Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն ու Նասիմ Թալեբը քննարկվել են Թալեբի գործերում արծարծված փիլիսոփայական հայեցակարգերն ու գաղափարական սկզբունքները

Դեկտեմբեր 03,2023 19:22

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ակնարկագիր, մաթեմատիկոս և փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբին:

Նասիմ Թալեբը Հայաստանում է գտնվում Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության և գործարար 2023» համաժողովին մասնակցելու նպատակով:

Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են Թալեբի գործերում արծարծված փիլիսոփայական հայեցակարգերն ու գաղափարական սկզբունքները:

Իր խոսքում նախագահը նշել է, որ խմբագրել է հեղինակի «Incerto»-ի հինգ հատորանոց փիլիսոփայական էսսեն անորոշության մասին, որը հրատարակվել է 2001-ից 2018 թվականներին՝ «Հակափխրունություն», «Սև Կարապ», «Պրոկրուստյան Մահիճ», «Երբ Խաղադրույքը Սեփական Մաշկդ է», «Պատահականության Խաբկանքից Մոլորվածները», որոնցում առկա նորահայտ մոտեցումները հասարակական քաղաքական և տնտեսական զարգացումների և իրադարձությունների վերաբերյալ էական ազդեցություն են ունեցել արդի քաղաքական և տնտեսական մտքի, քաղաքական կառուցակարգերի փոփոխության գործընթացի վրա: Հնգհատորյակը հայերեն թարգմանվել և հրատարակվել է «Կողբ» հիմնադրամի և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել խաղաղության, խաղաղ ապրելու հայեցակարգերի և գաղափարական ու կիրառական սկզբունքների վերաբերյալ:

Նասիմ Նիքոլաս Թալեբն իր խոսքում անդրադարձել է նաև Սփյուռք երևույթին և մասնավորապես հայկական Սփյուռքին՝ նշելով, որ լիբանանյան ծագում ունենալով սերտ հարաբերություններ ունի լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից աշխարհում կրթության ոլորտում և ընդհանրապես հանրային կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Սյունիքում առաջիկայում կառուցվելու են երկու «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոններ» և առաջարկել է հյուրին ապագայում Հայաստան գալու հնարավորության դեպքում այցելել նաև երկրի հարավ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031