Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք դեմոկրատիա չե՞ք ուզում…

Հունվար 14,2024 21:03

Դուք ինչ է՝ դեմոկրատիա չե՞ք ուզում, դուք դեմոկրատ չե՞ք…

Մտածո՞ւմ եք… Արագացրեք, մենք շատ ժամանակ չունենք, ժամանակը, ինչպես գիտեք կամ լսել եք, փող է, թե՞ ձեզ փող պետք չէ… Ուստի կրկնում ենք՝ դուք դեմոկրատիա չե՞ք ուզում, դուք դեմոկրատ չե՞ք… Դարձյա՞լ եք հապաղում…

Օ քեյ, ուրեմն մենք գալիս ենք ձեզ մոտ, գալիս ենք ձեզ դեմոկրատացնելու, որպես առաջին քայլ՝ գալիս ենք քարոզչությամբ, բլիթներով, հյութերով, քաղցրավենիքով ենք գալիս։ Բայց եթե շարունակեք համառել, ժամանակ ձգել՝ ձեզ վրա արդեն կուղղվեն մեր թնդանոթների փողերը, այնպես որ՝ արագացրեք…

Ի՞նչ, դուք ձեր պատկերացումնե՞րն ունեք… Ծիծաղեցրիք, այ թե ծիծաղեցրիք… Նրանք իրենց պատկերացումներն ունեն, էլ ոնց կլիներ… Այս ի՞նչ տարօրինակ են այս մարդիկ, իրենց համար ես անում՝ չեն ուզում, համառում են… Ձեր լավն ենք… ուզում, չէ՞, սա ակնառու է, ուստի մենք մեղք ունե՞նք, որ դուք չեք ուզում հասկանալ, ոտքներդ կախ եք գցել՝ այսպես ասած… Քաղաքակրթության առաջընթացի՞ն եք խոչընդոտում… Դե գիտե՞ք, սա արդեն աններելի է։ Մի նեղացեք, բայց մեր թնդանոթներն արդեն իսկ ձեզ վրա են ուղղվում, մեր ինքնաթիռները, մեր նավերը… Այո, ի՞նչ արած, ինքներդ եք ստիպում։ Կասկածո՞ւմ եք, մե՞զ, մեր ծրագրերի՞ն, մեր գաղափարների՞ն… Զգուշանո՞ւմ եք… Դե ասում ենք, չէ՞, ասում ենք, որ բարբարոս եք, հնին կառչած բթամիտ բարբարոսներ։ Ժամանակ չկա, նայեք, թե ինչ վիճակում է մեր մոլորակը, մեր կենսոլորտը… Հո մե՞նք չենք արել, դո՛ւք եք հասցրել այս վիճակին, ձեր համառությամբ, ձեր բթությամբ։ Ի՞նչ, մե՞նք ենք աղտոտում, մեր արտադրությո՞ւնը, մեր մեքենանե՞րը, մեր ինքնաթիռնե՞րը, նավե՞րը, թնդանոթնե՞րը… Հարգելիս, ականջներիդ օղ արեք, մեր արտադրությունը մաքուր է, անվնաս, ինչպես նորածնի շնչառություն, մեր թնդանոթները կրակում են՝ իսկի ծուխ դուրս չի գալիս… Այդ դուք եք՝ ձեր քարանձավային արտադրությամբ… Չեք արտադրո՞ւմ, ոչի՞նչ, համարյա՞ ոչինչ… Հոգ չէ, մե՛նք կանենք, կանենք՝ ձեզ էլ կտանք ինչ-որ բան, կօգնենք, բա իհարկե՞… Հասկացեք, ձեր փրկությունը գլոբալացումն է, գլոբալացում, ազատականացում, դեմոկրատիա… Բացեք ձեր սահմանները, բացեք, մի վախեցեք… Դարձյալ կասկած ու վախ եմ տեսնում ձեր աչքերում… ասեք, ասեք, մի պահեք… Նեոգաղութարարությո՞ւն…  Վաուուու՜, այս ինչ եք խոսում, հարգելիս, կատարյալ անմտություն է, ո՞վ է լցրել ձեր գլուխը, ինքնուրո՞ւյն, չեմ կարծում։ Չկա այդպիսի բան, վաղուց վերացած է։ Չնեղանաք, բայց դուք պարզապես բութ կոճղ եք՝ գլուխը հատած, բայց արմատերը դեռևս հողում պահած փտող կոճղ…

Ի՞նչ եղավ, է՛, նեղացա՞ք, չէ՞, հոգնեցի՞ք…  Լավ, փոքրիկ ընդմիջում անենք։ Ահա, թարմացնող ըմպելիք, համբուրգեր, պիցցա, քաղցրավենիք… ընտրեք, վայելեք։ Աշխուժացա՞ք։ Օ քեյ, շարունակում ենք։

Ապա լսեք՝ դեմոկրատացում, ազատականացում, գլոբալացում… պատկերացնելով լսեք, այսինքն՝ լսելով պատկերացրեք… Հզոր է, չէ՞, խենթացնող է, չէ՞… Իսկ դուք ասում եք… Ի՞նչ էիք ասում… Ոչի՞նչ… Կեցցեք, խելքի եք գալիս ոնց որ։ Ուրեմն, կրկնեմ՝ լիբերալ դեմոկրատիան, գլոբալացումն այլընտրանք չունեն, մի տանջեք ձեզ մտածելու վրա, մենք արդեն մանրամասնորեն մտածել, ճշտել-ճշգրտել ենք, մեր առաջարկածը… Պարտադրանք չէ, առաջարկ է, չշփոթեք, թնդանոթներով ուղեկցվող, այո, բայց այդ թնդանոթները վաղը կարող են նաև ձերը դառնալ, պատկերացնո՞ւմ եք, հրաշալի է, չէ՞, գուցե ինքնաթիռ էլ տանք… Ուստի, մեր առաջարկը նախևառաջ ձեր փրկության համար է, հենց ձեր շահերից է բխում… Եղբայր, խցկվել, լռվել-մնացել եք ձեր ազգային պատյանների մեջ, ինչների՞դ է, լավ մտածեք, դուրս եկեք ու լավ մտածեք՝ ինչների՞դ է, ի՞նչ է տալիս… Իսկ մեր առաջարկն ամեն ինչ է տալիս, վայելե՛ք, սպառեք։ Թե չէ՝ ազգ, հայրենիք, երկիր, պատմություն, առասպել, ավանդույթ… Ծիծաղելի է… Չէ՞… Ծիծաղելի է, ծիծաղելի, դուք մեր բարձունքից եթե նայեք՝ կտեսնեք, որ ծիծաղելի է։ Քիչ էլ մնա՝ կասեք եկեղեցի, աստված… Ասացիք արդեն, աչքերից եմ տեսնում, նույնիսկ խաչակնքեցիք մտովի։ Կփռթկամ հիմա։ Աստված կա, չկա… թողեք այդ անպտուղ մտահուզական չարչարանքը, մոռացեք աստծուն, ազատ եղեք։ Մարդու, անձի ազատություն, սա՛ է կարևոր, սրան ոչինչ չպետք է խոչընդոտի՝ եթե ուզում ես երջանիկ լինել։ Քեզնով զբաղվիր, եղբայր, քո կարիքներով, քո հոգսերով, սիրիր, կին սիրիր, տղամարդ սիրիր, կուզե՞ս՝ այծ սիրիր, հորթուկ, խոճկոր, լավն է, չէ՞, խոճկորիկը, վարդագույն, թմբլիկ, կուզե՞ս՝ պլաստիկ մարմին սիրիր, փչովի… Քո գործն է, քո անձնական խնդիրը, քո ինտիմը, և ոչ ոք թող քիթը չխոթի իր հոտած, կեղծ բարոյապաշտական նկրտումներով, եթե խոճկորը դեմ չէ, այծը դեմ չէ՝ խնդրեմ, սիրիր, ոչ ոք քեզ դատելու իրավունք չունի։ Վերջապես կարող ես սեռդ փոխել, մի խոժոռվիր, պատկերացրու, պատկերացրի՞ր… հրաշք է, չէ՞, երեկ տղամարդ էիր, այսօր՝ կին, տղամարդկային հաճույքները վայելել ես, հիմա էլ, խնդրեմ, կնոջային հաճույքները վայելիր․ ընդգրկուն ապրիր, լիարյուն, ասա՝ ես ցանկանո՛ւմ եմ, ես կարո՛ղ եմ, և արարի՛ր…

