Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություններն ո՞վ են, որ կասկածի տակ դնեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, նրանք պատասխան են տալու դատարանի առաջ»

Հունվար 29,2024 12:30

«Շատ ռեսուրսներ ունենք՝ այսօրվա իրավիճակից դուրս գալու համար։ Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են։ Մենք ունենք դուխ, կամք, իրավունք ու ունենք հզոր հաղթանակած բանակ։ Նույնիսկ 44-օրյա պատերազմում հայոց բանակը հաղթել է, մի քանի պետության դեմ է կռվել ու հաղթանակով դուրս է եկել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը։

– Պարոն Սարգսյան, Ալիեւը դարձյալ հոխորտում ու տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Պարզ էր, որ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը կանգ չէր առնելու, նորանոր զիջումներ էր պահանջելու հայկական կողմից։ Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում միայն զիջումներից ու կեղծ խաղաղությունից են խոսում։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ինչպե՞ս պետք է դիմակայել ադրբեջանական հռետորաբանությանը։

– Ադրբեջանն ինչ քայլեր արեց, մեր արտաքին գործերի նախարարությունը լուռ մնաց, ադեկվատ պատասխան չտվեց։ Ցեղախումբը մեզ տարածքային պահանջ է ներկայացնում, որի իրավունքը չունի։ Դարերով ապրած ժողովրդին, 10 հազար տարվա պատմություն ունեցող երկրին ո՞նց կարող է 1918 թվականին ստեղծված ցեղախումբը տարածքային պահանջներ ներկայացնել։ Խնդիրն այն է, որ անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները մինչ օրս միջազգային ոլորտում որեւէ իրավական գործընթաց չեն նախաձեռնել՝ սկսած ցեղասպանությունից, վերջացրած տարածքների հարցով։ Այս հարցերը պետք է քննարկվեին Հաագայի դատարանում, թող դատավճիռներ լինեին 1915 թվականի ցեղասպանության, Ադրբեջանի կողմից 1988 թվականին իրականացրած ցեղասպանության համար։ Չեն արել այդ աշխատանքը։ Հասկանալի է, որ Հաագայի դատարանի վճիռն ավելի շատ բարոյական նշանակություն ունի, բայց վախի մթնոլորտ է ստեղծում, թշնամին սկսում է վախենալ, որ ցանկացած պահի դա կարող է ի կատար ածվել։ Ունենալով իրավական փաստաթղթեր՝ չեն օգտագործել այդ հնարավորությունը, չեն բարձրաձայնել հարցերը, որ Լենինը Ջավախքն ու Նախիջեւանը հանձնեց, Պուտինն էլ՝ Արցախը։ Մենք միջազգային իրավական փաստաթղթեր ունենք, ըստ որի՝ Դաշտային ու Լեռնային Ղարաբաղը, Նախիջեւանը, Ջավախքը մերն է, բայց ոչ մի իրավական գործընթաց  չենք սկսել։ Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանի իշխանությունները պետության, պետականության, Հայոց բանակի, Հայաստանի հզորացման մասին չեն մտածել։

– Նիկոլ Փաշինյանն այս վտանգավոր թեզն է դրել շրջանառության մեջ, ասում է, որ ուզում են Հայաստանի լեգիտիմ սահմանները ձեւավորել։

– Այդ վտանգավոր թեզը մնալու է իրենց։ Ես զարմանում եմ, որ միջազգային հանրությունը լուռ է մնում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները Հայաստանը հալած յուղի պես կատարել է, Ադրբեջանը ոչ մի պահանջ չի կատարել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ասվում է, որ զինադադարից հետո բոլոր զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնած էին։ Բայց իրենք առաջ եկան, բացի այդ ապօրինությունից, նաեւ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Մենք նրանց հակահարված չտվեցինք, եկան հասան Ջերմուկ։

– Փաստորեն, Հայաստանի իշխանության կողմի՞ց է կասկածի տակ դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս քաղաքականությունը ինչի՞ կհանգեցնի։

– Իշխանությունները թող իրենց վարած քաղաքականությունը կասկածի տակ դնեն։ Հայաստանի ինքնիշխան տարածքները դարերով գծվել են ու կան, եղել է ծովից ծով Հայաստան։ Իշխանությունները գալիս-գնում են, բայց Հայաստանը կանգուն մնացել է։ Իրենք ո՞վ են, որ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնեն, նրանք այդ իրավունքը չունեն, թող կասկածի տակ դնեն իրենց վարած քաղաքականությունը։ Նրանք վաղը-մյուս օրը պատասխան պետք է տան դատարանի առաջ՝ պետության, բանակի նկատմամբ իրենց վարած քաղաքականության համար։

– Հունվարի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել ականապատ տարածքների թվով 8 նոր տեղեկամատյաններ: Ըստ ԱԱԾ-ի՝ այդ տեղեկամատյաններն առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դուք տեղեկություններ ունե՞ք, նախկին զինվորականների նկատմամբ ԱԱԾ-ն ճնշումնե՞ր է գործադրում, որպեսզի այդ տեղեկությունը ստանան ու փոխանցեն ադրբեջանցիներին։

