Լրահոս
Օրվա լրահոսը

Զինանշան․ Պատմամշակութային դասընթաց իշխանավորների համար

Փետրվար 02,2024 17:12

Պիտակներից զերծ մնալու համար նախ ասեմ՝ ես քաղաքականության հետ որևէ առնչություն չունեմ, ՀՀ նախկին երեք նախագահների բացասական դերը հայ ազգի ճակատագրում ընկալում եմ լիովին, տակավին գնահատում եմ հեղափոխության արժեքները, ներկայիս իշխանությունից հիասթափություն եմ ապրում, հայ-առաքելական եկեղեցու հետնորդ եմ, սակայն Գարեգին Բ-ին չեմ ընդունում…

Եվ այսպես, փարատելով իշխանության վախերը, ստիպված եմ խոսել զինանշանի մասին և բացատրել «մեծարգո պարոններին», թե ինչու է պետք պարծենալ, այլ ոչ թե մտահոգվել այն հանգամանքով, որ ՀՀ զինանշանի պատկերում «ներկայիս Հայաստանը ջրի տակ է»:

Նախ` նշեմ, որ մեր զինանշանը խորը փիլիսոփայական գլուխգործոց է, որն ընկալելի է ողջ քրիստոնյա աշխարհի համար, այնուհանդերձ՝ անընկալելի մեր իշխանավորների համար, ուստի սկսենք ձեզ մտահոգող ամենաբարդ հատվածից. Արարատ լեռն ու Նոյյան տապանն Հայոց աշխարհից սկիզբ առած երկրագնդի ռեինկառնացիան՝ երկրորդ արարումը խորհրդանշող ամենահզոր հատվածն են, ինչն աներկբա է քրիստոնյաների համար, քանզի դաջված է Աստվածաշնչում և խորհրդանշում է Աստծո տապանով Արարատ ժամանած տիրոջ կամքի մեր ժառանգ հանդիսանալու հանգամանքը: Մեծամիտ է միգուցե, սակայն, բացառիկ ճշմարտություն: Ով կամենում է թող հավատա, որ ինքը կապիկից է առաջացել, իսկ ես համոզված եմ, որ Աստծո արարման արդյունք եմ:

Շարունակեմ՝ զինանշանի կենտրոնում վահան է, որը խորհրդանշում է իր հայրենիքը պաշտպանելու հայ ժողովրդի պատրաստակամությունը: Այն շրջապատված է մեր Հայոց պետականությունը վկայող չորս թագավորական տոհմերի՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների և Ռուբինյանների զինանշաններով:

Այսպիսով՝ Արարատ լեռն ու Նոյյան տապանը մատնանշում են, որ մենք կանգնած ենք աշխարհի հիմնադրման ակունքներում, չորս զինանշանները վկայում են միջնադարից եկած պետականության մասին, առյուծը և արծիվը ոչ թե մեր դաշտերում, սարերում և ձորերում ապրող կենդանական աշխարհի վկայակոչումն են, այլ խորհրդանշում են ժողովրդի իշխանության, ազատատենչության, արիության և անտոկունության ոգին: Սուրը խորհրդանշում է հայ ազգի վճռականությունը՝ պայքարել հանուն անկախության և ազատության: Փետուրը հայ ժողովրդի կողմից մարդկությանը պարգևած մտավոր և մշակութային գանձերի խորհրդանիշն է՝ ճարտարապետական կոթողներ, երաժշտություն, պոեզիա, գյուտարարություն և այլն: Ցորենի հասկերը հայ ժողովրդի ստեղծարար տաղանդն ու խաղաղասեր բնույթն են: Ջարդված շղթան խորհրդանշում է ազատություն և անկախություն: Ահա ինչու է մեր զինանշանն այդքան զայրացնում պատմության ակունքներից դուրս, արհեստական գոյակցության արդյունքում հիմնադրված երկրների սուլթանիկներին:

