Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհուրդը Բայդենի վարչակազմին կոչ է անում քայլեր ձեռնարկել հայ պատանդներին ազատ արձակելու, Ադրբեջանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ

Հունվար 11,2024 23:43

Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհուրդն անցած շաբաթ միաձայն ընդունել է վերահսկիչ Քեթրին Բարգերի հայանպաստ միջնորդությունը, որն աջակցել է վերահսկիչ Հոլլի Միտչելը։

«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ նամակ-միջնորդությունը, որը ստորագրված է Լոս Անջելեսի վարչաշրջանի վերահսկիչների խորհրդի բոլոր անդամների կողմից, կոչ է անում ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմին՝ հստակ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ պատանդների ապօրինի կալանավորման հարցը լուծելու ուղղությամբ:

Միջնորդությունը նաև կոչ է անում Բայդենի վարչակազմին՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարության դեմ՝ համաձայն «Մագնիտսկու Մարդու իրավունքների պատասխանատվության գլոբալ ակտի», այն է՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների և պատանդների ապօրինի կալանավորման, խոշտանգումների և արտադատական ​​սպանության համար, ինչպես նաև դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի հատկացվող ռազմական և տնտեսական ամբողջ օգնությունը։

Ի հավելումն, միջնորդությունը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությանը՝ գործուն քայլեր ձեռնարկել 861-րդ բանաձեւի ընդունման հարցում (բանաձևը ներկայացված է կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից եւ վայելում է կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի և Գուս Բիլիրակիսի աջակցությունը), որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կերպով ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Հայ դատի հանձնախմբի Արևմտյան ափի աշխատակազմը և հայկական համայնքային այլ կազմակերպությունների անդամներ ներկա են եղել լսումներին՝ ի պաշտպանություն միջնորդության ընդունմանը։

Միջնորդությունը ներկայացվել է Ադրբեջանում անօրինական կերպով կալանքի տակ պահվող հայ պատանդների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և նրանց պահման պայմանների վերաբերյալ օրեցօր աճող մտահոգությունների լույսի ներքո։

Ադրբեջանի իշխանությունները համեմատաբար վերջերս ձերբակալել և կալանավորել են Արցախի նախկին նախագահներից երեքին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին։

ԱՄՆ Հայ դատի Արևմտյան ափի հանձնախումբը 2022 թվականին Բաբայանին շնորհել է «Ազատության» մրցանակ, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման սկզբնական օրերին Վարդանյանի հետ քննարկում է կազմակերպել:

Ադրբեջանն ապօրինի կերպով ձերբակալել է նաև քաղաքացիական անձանց, որոնց թվում է  68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից շտապ բուժօգնության նպատակով Հայաստան տեղափոխվելու ժամանակ։

«Սա պատասխանատվության մասին է, – ասել է նախաձեռնության հեղինակ Բարգերը: –Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք՝ մարդասիրական իրավունքի ոտնահարման համար։ Որպես մի երկրի ղեկավարներ, որը մեծ թվով հայերի տունն է բուն Հայաստանից դուրս, մենք պետք է անենք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է և օգտագործենք մեր ձայնը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և կոչ անենք վերադարձնել բոլոր հայ պատանդներին և ռազմագերիներին։ Մենք բարոյական պարտավորություն ունենք դա անելու։ Ես հպարտ եմ հայ համայնքի կողքին կանգնելու և համերաշխություն հայտնելու համար»։

«Ադրբեջանի և Հայաստանի ժողովրդի միջև հակամարտությունն ազդում է Լոս Անջելեսի վարչաշրջանի հայ համայնքի վրա, – նկատել է վերահսկիչ Միտչելը։ Հավելել է՝ մենք պետք է հստակորեն ասենք, որ մարդկության դեմ այս հանցագործությունները չեն հանդուրժվելու մեր կառավարության կողմից- «Մենք աջակցում ենք Բայդենի վարչակազմին՝ բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ կերպով վերադարձնելու համար Ադրբեջանի կառավարությանն ուղղված հորդորի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեւական խաղաղության լուծման ուղղությամբ աշխատելու հարցերում»:

Հայ դատի Արևմտյան ափի հանձնախումբը  կոչ է արել հայ համայնքին քայլեր ձեռնարկել՝ հորդորելու ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որպեսզի վերջիններս հրատապ և շոշափելի գործողություններ ձեռնարկեն՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից հայ պատանդների անօրինական կալանավորումը և պատասխանատվություն պահանջեն Ադրբեջանի՝ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031