– Ես տեղեկություններ չունեմ, թե ԱԱԾ-ն ինչ ճնշումներ է գործադրում։ Այսօր Հայաստանում վխտում են շպիոններն ու դավաճանները, որոնք Հայաստան են ներթափանցել ու անօրինական գործողություններ են իրականացնում։ ԱԱԾ-ն թող բարի լինի զբաղվի դրանց բացահայտմամբ։ Պետության անվտանգությունը պետք է պահեն, որ պետության հիմքերը չխարխլվեն, իրենք պետք է պայքարեն արտաքին թշնամու դեմ։ Լավ են արել, տարածքներն ականապատել են։ Ադրբեջանի բռնապետը հոխորտում է, իրեն հաղթող է երեւակայում, ինչ ուզում, անում է, մենք էլ պետք է վախենա՞նք։ Ես բազմիցս ասել եմ՝ ինչո՞ւ մեր իշխանությունները թեկուզ խոսքով չեն վախեցնում Ադրբեջանին։ Պետք է դուխ ունենան, որ վախեցնեն, դուխ չունեն, կատու են։ Պետք էր հայտարարել, որ, օրինակ, մենք անմիջապես հարվածելու ու ոչնչացնելու ենք Բաքու-Ջեհյան նավթամուղը, եւ Ադրբեջանը կխառնվեր իրար։ Այսօր մեր տարածքները գրավել են, ցեղասպանություն են կատարել, զենք ունենք, ամեն ինչ ունենք, այս գործողությունները կարող ենք անել։ Մտածելու տեղիք է տալիս, վախեցնելու մեջ ի՞նչ կա, որ էս կատուները չեն վախեցնում Ադրբեջանին։ Եթե գոնե վախեցնեին, տարածքային պահանջներ չէին ներկայացնի Հայաստանին։

– Ինչո՞ւ չեն հակազդում կամ վախեցնում թշնամուն, գործարքի՞ են գնացել նրանց հետ, թե՞ այլ պատճառներ կան։

– Ես չգիտեմ, թե ինչ գործարքի մեջ են թշնամու հետ, բայց պետք է համարժեք պատասխան տալ։ Այս հզոր ազգին սարքել են մատաղացու գառ։ Չի կարելի այդպես, մենք հզոր եղել ենք, հզոր էլ կմնանք։

– Նախկինում հայտարարվել էր, որ ականապատ տարածքների քարտեզները ադրբեջանական կողմին են տրամադրվել հայ գերիների վերադարձի դիմաց։ Բայց այսօր միակողմանի քայլ է անում հայկական կողմը, դրա դիմաց գերիներ չեն վերադարձվում, համենայնդեպս, նման տեղեկություն չկա։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

– Նախ մեր իշխանությունները պետք է հետեւողական լինեին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ բոլոր գերիները վերադարձվեին։ Մենք տվեցինք բոլոր գերիներին, բայց իրենք չտվեցին, մի մասին պահեցին։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը չպետք է փակեին, Արցախն 9 ամիս չպետք է պահեին շրջափակման մեջ, բոլոր գերիները պետք է վերադարձվեին։ Ադրբեջանն անում է այն, ինչ ուզում է, որովհետեւ Թուրքիա կա մեջքին։ Իսկ եթե մերոնք միջազգային իրավական գործընթաց սկսեին, քթին տային մի երկու անգամ, թեկուզ խոսքով վախեցնեին, կվախենային։ Ինչո՞ւ չեն վախեցնում, եթե չեն անում, թող թողնեն գնան, մարդ կա, որ կարող է անել։ Մեզ ծնկի են բերել, նսեմացրել են, արդեն երեք տարի է՝ րոպե-րոպե վախեցնում են, ամբողջ ազգին հիասթափեցրել ու հուսալքել են, վախը հավատք է դարձել հայ ազգի համար։ Մարդիկ արդեն մտածում են Հայաստանում էլ չապրեն, լքեն երկիրը, որովհետեւ հավ Ալիեւն ասում է՝ «մտնում եմ Երեւան, Զանգեզուրն իմն է, Վարդենիսն իմն է», իսկ մենք լուռ նստել ենք։

– Այս իրավիճակից դուրս գալու համար ռեսուրսներ ունե՞նք։

-Այո, շատ ռեսուրսներ ունենք՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են։ Մենք ունենք դուխ, կամք, իրավունք ու ունենք հզոր հաղթանակած բանակ։ Նույնիսկ 44-օրյա պատերազմում հայոց բանակը հաղթել է, մի քանի պետության դեմ է կռվել ու հաղթանակով դուրս է եկել։ Միայն Ջաբրայիլն են ադրբեջանցիները գրավել՝ թուրքերի, Պակիստանի ու Իսրայելի աջակցությամբ։ Մնացած տարածքները նվեր են տվել՝ սկսած Քարվաճառից, վերջացրած մյուս տարածքներով։

– Բանակի ու զինվորականների շրջանում էլ են հուսալքություն տարածում, ի՞նչ տրամադրություններ ունեն ձեր մարտական ընկերները։

– Իմ զինակիցների հետ հունվարի 28-ին տոնելու ենք Հայոց հզոր բանակի օրը։ Բանակը հուսալքված չէ, ոչ էլ հիասթափված է։ Բանակը միշտ էլ պատրաստ է իր պարտականությունները կատարել եւ փառքով իր սուրը դնել պատյանը։ Հայոց բանակը կռվել է Հայաստանի ու Արցախի փառքի համար, ոչ թե փառքի իրավունքի։ Փառքի իրավունքը տրված չէ այն գեներալներին ու նախագահներին, որոնք թալանել ու ծնկի են բերել այս երկիրը։ Փառքը Հայաստանին ու Արցախին էր տրված, կռվում էին երկրի փառքի համար։

– Արցախի հարցը փակվա՞ծ է։

– Ոչ, Արցախը մերը եղել է, կա ու կմնա մերը։ Լեռնային եւ Դաշտային Ղարաբաղները եղել են, կան ու կմնան հայկական տարածք, այդ թվում՝ Նախիջեւանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031