Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ներգրավել հայկական Սփյուռքը հայրենակերտումի գործի մեջ եւ օգտվել նրա հնարավորություններից

Հունվար 10,2024 13:00

Ընդունված է կարծել, որ Հայաստանի Հանրապետության եւ հայկական մեծաթիվ սփյուռքի միջեւ կապերը պետք է կարգավորվեն եւ կառավարվեն պաշտոնական պետական կառույցների կողմից՝ լինի դա սփյուռքի նախարարություն կամ այլ կերպ: Շատ հայեր դժգոհում են, որ Հայաստանն իրականում չի շահում սփյուռքահայերի հսկայական ֆինանսական, ժողովրդագրական եւ գիտական-փորձառական ներուժից: Մինչ այժմ ձեռնարկված միջոցներն արդյունավետ չեն եղել կամ առկա կառույցները չեն աջակցում այնպիսի հավակնոտ ջանքերին, ինչպիսին է հայկական սփյուռքի օգտագործումը Հայաստանի հզորացման եւ բարգավաճման համար։

Թեեւ ցանկացած գաղափար կարելի է խորհրդակցության դնել՝ ինչ-որ կոնսենսուս ստանալու համար, սակայն ՀՀ կառավարությունն է, որ պետք է նախաձեռնի եւ մշակի սփյուռքահայերի ընդգրկման, ներգրավման եւ օգտագործման ավելի լավ տեսլականներ եւ սցենարներ։ Եկեք կոչենք այդ տեսլականը՝ «Ներգրավել եւ Օգտագործել» (Inclusion and Utilization): Այս բանաձեւը պետք է աշխատի` հիմնվելով խթանների, ֆինանսական ձեռքբերումների եւ մոտիվացիայի վրա: Միայն «հայրենիքի սերը» շատ սփյուռքահայերի համար ուժեղ խթան չի հանդիսանա մասնակցելու Հայրենակերտումի գործին։ Նաեւ հայկական կառավարությունները չունեն բավարար մոտիվացիա սփյուքահայերին կապելու կամ մոտիկացնելու Հայաստանին եւ որոշներին էլ դրդելու Հայաստան գան ու հաստատվեն, նպատակադրված, թափանցիկ եւ սահուն գործընթացների հիման վրա։

2019 թվականին վարչապետի հրամանագրով ստեղծվեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ նախկին սփյուռքի նախարարությանը փոխարինելու եւ սփյուռքի հարցերով զբաղվելու համար։ Գերագույն հանձնակատարը պետք է զեկուցեր վարչապետին։

Հիմնադրումից չորս տարի անց Սփյուռքի գործերի գրասենյակը հեռու է զգալի առաջընթացի հասնելուց՝ սփյուռքահայերին Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում ներգրավելու առումով։ Այն ձախողել է արտասահմանում ապրող միլիոնավոր հայերի հսկայական ֆինանսական, մարդկային եւ տեխնիկական ներուժն օգտագործելու հարցում:

Այդ ձախողման պատճառները չափազանց շատ են։ Նշեմ 3 հիմնական պատճառները.

1.Հստակ, համահայկական եւ ոգեշնչող տեսլականի բացակայություն՝ կոնկրետ նպատակներով։ «Հայրենակերտում» եւ «Հայերի հայրենադարձությունը» (հայահավաք) կարող են լինել երկու այդպիսի ոգեշնչող եւ մերձեցնող նպատակներ։

2.Մի քանի հիմնական նախաձեռնությունների կամ ծրագրերի նկատմամբ հատուկ ուշադրության բացակայությունը եւ այդ նախաձեռնություններին հասնելու հստակ ռազմավարությանը չհետեւելը: Այսպիսով, նախկին սփյուռքի նախարարությունը վերածվեց Գերագույն հանձնակատարի գրասենյակի, կրճատված աշխատակազմով եւ բյուջեով, սակայն գրասենյակն իր կայքում հայտարարեց մեծաթիվ ծրագրեր՝ սկսած IGorts-ից մինչեւ Սփյուռքի դեսպան երիտասարդներ, Diaspora Connected, Ներուժ, Քայլ դեպի տուն, ամառային ճամբարներ, հայոց լեզվի ուսումնասիրություն, ինչպես նաեւ հայրենադարձների գրասենյակի աջակցությունը, եւ շատ այլ փոքր առաջադրանքներ եւ նախագծեր: Նման լայն շրջանակի, քիչ ռեսուրսների եւ ցրված ուշադրության պայմաններում այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են հայրենադարձությունը կամ արտագաղթած հայերի հավաքագրումը, բավարար ուշադրություն եւ էներգիա չէին կարող ստանալ:

