2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է 6 գիրք։
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին, նպատակն է Հայաստանի սահմաններից դուրս տարածել, հանրահռչակել հայկական մշակույթը, նպաստել պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացմանը:
2023 թվականին ծրագրի շրջանակում հրատարակվել է 6 անուն գիրք՝
1․ «Արցախ» պատեկերագիրք /անգլերեն/,
Կարդացեք նաև
2․ «Դուդուկ» պատեկերագիրք /անգլերեն/,
3․ «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» գիտահանրամատչելի ժողովածու /անգլերեն/,
4․ «Հայկական գորգերի զարդաձևերի ծագումնաբանությունն ու իմաստաբանությունը» պատկերագիրք /անգլերեն/,
5․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» պատկերագիրք /անգլերեն/,
6․ «Հայկական գորգեր և կարպետներ» ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուն» պատկերագիրք /անգլերեն/:




«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» ծրագրի համատեքստում խրախուսվում են հայ մշակույթի վերաբերյալ առավել հանրամատչելի շեշտադրումները՝ զերծ գիտական բառապաշարից, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել ոլորտն ուսումնասիրող մասնագետների և ընթերցների շրջանակը:
Ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային և համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա և Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կա՛մ չկան, կա՛մ խիստ սակավ են, և ծրագիրը կոչված է լրացնելու հենց այդ բացը։
Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետևյալ ուղղությունները՝
- Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգություն
- Հայաստանի պատմամշակութային ժառանգություն
- Պատմագրություն
- Հնագիտական ժառանգություն
- Ուրարտագիտություն
- Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում
Հայաստանի և առհասարակ հայկական մշակույթի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար ծրագիրն իրականացվելու է նաև 2024 թվականին և հաջորդ տարիներին:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




















































