Գաջեգործների փողոցից Երեւանի կենտրոն հասնելը դարձել է մղձավանջ: Հատկապես բարդացել է ուսանողների վիճակը, որոնք ստիպված են մի քանի տրանսպորտով հասնել բուհեր:
Aravot.am-ի հետ զրույցում Էրեբունի համայնքի մի խումբ բնակիչներ ներկայացնելով իրավիճակը՝ ասացին, որ նախկինում աշխատում էր համար 19 «Գազելը», որն այժմ փոխել են 36 համարի ավտոբուսով: «19 համարը հասնում էր մինչեւ շրջանային, այնուհետեւ Զեյթուն, իսկ ներկայիս 36 համարը գնում է «Ռոսիա», կրկես, ապա՝ 3-րդ մաս: Մարդիկ ստիպված են լինում իջնել «Ռոսիայի» մոտ, որպեսզի երկրորդ տրանսպորտով հասնեն շրջանային կամ Զեյթուն: Ախր 3-րդ մասի հատվածում ուսանողներ չկան»,-ասաց Գաջեգործների փողոցում ապրող քաղաքացիներից մեկը:
Մյուսները եւս տեղեկացրին, որ ստիպված են ժամերով, բայց ապարդյուն սպասել տրանսպորտի, որին ժամը 18-ից հետո «բռնացնելն» անհնար է:
«19 համարը շատ լավ էր աշխատում, գիծն ավելի հարմար էր, քան 36 համարի ավտոբուսի պարագայում է: Վարորդներին հարցնում ենք՝ ինչո՞ւ եք ուշ-ուշ գալիս, ասում են՝ գծի մեջ ընդամենը 3 ավտոբուս է, բա ինչ անենք»,-տեղեկացրին Aravot.am-ին: Բնակիչները նամակով դիմել են Երեւանի քաղաքապետարանին, սակայն ստացված պատասխանը չի բավարարել նրանց, եւ մտահոգությունն էլ ավելի է խորացել:
Կարդացեք նաև

Ի դեպ, նույն խնդիրը առկա է նաեւ Ներքին Չարբախում: 41 համարի միկրոավտոբուսը, որով այս թաղամասի բնակիչները հասնում էին Կենտրոն, ապա մինչեւ Մամիկոնյանց փողոց, հանվեց: Ճիշտ է, բողոքներից հետո այն 39 համարի միկրոավտոբուսով փոխարինվեց, որը չի կրկնում 41-ի երթուղին, ու միեւնույն է՝ 2 տրանսպորտ պետք է փոխել Կենտրոն հասնելու համար: Այժմ 39 միկրոավտոբուսը փոխարինվել է 49 ավտոբուսով, բայց միեւնույն է Կենտրոն հասնելու հարցը մնացել է առկախ, իսկ երեկոյան ժամերին տաքսիով պետք է հասնել Ներքին Չարբախ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































