Լրահոս
Օրվա լրահոսը

«$8000-ով մեքենա եմ առնում, $2000 մուծեմ մաքսատուրքը, 12 հազարով ծախեմ, 2000 դոլար փող աշխատեմ, ինչի՞ եք մորթում». Աղազարյանը բարկացավ

Նոյեմբեր 29,2023 13:56

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Գյումրու մաքսատուն ներմուծված, ժամանակավոր պահպանության եւ արգելապահման տակ գտնվող ավտոմեքենաների քանակը կազմել է 1500-2300 մեքենա: Մաքսային հսկողության տարածքում ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ այլ բեռների սպասարկումը հնարավոր չէ կազմակերպել պատշաճ կերպով:

ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն ասաց, որ հիմա պետտուրքը որոշել են բարձրացնեն, որ հնարավորինս արագ մեքենաները մաքսազերծեն: Օրական 1600 դրամի փոխարեն կգանձվի 5000 դրամ, այն էլ ժամանակավոր պահպանության 2-րդ օրվանից սկսած: Նախագծի համաձայն` առաջին օրվա համար պետական տուրք չի գանձվի՝ դրանով խրախուսելով ավտոմեքենաների մաքսազերծումը մեկօրյա ժամկետում իրականացնելը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց. «Ձեր կառավարությունն ինչի՞ է ընկել ավտոներկրողների հետեւից: Հետեւողականորեն բան եք անում, ի՞նչ կա այդտեղ: Մարդիկ բիզնես են անում, եթե հարկերից խուսափում են, արդյունավետ վարչարարություն արեք, տուգանեք: Բայց ի՞նչն է խնդիրը, ի՞նչը ձեր դուրը չի գալիս այս ոլորտի հետ կապված: Բոլոր ոլորտներում էլ խնդիրներ կան՝ ներկրման, արտահանման: Տարվա վերջին նախագիծ եք բերում, այս ոլորտի բեռն ավելացնում եք ու հաշվի չեք առնում, որ այն երկրներ, որտեղ մեքենաները արտահանվում են, այնտեղ էլ ոնց որ գործընթացներ կան այս բիզնեսը խոչընդոտելու: Ասում եք՝ 1600 դրամը փոքր թիվ է, օրը 1600 դրամով որտե՞ղ «ստայանկա» կա, որ մի հատ էլ ասում եք՝ փոքր թիվ է, դարձնենք 5000 դրամ: 5000 մի դարձրեք, 500 հազար դարձրեք: Դուք ժամանակին չեք կարողանում կազմակերպել մաքսազերծումը, մարդը ստիպված մի քանի օր թողնում է, մի հատ էլ ասում եք՝ այ, որ թողեցիք, պետական տուրքը ավել կվճարես: Լավ, եթե բան կա ասելու, միանգամից ասեք՝ ավտոներկրումն արգելում ենք, մարդիկ էլ իմանան: Մարդիկ բիզնես են անում, հաշվարկ են անում, մեկ էլ հանկարծ ներվայնանում եք, մի օրինագիծ վերցրած գալիս եք ԱԺ, հո այդպես չի՞ լինի»:

Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Որեւէ անգամ չեմ կարծում, որ ներվայնությունից են նախագծեր ծնվում: Նախագծեր ծնվում են իրականությունից: Մենք ասում ենք, որ մեքենան երբ ներմուծվում է, պետք է ինչքան հնարավոր է արագ մաքսազերծվի: Ներմուծողը 4 ամիս ժամանակ ունի հայտարարագիր ներկայացնելու, ինքը 4 ամիս պահում է մաքսային տարածքում: Ասում ենք՝ դա կայանման վայր չի էլի ձեր համար»: Նա ասաց, որ այլ երկրներում մեծ տուգանքներ են սահմանվում դրա համար:

Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ ինքն անձամբ եղել է Գյումրու մաքսատանը եւ տեսել է, որ հերթեր են, մարդիկ՝ փողը գրպանում, թղթերը ձեռքը սպասում են, մաքսային մարմինը չի հասցնում:

ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանն ասաց, որ այս կարգավորմամբ թացն ու չորը խառնվելու է իրար, որովհետեւ լինում են դեպքեր, երբ ավտոներկրողը չարամտորեն չի թողնում մեքենան մաքսատանը, այլ ձեւակերպումների, փաստաթղթերի խնդիրներ են լինում, ուստի գոնե մեկ շաբաթ պետք է ժամանակ տալ:

Բանը հասավ նրան, որ Հովիկ Աղազարյանը բարկացավ. «Ես 8000 դոլար փող ունեմ, կարողանում եմ այդ 8000 դոլարով մի հատ մեքենա բերեմ, ուրիշ գործ անելու հնարավորություն ես չունեմ ՀՀ-ում: Դառնում եմ ընդդիմություն վաղը չէ մյուս օրը, ՀՅԴ-ն ինձ ոչ մի գործ չի տալիս, ինչպես չէր տվել ժամանակին, ես իմ բարձր աշխատավարձով գումար եմ տնտեսել, էդ 8000 դոլարով մի հատ մեքենա եմ առնում, բերեմ, որ 2000 դոլար մուծեմ մաքսատուրքը, 12 հազարով ծախեմ, 2000 դոլար փող աշխատեմ, ինչի՞ եք մորթում»:

Հանձնաժողովը որոշեց առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տալ, բայց հետո ժամկետները փոխել, վերամշակել:

Հովիկ Աղազարյանը այդպես էլ «կողմ» չքվեարկեց անգամ պայմանավորվածության դեպքում, որ հետո պետք է փոփոխություններ կատարեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930