3.Երկու կողմից էլ (ՀՀ եւ Սփյուռք) չկա ծրագրեր իրականացնելու եւ ներգրավվելու բավարար մոտիվացիա։ Հայաստանում մասնավոր հատվածը շահագրգռված չէ եւ ներգրավված չէ այդ ծրագրերում եւ չի տեսնում, որ նման ծրագրերը խթանում կամ նպաստում են իր շահերի առաջխաղացմանը։ Նմանապես, սփյուռքահայերը, մտածելով իրենց անձնական բարեկեցության եւ ֆինանսական վիճակի մասին, առաջնահերթ չեն համարում այդ ծրագրերը, հետեւաբար նման ծրագրերում ներգրավված սփյուռքահայերի թիվը մեծ չէ։

Ուստի ժամանակն է ավելի արմատական մտածելու եւ ծրագրելու։

Առաջարկում եմ վերականգնել լիարժեք նախարարություն՝ «Հայրենադարձության եւ Ինտեգրման» նախարարություն անվան ներքո։ Նախարարության առաջնահերթ պարտականությունն է լինելու ապահովել սփյուռքահայերի մեծաքանակ ներգաղթը դեպի ՀՀ։ Այս նախարարության առաջնահերթությունն է լինելու խթանել դեպի Հայաստան միգրացիայի գաղափարը՝ խրախուսելով եւ ուղղորդելով շահագրգիռ հայերին իրենց համայնքներում իր կայքի միջոցով կամ Հայաստանի դեսպանությունների միջոցով:

Նախարարությունը պիտի կարողանա ներգաղթի կազմակերպում՝ «Հայրենադարձության եւ Ինտեգրման» գրասենյակների միջոցով՝ ընդունելով ներգաղթողներին օդանավակայանում, տրամադրելով ուղեցույց, օգտակար կոնտակտներ եւ հասցեներ եւ օգնություն՝ աշխատանք փնտրելու, լեզուն եւ տեղական օրենքները սովորելու համար հատուկ ընտրված կենտրոններում։

Նախարարությունը պիտի նոր ներգաղթյալներին համապատասխան բնակարաններով ապահովի, որով նորաբնակը կվճարի բնակարանի արժեքը 30 տարվա ընթացքում ամենամսյա վճարումներով ՀՀ դրամով` գործող բանկային տոկոսադրույքներից ցածր տոկոսադրույքներով:

Վերոնշյալ առաջարկվող միջոցները նման են այն, ինչ անում է Իսրայելի «Ներգաղթի եւ Ինտեգրման» նախարարությունը՝ օգնելու հրեա հայրենադարձներին ներգաղթել եւ հաստատվել Իսրայելում: Լրացուցիչ մանրամասների համար ներկայացված է կայքը:

«Ալիյա» նշանակում է «հրեաների ներգաղթ դեպի իրենց նախնիների հայրենիք»: Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք նմանատիպ կարգախոս եւ նախարարության աշխատանքը կենտրոնացնենք պապենական հայրենիք վերադառնալու նպատակի վրա։

Մնացած գործունեությունները, ինչպիսիք են՝ Սփյուռքի դեսպան երիտասարդները, Ներուժը, Քայլ դեպի տուն, ամառային ճամբարները, հայոց լեզվի ուսումնասիրությունները եւ այլն, կարող են առաջ տարվել Սփյուռքում համապատասխան դեսպանատների միջոցով։

«Հայրենադարձության եւ Ինտեգրման նախարարությունից» բացի, Հայաստանի ողջ կառավարությունը կարող է աշխատել հստակ եւ կենտրոնացված տեսլականով 4 նպատակների կամ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Այդ 4 նախաձեռնությունների հետեւանքով, ավելի շատ սփյուռքահայեր ստանում են Հայաստանի քաղաքացիություն, վճարում են եկամտահարկի համարժեքները եւ ընտրում իրենց ներկայացուցիչներին որոշակի պայմանների հիման վրա։ Ավելի շատ սփյուռքահայեր աշխատում են Հայաստանի մասնավոր եւ պետական հատվածի կազմակերպություններում, եւ ավելի շատ սփյուռքահայեր ներգաղթում են Հայաստան։

Սարգիս ՅԱՐԱԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031