Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շատ չենք շտապում, հավանաբար փետրվարին կհայտարարենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ծրագրի մասին». Սանոսյան

Դեկտեմբեր 29,2023 14:10

Կառավարությունն Արցախից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագիր է մշակում, որի մասին հավանաբար փետրվար ամսին կհայտարարվի։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ 

«Մենք աշխատանքային խումբ ունենք Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ եւ շաբաթը առնվազն մեկ կամ երկու անգամ բավական ինտենսիվ հանդիպումներ ունենք եւ փորձում ենք լսել բոլորին։ Մենք ունենք միջազգային գործընկերներ, բարերարներ, շինարարական կազմակերպություններ, մեր մարզային գործընկերներին ենք լսում, որպեսզի հասկանանք՝ ինչ որոշում կայացնենք։ Այդ որոշումը հեշտ չէ, եւ մենք շատ չենք շտապում այն առումով, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք։ Նաեւ այդ ճիշտ որոշում կայացնելու ակնկալիքներից մեկով էլ վերջերս եղանք Ճամբարակում, հանդիպեցինք Ճամբարակում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, եւ փորձեցինք նաեւ իրենց հետ քննարկումների միջոցով հասկանալ, թե իրենք ինչ են ակնկալում կառավարությունից՝ նոր բնակարանի կառուցո՞ւմ, գումարի տրամադրո՞ւմ, որպեսզի իրենք բնակարան կառուցեն։ Միայն բնակարանի գնումը կամ կառուցումը միգուցե հարցի լուծում չէ, հետո բա այդ համայնքում ինչո՞վ պետք է զբաղվեն, արդյոք նաեւ հողակտոր պետք է հատկացնել, որպեսզի կարողանան հողագործությամբ զբաղվել, ի՞նչ արտոնյալ ծրագրեր անել, որպեսզի նրանք կարողանան աշխատել»,- ասաց նա։

Սանոսյանը հավելեց, որ հարցերը կարծես լուծվում են։ «Եվ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախանշեց, որ հավանաբար փետրվար ամսին մենք կավարտենք այս աշխատանքները եւ կհայտարարենք այն ծրագրի մասին, որը պատրաստվում ենք իրականացնել։ Ընդ որում, այդ ծրագիրը կարող է մեկ ուղղությամբ չլինել, կարող է բազմաշերտ լինել, եւ կթողնենք հնարավորություն, որպեսզի մեր հայրենակիցներին իրենք ընտրեն՝ այդ ծրագրերից որոնցից օգտվել։ Մեր միտքը հետեւյալն է, որ ինչպես Հայաստանում կա վարվող քաղաքականություն Երեւանից հեռավորության, սահմանամերձի առումով, մեր բոլոը որոշումներում պետք է առաջնորդվենք այդ առկա քաղաքականությամբ եւ խրախուսման որոշակի մեթոդներ դնենք՝ ըստ հեռավորության, ըստ սահմանամերձի»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել