Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադ Փափազյանի, Մասիս Աբրահամյանի մուտքի արգելքը վերացված է. դատարանը ԱԱԾ-ի դեմ ՀՅԴ-ականների հայցը բավարարել է

Հունվար 22,2024 18:40

Այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի եւ ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն՝ ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։

Ուշագրավ է, որ դատարանը որոշումը պետք է հրապարակեր հունվարի 25-ին, բայց հրատապ նիստ է հրավիրել:

Հիշեցնենք, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին անցած տարի ամռանն էին «Զվարթոնց» օդակայանում արգելել մտնել Հայաստան։

Նա էլ ԱԱԾ-ի դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ վերականգնելու Հայաստան մուտք գործելու իր իրավունքը։ Դատարանը որոշել է դռնփակ անցկացնել նիստերը, որի ժամանակ, ինչպես տեղեկացրել էր Փափազյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Ազգային անվտանգության ծառայությունը դատարան չէր ներկայացրել դաշնակցական գործչին անցանկալի անձ համարելու հիմքերը՝ դրանք համարելով հույժ գաղտնի տեղեկություններ:

Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուց երկու օր անց կառավարությունից պարզաբանել էին, թե դաշնակցականը 2021-ին եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Իսկ այդ ժամանակ ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ:

Դատարանի որոշումից հետո Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում բնակվող 26 հայտնի հայազգիներին, որոնք կոչ էին արել ՀՀ իշխանություններին վերացնել Փափազյանի մուտքի արգելքը՝ նշելով, որ պետք է արդարության զգացում ունենան. «Այդ արգելքը՝ ավելի քան մեկուկես տարի գործող, ոտնահարում է ոչ միայն նրա անհատական ​​իրավունքները, այլեւ դամոկլյան սուր է դնում սփյուռքի ազատ արտահայտման վրա։ 1915 թվականի ցեղասպանության ավերակներից դուրս եկած Հայաստանը բարոյական պարտք ունի ընդունելու փախստականների ժառանգներին՝ առանց խտրականության։ Վերադարձի իրավունքը կամ գոնե երկիր այցելելու կամ մնալու իրավունքը հայ ինքնության հիմնարար հիմնասյունն է, բացի ազատ տեղաշարժի տարրական իրավունքից։ Այն չի կարող վտանգի ենթարկվել խիստ քաղաքական նկատառումներից ելնելով, առանց որեւէ դատական ​​հիմքի եւ առավել եւս չի կարող օգտագործվել որպես հաշվեհարդարի միջոց: Մենք դա տեսել ենք նախկինում. նման թելադրանքները միայն անհարկի վնասում են Հայաստանի իմիջը, վնասում են երկրի շուրջ համախմբվածությանը, իսկ դրանք կենսական տարրեր են երկրի գոյատեւման եւ բարգավաճման համար:

Ներքոստորագրյալներս, անկախ որեւէ քաղաքական հայացքներից, Հայաստանի իշխանությունների կողմնակից են, թե ընդդիմադիր, խնդրում ենք վերանայել այս որոշումը եւ թույլ տալ Մուրադ Փափազյանին եւ տուժած սփյուռքի մյուս հայերին վերականգնել Հայաստան մուտք գործելու հնարավորությունը։ Այս դժվարին ժամանակներում կարեւոր է հնարավորինս վեր կանգնել քաղաքական հակադրություններից՝ համախմբելու ողջ հայությանը, ամրապնդելու ժողովրդավարությունը եւ նպաստելու ներդաշնակ հարաբերություններին: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մուրադ Փափազյանին եւ բոլոր նրանց, ովքեր կամայականորեն զրկված են իրենց ծագման հողով քայլելու իրենց պարզ իրավունքից։ Միասին մենք պետք է շրջենք այս էջը եւ վերակառուցենք ավելի ուժեղ ու միացյալ Հայաստանը»:

Այս խնդրագրի տակ ստորագրել են դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, պրոդյուսեր Ալեն Թերզյանը, անվանի իրավաբաններ, փաստաբաններ, պատգամավորներ, Լիոնի նախկին քաղաքապետ Ալեքսիս Գովչյանը, Փարիզի խորհրդական Շառլ Վիլնյովը եւ այլք:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031