Բթացար մի տեսակ… Վերցրու այս հաբը, կուլ տուր…

Սթափվեցի՞ր… Դե լավ է… Թե չէ՝ աստված, Սատանա… Մոռացիր, չկա, վայելիր այն, ինչը կա, ինչը հնարավոր է, իսկ հնարավորություններիդ սահմանը մենք կընդարձակենք, համոզված եղիր, մենք կտանք քեզ լայն սպառման ազատությունը՝ վերցրու, սպառիր, վայելիր, զվարճացիր… Հետևեք մեզ, գրողը տանի, ինքներդ չեք ըմբռնում՝ մեզ հավատացեք, իսկ եթե չեք ուզում հավատալ՝ մեր… Մի սարսափիր, կատակում եմ, առայժմ։ Սակայն նայիր, թե ինչ նրբագեղ են մեր թնդանոթները, կատարյալ ֆորմաներ, գրաֆիկա, դիզայն… ուտելու բան… Ուզես՝ դու էլ կունենաս, ասել եմ արդեն, կտանք՝ եթե մեր թիրախները համընկնեցնենք։ Բա ո՞նց, թե չէ կպել ես քարերիդ, ասում ես՝ հարազատ են, իմն են, պապս է էստեղով անցել, նահապետս է էստեղ աղեղ ձգել՝ նետ արձակել… Պոկվիր, ազատվիր, մոռացիր՝ միֆեր, պատմություն, աստվածներ… Չէ, եթե շատ է կպած սրտիդ, դիր մի տեղ դարակների վրա, թող մնա, որ չտառապես, խաղաղվիր, էնտեղ են, թարեքներին ծերտի պես կպած, փոշիների մեջ, ծերանաս՝ կհանես, կպաչպչես, եթե ուզես իհարկե, բայց էլ չես ուզի, հավատա, զոմբին… Զոմբի՝ լավ իմաստով, այդպես մի նայիր… Օ քեյ, ուրիշ բան ասեմ՝ կոսմոպոլիտ, լավ է, չէ՞, ո՜նց է հնչում՝ ազատական կոսմոպոլիտ, աշխարհաքաղաքացի, աշխարհի անցուդարձի մասնակից… Անցիր-դարձիր, եղբայր, քեզ տալիս ենք այդ հնարավորությունը, գնա, շրջիր, որտեղ հավանեցիր՝ կանգ առ, մնա, ձանձրացա՞ր՝ նորից գնա, նորը տես… Այո, մաքրիր ներսդ հնամենի աղբից, տեղ ազատիր նորի համար, վայելքների, հարմարավետության համար․ արի մեզ մոտ, հիվանդ, արի մեզ մոտ, քաղցած, արի մեզ մոտ, հոգնած, կբուժենք, կկերակրենք, կզվարճացնենք, սպառիր, սպառիր, սպառիր…

Ընտանի՞ք… Դեհ… կարելի է, այո, ինչո՞ւ ոչ, ընտանիք… Բայց դե… Էլի հին պատկերացումների գերին եք մնում՝ կին, ամուսին, երեխա, ծնող, զառամյալ տատեր-պապեր, շռաններ-քաքլաններ, անդադար միմյանց վզից կախ, լալկան, բողոքող-պահանջող… Ինչների՞դ է, ազատ ապրեք, էլի։ Ի դեպ, միասեռական ամուսնությունը կարող եք փորձել, նվազ հոգսաբեռն է…

