Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տունը (պատմվածք)

Դեկտեմբեր 23,2023 13:05

Գիտես, որ հենց սկսես իմաստ փնտրել ամեն ինչի մեջ, ամեն ինչը կկորցնի իմաստը։

Կյանքի իմաստի մասին մտածում ես լուսացույցի կանաչ լույսին սպասելիս։ Որովհետև կարող ես փողոցն անցնելիս հանկարծ վթարի ենթարկվել ու մեռնել։ Կարող ես վթարի ենթարկվել ու չմեռնել։ Կարող ես անցնել կանաչ լույսի տակ, մի պահ կանգ առնել, փողոցն անցնող մարդկանց մեջքով շրջվել ու լուսանկարվել։ Եթե չմեռնես, կունենաս լուսանկար՝ փողոցն  անցնող մարդկանց հակառակ կանգնած։ Ձեռքո՛վ արա։ Չժպտա՛ս։ Լուսանկարչական սարքը որսում է կեղծ ժպիտները։

Ինչ-որ մեկն ապրում  է առանց քեզ արդեն երկու տարի։
Ինչ-որ մեկը դադարում է ապրել առանց  քեզ։
Չգիտեմ էլ՝ ճիշտն ապրե՞լն է սիրած մարդու կորստից հետո, թե՞ մեռնելը նրա մահից շատ առաջ։

Կուզեի՞ր երբեք աշխարհ եկած չլինել։
-Կուզեի՞ր չլիներ երբեք, որ չլինելը չզգայիր։
-Կուզեի՞ր հետ նայեիր ու ոչինչ չհիշեիր։

Սկզբում ձայնը փոխվեց, հետո դիմախաղը, հետո կրկնվող  շարժումներից հասկացար, որ մի սենյակից մյուսը դեռ չգնացած՝ մոռանում է գնալու մասին։ Այդպես սկսեց քայլել սենյակից սենյակ։ Նա տանը հյուսել էր իր լաբիրինթոսն ու անվերջ պտտվում էր իր առանցքի շուրջը։

Ո՞վ է այս կինը։ Ցույց է տալիս ժպտացող կնոջ լուսանկարը։ Երբ ասացի, որ ինքն է՝ լաց եղավ։ Չգիտեմ գիտակցումի՞ց, որ ինքն էլ նման չէ լուսանկարի կնոջը, թե որ ոչ մի կերպ չի հիշում՝ ով է  լուսանկարում ժպտացող կինը։

Նրա լուսանկարը տեսել էիր ուսանողական ամսագրի շապիկին։ Լայն ժպտում էր։ Իրականում ավելի գեղեցիկ ես, քան լուսանկարում։ Բա որ մազե՜րս արձակեմ։ Այս անգամ ժպտացողը դու էիր։ Նա երրորդ կուրսում էր սովորում, դու ավարտում էիր համալսարանը։ Հիմա նա փորձում է գրել իր անունը քո օգնությամբ։

-Երբ հետ ես նայում՝ ի՞նչ ես տեսնում։
-Մեր տունը։

Մեր նոր տանը նա ապրում է ինչպես հին տանը։ Ամեն օր առավոտյան  ոտքերն իջեցնում է մահճակալից ու չի հասկանում՝ ինչ գործ ունի պատն իր ճանապարհին։ Ես վախենում եմ, որ սենյակից սենյակ գնալու համար նա մի օր կարող է անցնել պատի միջով, ու ամեն անգամ սենյակից դուրս գալիս՝ փակում եմ պատուհանը։ Պատը դուռ չունի։

-Գիտես, ես էլ երազում մեր հին տանն եմ ապրում։ Ու սենյակից սենյակ եմ գնում մեզ գտնելու հույսով։
-Մեր հին տանը երեխանե՞ր կան։
-Այո, մեր երեխաները։
-Նրանք փո՞քր են։
-Նրանք մեծացել են։
-Բոլո՞րը։
-Բոլորը, բացի մեկից
․․․
-Երազումս մեր հին տանն էի։ Տան  տերը անցավ մոտովս, հանեց հագուստն ու մտավ լոգարան։ Նա ինձ չէր տեսնում։ Չգիտեմ էլ ե՞ս էի նրա երազում, թե՞ նա իմ, նա՞ էր իմ տանը, թե՞ ես՝ նրա,- անգիր արածի պես բառ-բառ կրկնում ես  նախորդ օրվա իմ պատմած երազը։

-Բայց ես եմ տեսել այդ երազը։
-Ի՞նչ տարբերություն՝ ես, թե դու։
Չեմ գտնում ոչ մի տարբերություն։ Քեզ հակառակն ասելն անօգուտ էր նույնիսկ այն ժամանակ, երբ չէիր խառնում իմ ու քո երազները։

Սեղանին եմ շարում եփածս խորտիկները։
Դու նստում ես սեղանի մոտ թիկունքով։ Տեսնում եմ պարանոցին հասնող մազերդ ու լսում ձայնդ։ Ի՞նչ տարբերություն՝ սեղանի՞ շուրջն ես նստել, թե՞ սեղանին թիկունք արած։ Ի՞նչ տարբերություն՝ կյանքին հակառա՞կ ենք լողում, թե՞ ընդառաջ։

Հեռուստացույցով նայում ես պատերազմի զոհ դարձած պաղեստինցի փոքրիկներին ու լաց լինում։ Ես հասկանում եմ, որ սիրտը չի կորցնում հիշողությունը։
Երբեմն ես խոսում եմ իմ և նրա փոխարեն։
-Աշխարհը թուլամտությա՞մբ է տառապում։
-Աշխարհը հրաժարվում է հետ նայել։

-Շուտ կգաս, հա՞։
-Մինչև աչքդ թարթես՝ հետ կգամ։

Մի պահ նայում եմ թարթվող կոպերիդ ու գնում մթերքի հետևից։

Աշխարհը գալու-գնալու պատմություն է։
Սպասում ես կանաչ լույսին։ Լուսացույցը չի թարթում։ Մինչև փողոցը կանցնես, աչքերիդ առջևով անցնում է ողջ կյանքդ։ Ապրածը։ Չապրածն էլ։
Աշխարհը ապրելու-չապրելու պատմություն է։
Մեքենաները ճանապարհ են տալիս անցորդներին, անցորդները՝ մեքենաներին։ Մինչ դու ելք ես փնտրում, մեկ ուրիշն անցնում է  ճանապարհը․․․

-Բա ասում էիր՝ կգամ։
Գլխով եմ անում։
-Բա ինչո՞ւ չեկար
։
Նռան հերթական հատիկը մոտեցնում եմ շուրթերիդ՝ հաշվելով ժամանակը
ի՞նչ տարբերություն՝ մեկից երեք հարյուր վաթսունհինգ, թե՞ հակառակը։ Առավոտ ծեգին, կեսգիշերին հինգ պակաս․․․ միշտ մեզ թվում է, որ ժամանակն անվերջ է․․․

Աշխարհը հիշողությունների պատմություն է։

-Երբ աչքերդ փակում ես, ի՞նչ ես տեսնում։
-Մեր տունը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031