Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ և Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Սերժ Սարգսյանին վճարումներ, աշխատավարձ, գործուղում և այլ վճարումներ ՆԳՆ-ի կողմից չեն կատարվել»․ Վահագն Գրիգորյան

Փետրվար 07,2024 22:22

«ԱԱԾ և Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Սերժ Սարգսյանին վճարումներ, աշխատավարձ, գործուղում և այլ վճարումներ ՆԳՆ-ի կողմից չեն կատարվել»,- Սերժ Սարգսյանի եւ նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստի ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը։

Նա նաև ներկայացրեց, թե ինչ տվյալներ են իրենք ստացել, երբ հարցումներ են ուղարկել տարբեր կառույցների։ Հարցմանը, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ ժամանակահատվածում է բնակվել Ձորափի 74 հասցեում գտնվող առանձնատանը, ներկայացվել է գրություն առ այն, որ պաշտոնաթող նախագահն այդ հասցեում գտնվող առանձնատանը բնակվում էր նախքան «Կոնդի առանձնատների տնտեսություն» բյուջետային հիմնարկի ստեղծումը, իսկ այն ստեղծվել է 1995-ին։ Որպես իրավահաջորդ չի տնօրինում այդ հասցեում գտնվող առանձնատունը, այն հանձնել է 2018-ի հոկտեմբերին։

ՊՊԾ-ին ուղարկված հարցմանն ի պատասխան ստացվել է գրություն, որ Տերյան 66 հասցեում Սերժ Սարգսյանի բնակության վերաբերյալ ՊՊԾ-ում տվյալներ առկա չեն։

Սերժ Սարգսյանի մյուս ներկայացուցիչ Ամրամ Մակիյանը, դիմելով դատախազ Տիգրան Ենոքյանին ասաց․ «Ձեզ մոտ առկա տեղեկատվությունը բացառապես աշխատավարձերի մասին է։ Բայց դուք՝ հարգելի հայցվոր, լինելով պետական մարմնի աշխատող, ստանում եք այլ վճարումներ, որոնք աշխատավարձ չեն»։ Նա նաև նկատեց՝ մասնագիտական գիտելիքների կիրառման անհրաժեշտություն կա․ «Մեզ համար չենք ասում, դատախազի համար ենք ասում, այն մարդկանց համար, որոնք այդ հաշվարկների տակ ստորագրություն են դրել։ Ասում եք՝ Դուք վստահ եք այդ հաշվարկների մեջ։ Ձեր շահերից է բխում, որ երրորդ անձ ներգրավվի, և այդ թվերի պատասխանը տա։ Դատախազն ասում է՝ տարրական դպրոցական գիտելիքներ են պետք՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, միանգամից տասը տարվա կտրվածքով եկամուտներ ու ծախսեր են հաշվարկվում։ Որ հարց բարձրացնենք, թե այս տարի Սերժ Սարգսյանի եկամուտներն ինչքան են եղել, կասեք դատական նիստը հետաձգենք, գնանք տնտեսագետից հարցնենք։ Մենք էլ ենք ասում, որ հարցեր կան, որ տնտեսագետը պետք է պատասխանի, ոչ թե դատախազը, մենք կամ դատավորը»։

Դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց․ «Թյուր կարծիք է ձևավորվել, որ հաշվարկները կատարում է տնտեսագետը։ Նաև դատախազն է հաշվարկներ կատարում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829