ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, աճեցնելու դեպքի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:

Պարզվել էր, որ թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում, ըստ առկա տվյալների, աշխատել է նաև այլ երկրից ժամանած մասնագետ:
Նշված հանցագործությունն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը՝ կանայք՝ Երևան և Վայք քաղաքներից, մեկ տղամարդ՝ ՌԴ քաղաքացի և մեկ տղամարդ՝ Հարավային Կորեայի քաղաքացի։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վերջիններիս ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ այն բանի համար, որ վերջիններս, նախնական համաձայնության գալով, 2023թ. ապրիլ 21-ին վարձակալել են Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի երկհարկանի առանձնատունը, որտեղ «Մարիխուանա» տեսակի թմրանյութ ստանալու նպատակով բնակարանի բոլոր սենյակներում ստեղծել են հատուկ հարմարություններ՝ օդափոխության և լուսային համակարգերով, ապա պլաստմասե և այլ տարրաների մեջ ցանել և հատուկ պայմաններում իրացման և շահույթ ստանալու նպատակով աճեցրել են թվով 218 հատ «Կանեփ» տեսակի բույսերին նմանվող բույսեր:
Կարդացեք նաև
Այնուհետև, հատուկ հարմարությունների պայմաններում աճեցված տետրոհիդրոկանաբինոլ պարունակող «Կանեփ» բույսերի հասունացված ցողունները վերամշակել են, ապա իրացման նպատակով բաժանել հավասարաչափ մասերի, փաթեթավորել են և վաճառել այլ անձանց:
Նրանցից երկու տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խմբի մյուս՝ կին անդամների նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նշված վարույթով լայն ծավալով շարունակվող նախաքննության ընթացքում նաև բացահայտվել է թմրամիջոցների պատրաստման ևս մեկ օբյեկտ։ Մասնավորապես, խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Հերացու փողոցի շենքերից մեկի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածներով, տարբեր գույների պոլիէթիլենային և «Զիպ» ընդհանուր շուրջ 80 փաթեթ, դեղնականաչավուն զանգվածի հետքերով 4 պլաստմասե տարա, 2 պարկ՝ լցված սերմերի կտերով, 3 հատ մոխրացված հետքերով ծխամորճ, կշեռք և ապակե սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածի հետքերով, 2 հատ մետաղական աղաց, մեկանգամյա օգտագործման ձեռնոցների տուփ, համակարգիչներ, բջջային մի քանի հեռախոսներ, բանկային քարտեր և այլ իրեր ու առարկաներ։
Հայտնաբերված՝ թմրամիջոցների նմանվող զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջինացումներ՝ թմրամիջոցներ աճեցնելու, պատրաստելու նշված դեպքի բոլոր հանգամանքները, թմրամիջոցների պատրաստման և ապօրինի շրջանառության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե


















































