ Պատրուշեւը վերջերս ԱՊՀ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Ռուսաստանը պարբերաբար տվյալներ է ստանում վտանգավոր փորձարկումների մասին,որ արեւմտյան երկրները, առաջին հերթին, ԱՄՆ-ը, իրականացնում են հետխորհրդային տարածքներում:

«Չեմ կարծում, թե երկար դատողություններ անելու անհրաժեշտություն կա, թե ինչով են զբաղվում ռազմական միկրոկենսաբանները եւ ինչով են զբաղվում մեր քաղաքացիական միկրոկենսաբանները: Այո, ռազմական միկրոկենսաբանները մշակում են պաշտպանական համակարգեր, բայց ամենից առաջ զբաղվում են հարձակվողական ծրագրերով: Այդպիսի ժամանակակից լաբորատորիաներ կառուցված են Վրաստանում, Ալմա-Աթայում, ներկայումս էլ կառուցվում է Ուզբեկստանի սահմաններին մոտ: Ինչպե՞ս են նրանք դա մեկնաբանում: Ասում են, իսկ եթե հանկարծ մեր զինվորականները գտնվեն մոտակայքում, մենք պետք է իմանանք, թե ինչպես նրանց պաշտպանենք: Բայց սա ոչ պրոֆեսիոնալների համար արդարացում է, որովհետեւ առաջին հերթին հարց է առաջանում, թե ձեր զինվորականները ինչ են անում մեր սահմանների մոտ, առավել եւս, որ մենք միմյանցից հեռու ենք գտնվում: Դրա համար հզոր, թանկարժեք , տեխնոլոգիապես հագեցած լաբորատորիաներ կառուցելու անհրաժեշտություն բացարձակապես չկա: Դա, իհարկե, հարձակվողական ծրագիր է: Այսպես մտածելու հիմք տալիս է Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների հայտարարությունը՝ հասցեագրված ԱՄՆ-ին, որոնք մտահոգություն են հայտնել մեր սահմաններին մոտ հարձակվողական ծրագրերի առկայությամբ: Իսկ հզոր տերությունների ղեկավարները առանց առարկայական ապացույցների այդպիսի հայտարարություններ չեն անում»,-ասաց ակադեմիկոս Օնիշչենկոն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