Ապուշացաք ոնց որ… Հոգնեցի՞ք, դարձյա՞լ… Օ քեյ, հանգստացեք, ընդմիջում արեք, ահա՝ էներգետիկ ըմպելիք, արագ պատրաստվող կերակուր… Չաղացնո՞ւմ է… Ծիծաղելի բան եք ասում, պարոն, կաշի-ոսկորն է մնացել, դո՞ւք եք, որ չաղանալուց պիտի զգուշանաք, վերջապես չաղն ի՞նչ վատ է, չաղ ու բախտավոր՝ ձեր խոսքը չի՞… Դե կեր, խմիր, հարգելիս, ամրացիր, առույգացիր, որ էլի զրուցենք, դեռ ահագին տաշել-տաշտշելու տեղեր ունեք։ Տեսնո՞ւմ եք, թե իմ թանկագին ժամանակը ոնց եմ շռայլում ձեզ վրա, գնահատե՛ք։

Պոպուլի՞զմ…  Դա՞ որտեղից մեջտեղ բերեցիր, գլուխդ լեցուն է կարծրատիպերով, մնում-մնում՝ ինչ-որ բան դուրս ես նետում…  Դե… կա, այո, կա, մերօրյա քաղաքականության ակտիվ դրսևորումներից է… Սակայն արատ չէ, գործիքակազմ է։ Առհասարակ՝ պիտի քննվի ստի էությունը, նոր մոտեցմամբ, այո, նոր, առաջադիմական մոտեցմամբ․ հին կաղապարվածք է՝ թե սուտը սուտ է և վատ է բոլոր դեպքերում, և թե ճիշտը ճիշտ է և լավ է բոլոր դեպքերում, թե ճիշտը պիտի գովերգվի, սուտը պիտի պախարակվի, խարանվի ու նման բաներ։ Հարկավոր է հասկանալ, թե խոսքը ինչ ստի մասին է, որ ստի, տարբերակել է պետք, կա սուտ և կա՝ սուտ։ Վերջապես ի՞նչ է ճշմարտությունը, ինչ մի անանց արժեք է, որի համար կուրծք եք ծեծում… Այստեղ ևս, անշուշտ, անհրաժեշտ է հաշվի առնել ազատությունների սկզբունքը, յուրաքանչյուրի ազատ մեկնաբանության իրավունքը՝ թե՛ այսպես ասած ճշտի, թե՛ այսպես ասած ստի դեպքում։ Կարծիքները տարբեր են, հաճախ՝ դիամետրալ, սակայն պետք է հարգվեն հավասարապես։ Այնպես որ՝ սուտը կարող է ճիշտ լինել, ճիշտը՝ սուտ, նայած ով և որ կողմից է դիտարկում խնդիրը, նաև, որ շատ կարևոր է՝ հանուն ինչի, կարող է լինել սուտ՝ հանուն ճշմարտության, կարող է, չէ՞…

Պատմությո՞ւնը… պատմությունն էլ նույն առաջադիմական մոտեցմամբ պիտի դիտարկվի, նորովի։ Կա, այո, կա մարդկության և թե բնության պատմության մի ինչ-որ ամորֆ առանցք, բայց դա չպետք է խոչընդոտ լինի, հո գերին չե՞նք, կրակը չե՞նք ընկել։ Չէ, պատմությունները պիտի վերանայվեն, վերագրվեն, արդեն իսկ վերագրվում են, մենք պետք է տեսնենք՝ որքանո՞վ է պատմական այս կամ այն անցքը համապատասխանում, ծառայում մեր դեմոկրատական, ազատական, գլոբալական գաղափարներին ու ծրագրերին, պետք է ճշտվի, այո, այդպես մի նայեք, պիտի ճշտվի, ճշգրտվի… Ստվի՞… Դե մենք արդեն խոսեցինք, չէ՞, որ սուտը ճիշտ է և ճիշտը սուտ, պատմությունը պետք է ճկուն գործիք լինի և ծառայի՝ ըստ իրադրության, իրադրությունը փոխվե՞ց, ուրի՞շ լուծում պահանջեց՝ կարելի է նորից ճշտել, հանուն խաղաղության, տոլերանտության, հանուն մարդու բարեկեցության, հանուն մարդու ազատությունների և իրավունքների…

