Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան․ «Ժողովրդավարություն տերմինը «պուտանկայի» մակարդակի ինչ-որ մի բան է, որը, եթե պետք է, այս պահին օգտագործում ես, հետո դուրս ես շպրտում․ «Փաստ»

Դեկտեմբեր 12,2023 09:00

Ցանկանում են «իրենց մարդն» ունենալ բոլոր մարզերում, համայնքներում ու քաղաքներում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը․ «Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդիում, իշխանության զավթում էր ուժային մեթոդներով ոստիկանության ուժերի շնորհիվ: Սա նոր բան չէ, այս իշխանություններն առնվազն 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո հասկացել են, որ փողոցում հենարան չունեն, իսկ Երևանի ավագանու ընտրություններից հետո հասկացան, որ ընտրազանգված էլ առանձնապես չունեն: Փողոց չունեն, դրանում համոզվեցին քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ վարչապետի գլխավորությամբ իբր երթ էին անում փողոցներով և վարչական ռեսուրսով ու այլ միջոցներով մի քանի հազար մարդ հավաքեցին, ընտրազանգված ևս չունեն: Այս պարագայում իրենց միակ հենարանը մնում են վարչական և ուժային ռեսուրսները:

Ուժային ռեսուրսի վրա հսկայական ծավալի գումար են ծախսում՝ տարբեր տիպի ենթակառուցվածքներ ստեղծելով, ինչպիսին չարաբաստիկ պարեկներն են, մեծ գումարներ են ծախսում ոստիկանական ուժերի աշխատավարձերի, պարգևավճարների վրա, նրանց զինելու համար և այլն: Կամ կարմիր բերետավորները, որոնք առանց կարմիր գծերի ու սահմանափակումների, ծեծ ու ջարդով մարդկանց հաշմանդամ են դարձնում և բոլոր օրենքներից դուրս են: Մյուսն էլ վարչական ռեսուրսն է, որը համայնքային իշխանություններն են: Միշտ էլ ցույց են տվել, որ կապ չունի, թե ընտրություններն ինչպես են անցել: Անգամ կարող են պարտվել, բայց հետո հաղթող թեկնածուին կամ ձերբակալում են, ինչպես Մամիկոն Ասլանյանին, կամ զբաղվում են, այսպես կոչված, «անասնագողության» գործընթացով՝ ավագանիներ գողանալով մրցակիցներից, և փոխում են համայնքի ավագանու դասավորությունը: Այս ռեժիմի օրոք կապ չունի, թե ով է հաղթել: Հետո գործի կդրվեն ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, որոնք հնարովի մեղադրանքներով համալրում են քաղբանտարկյալների շարքը:

Թե՛ Ալավերդիում, թե՛ մյուս համայնքներում, որտեղ դեռ տեղի կունենան նմանատիպ գործընթացներ, ամենն իմ նշածի տրամաբանության մեջ է: Նմանատիպ իշխանությունների հիմնական հենարանը, որոնք չունեն հեղինակություն, փողոց և ընտրազանգված, մնում են ուժայինները և վարչական ռեսուրսը, որը սովորաբար կենտրոնանում է համայնքապետարաններում: Իրենց համար ծայրահեղ վտանգավոր է չունենալ իշխանություն ինչ-որ տեղում: Հնարավոր է, որ պարտադրված լինեն արդեն հաջորդ տարի գնալ արտահերթ ընտրությունների թե՛ ներքաղաքական իրավիճակով, իրենց ռեյտինգի անխուսափելի անկմամբ, և՛ արտաքին գործոններով ու պատվիրատուներով, որոնք պահանջում են, որ իշխանությունները վերահաստատեն իրենց լեգիտիմությունը, որպեսզի կարողանան արտաքին քաղաքական վեկտորի ուղղությամբ գործուն քայլեր անել, ունենալով համապատասխան լեգիտիմություն ընտրողներից:

Դրա համար հիմա ամեն ինչ անում են, որ կարողանան գոնե իշխանության «վերտիկալը» ապահովել: Այս ամենն անում են «ժողովրդավարության փարոս, կղզյակ, բաստիոն» լինելու անվան տակ, ինչը վերահաստատում են նաև միջազգային կառույցները: Վերջիններիս համար միշտ էլ ժողովրդավարություն տերմինը «պուտանկայի» մակարդակի ինչ-որ մի բան է, որը, եթե պետք է, այս պահին օգտագործում ես, հետո դուրս ես շպրտում: Յուրաքանչյուրն իր ստանդարտով է ժողովրդավարությունը ձևակերպում և փորձում է նման ստանդարտներ փաթաթել հայ ժողովրդի վզին»,-եզրափակում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031