Զինանշանը Հայաստանի Հանրապետության անկախության հիմնասյուներից մեկն է՝ մեծն հանճարներ Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի էպոսը մեկ պատկերում, մեր հավատքին համարժեք սրբություն, քանզի Հայաստանը սոցիալական երկիր է և մեր պետության մեջ կարող են ապրել աթեիստներ և այլ հավատքներ դավանողներ, սակայն տեղ չունեն մեր հայրենիքում անկախության դեմ դավադրություններ իրականացնողները:

Իսկ դուք, պարոնա՛յք, ի՞նչ եք մտածում անել՝ Մերսեդես Ջ «յաշիկ» պատկերել զինանշանի վրա, որ առաջադեմ երևաք և նստել տա՞կը: Ահա, թե ինչու է մեր զինանշանի վրա միայն Հայաստանն իր Արարատ լեռով ջրից բարձր կանգնած և դա է պատճառը, որ հայ ժողովուրդը ենթագիտակցաբար պաշտում է Արարատը, իսկ Արագածը պարզապես նվիրումով սիրում:

Անկախությունից ի վեր իշխանավորները ջանասիրաբար քանդում և այլանդակում են Թամանյանի ժառանգությունը՝ Երևանը, սակայն նա մինչ օրս պահպանում է թեև տանջված, սակայն դեռևս հիասքանչ իր դեմքը: Հերթը հասել է զինանշանին՝ այդ բացառիկ տաղանդավոր մարդիկ համատեղ ստեղծել են մշակութային գլուխգործոց, որն ավելին է Ադրբեջանի բոլոր մշակութային արժեքներից, եթե, իհարկե, այդպիսիք առկա են ընդհանրապես:

Ի՞նչ է արել ձեզ Թամանյանը, որ իր թողած ժառանգությամբ պարծենալու և փառաբանելու փոխարեն, կացինն առել և հարձակվել եք վրան՝ կարծես թշնամու անտառում եք գտնվում: Ադրբեջանը դատարկ տեղը պատմություն է գրում իր համար, իսկ դուք ձեր եղածը ոչնչացնում եք:

Ցույց տվեք մի երկիր, որ իր զինանշանում այդքան խորը փիլիսոփայական ճշմարտություն է ընդգրկել, մատնանշեք ձեր Թամանյաններին և Կոջոյաններին, ովքեր հայրենիքի համար գոնե նրանց մոտ ավանդ են ունեցել, հետո միայն քննադատեք ազգային ժառանգությունը, պարոնա՛յք «Մեծապատիվ մուրացկաններ»: Այդքան պարա՞պ եք, երկրում այլ խնդիրներ չկա՞ն: Սա ի՞նչ սնահավատություն է, կախվում եք տառերից, բառերից և պատկերներից ու ձեր և նախկինների անճարությունը փորձում եք արդարացնել դրոշի գույնով, օրհներգի խոսքերով և զինանշանում առկա «անհաջող» պատկերներով:

Հոլիվուդյան կինոարտադրությունն ամեն օր Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչնչացնում է իր ֆիլմերում, սակայն արի ու տես այն աշխարհի թիվ մեկ երկիրն է: Տղե՛րք, լո՞ւրջ եք ասում, երկրի հզորացման գրավականն իրոք նրա խորհրդանիշների փոփոխության մեջ է: Ինչպես ժողովուրդն է ասում՝ կկուն հոտած է, գիտի թե բույնն է հոտել:

Չի կարելի հզոր երկիր ստեղծել, եթե չգիտես այդ երկրի պատմությունը և չես հասկանում նրա մշակույթը կամ հասկանալով ամաչում, միգուցե վախենում դրա մասին խոսել: Նույնիսկ Լենինն ու Ստալինը չեն կարողացել մեր զինանշանը զրկել Արարատից, հիմա դուք ի՞նչ եք անում, Թումանյանի կկվի պատմությունն ինչքա՞ն պետք է խաղաք մեր գլխին՝ մինչև հասկանաք, որ աղվեսը կացին չունի, իսկ եթե նույնիսկ ունի, ոչ թե ձագերիդ է պետք ցած նետել, այլ զենք է պետք գնել:

Վերջերս վարչապետն ասաց՝ փող ունենք, բախտ չունենք, միգուցե խելացի մարդկանց տեղ չեք տալիս, դրանի՞ց բախտներդ չի բացվում…

 

Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829