Թվային մա՞րդ… Այ թե հնարել եք, սիրում եք պիտակել… Սակայն, թեկուզ այդպես, այո, թող լինի՝ թվային մարդ, ի՞նչ է եղել… Չի խճճվի, չէ, մի վախեցեք, որովհետև թիվը, օ՜, թիվը հրաշք է, հրաշալի վերացարկություն, որ ունակ է ռեալ մեծ գործեր կատարել, նոր, առաջավոր, ապագային միտված։ Այ դուք ասում եք՝ բառն էր ի սկզբանե և այն աստծուց էր, իսկ թիվը հետո էր ու՝ Սատանայից, ասում եք, չէ՞… Սակայն մենք վստահ ենք՝ նախ թիվն էր, մարդը խոսելուց առաջ հաշվել է կարողացել, առանց խոսելու կապրեր, առանց հաշվելու՝ ոչ, այնպես չէ՞, ապա մտածեք… Թե չէ ասում եք՝ թվերի մեջ խճճված, էկրաններին սևեռված… Հա, ի՞նչ վատ է, մարդը շփվում է, տեղեկանում, խաղում, ինտելեկտը հարստացնում, դաստիարակվում նաև… Ուղղորդվո՞ւմ… Դեհ, անկեղծ լինենք, երբեմն ահրաժեշտ է, չուղղորդես՝ սխալ ուղղությամբ կգնա, խնդիրներ կունենանք… Նայեք, նայեք նրան, ինքնամոռաց սոսնձված է, չես պոկի, ձեռքից առնես՝ կխելագարվի, բայց ինչո՞ւ առնես, նայեք՝ ինչ երջանիկ է… Նոր մարդն է, ժողովրդավարության, ազատականության, գլոբալացման պրոդուկտ, աշխարհաքաղաքացի։ Նոր մարդը առաջադիմած մարդն է, նա չունի արմատներ, կտրել-ազատվել է, նա հասկացել է, որ ազգայինը երկրորդական է, ազգային ինքնագիտակցություն, ազգային պետություն կոչվածը՝ ծիծաղելի հետամնացություն, կարևորը ազատությունն է, ինքն է կարևոր, իր գոյությունը, իր հարմարավետությունը, սպառման իր հնարավորությունները։ Անտարբեր եսակենտրոն չէ, սխալվում եք, պարզապես քիթն ամեն տեղ չի խոթում անտեղի, բայց պետք եղավ՝ կարող է պայքարի ելնել, աղաղակել՝ «ո՛չ կենսոլորտի աղտոտմանը», «ո՛չ պատերազմին»… Ասեմ սակայն, որ, ցավոք, դեռևս հանդիպում են դեպքեր, երբ առանց պատերազմի ուղղակի անկարելի է, երբ պատերազմը պարզապես անհրաժեշտություն է։ Եվ մեր նոր մարդը հասկանում է դա, կողմ է նման անհրաժեշտությանը, նա գիտակցում է՝ կա պատերազմ, և կա՝ պատերազմ, պատերազմ, որը դեմ է պատերազմին, տարբերել է պետք, կա պատերազմ, որն անհրաժեշտ է՝ որպեսզի չլինի պատերազմ, կռահեցի՞ք… Տեսնում եմ՝ սկսել եք կռահել…

Ի՞նչ եղավ, հարգելիս, ինչո՞ւ արցունքվեցին ձեր աչուկները… Օ մայ գադ, այս ի՜նչ սենտիմենտալ են այս հին ազգերը…

Դե մի լացիր, մի լացիր, սիրելիս, ամեն բան լավ է լինելու… Այս մի հաբն էլ ընդունիր, տես ոնց ես թեթևանալու, ընդունի՛ր… Անուուո՜ւշ… Հիմա գլուխդ դիր մեր լայն կրծքին… Դի՛ր՝ ասում եմ… Եվ մենք կմաքրենք աղբը քո գլխից, այսպես ասած՝ ռեստարտ, ֆորմատավորում…

Թեթևանում ես, չէ՞… Դե ժպտա, ժպտա պստլիկս, տես մեր կրծքին փարված մյուսները ոնց են ժպտում, լայն ժպտա, միշտ ժպտա…

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031