ԵՊԲՀ դասախոս, բժիշկ-իմպլանտոլոգ Հովհաննես Կարապետյանը Հայաստանի առաջատար իմպլանտոլոգներից է, որը միավորում է գիտական հետազոտությունը, դասախոսական աշխատանքը և կլինիկական պրակտիկան։ Նրա մասնագիտական ուղին ապացուցում է, որ ստոմատոլոգիան կարող է լինել ոչ միայն բուժում, այլև նորարարություն և գիտական առաջընթաց։ Բժիշկ Կարապետյանը մշակել է նորարարական մոտեցում՝ հատուկ դեղամիջոց, որը հնարավորություն է տալիս բուժել խնդիրը առանց ատամները հեռացնելու։
Թեև բուժման ընթացքը դառնում է ավելի երկարատև, սակայն հիվանդները խուսափում են ատամների հեռացումից եւ կորուստից։ Այս մեթոդը արդեն կիրառվում է պրակտիկայում և խոստումնալից արդյունքներ է տալիս։ Նորարարական մեթոդը կայանում է հետեւյալում: Բժիշկ Կարապետյանը՝ բուժման նպատակով հատուկ դեղամիջոցների կոմպլեքս քառյակի օգտագործմամբ, ներթափանցում է արմատի շրջանի հյուսվածքը եւ առանց ատամը հեռացնելու վերականգնում հիվանդ ատամի արմատի շուրջ ախտահարված կամ քայքայված ոսկրային հյուսվածքը՝ արդյունքում ապահովելով նոր ոսկրային հյուսվածքի գոյացում։ Նրա գիտական հոդվածներում ներկայացված են այս մեթոդի կլինիկական արդյունքները, իսկ միջազգային կոնֆերանսներում ելույթները մեծ հետաքրքրություն են առաջացրել։ Այս ոլորտի շատ գործընկերներ հետաքրքրված են այս նորարարության կիրառմամբ իրենց երկրներում։ Բժիշկ Կարապետյանը պատրաստվում է այս նորարարության գիտական հիմնավորումները ներկայացնել մամուլում իրեն հասանելի տարբերակներով։ Սա իր առաջին հրապարակումն է։
Բժիշկ Կարապետյանն իր բազմաթիվ հրապարակումներում առաջ է քաշել իմպլանտալոգիայի բնագավառում փորձարարության կարեւորությունը եւ անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ձեռք բերված արդյունքները կիսելու եւ մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտության հարցը: Նա համոզված է, որ բերանի առողջությունը համաշխարհային առողջապահության առաջնային խնդիրներից է։ Նրա նորարարությունը կարող է դառնալ այլընտրանքային բուժման լայնորեն կիրառվող տարբերակ՝ բարձրացնելով հիվանդների կյանքի որակը և կանխելով առողջ ատամների կորուստը:
Կարդացեք նաև
– Ինչպե՞ս ընտրեցիք ստոմատոլոգիան և հատկապես իմպլանտոլոգիան։
– Միշտ վստահ եմ եղել, որ մարդու առողջությունն ու ինքնավստահությունը սկսվում են ժպիտից։ Իմպլանտոլոգիան ոչ միայն վերականգնում է կորցրած ատամները, այլև մարդու կյանքի որակը։ Սկսելով սովորական կլինիկական աշխատանքից՝ հասկացա, որ այս ոլորտը հնարավորություն է տալիս զարգացնել նոր մեթոդներ և համատեղել գիտական հետաքրքրությունն ու պրակտիկան։
– Դուք նաև դասավանդում եք։ Ինչպիսի՞ դեր է դա խաղում Ձեր մասնագիտական գործունեության մեջ։
– Գիտելիքը միայն այն ժամանակ արժեք ունի, երբ փոխանցվում է։ Դասավանդելով՝ ես հնարավորություն եմ ունենում կիսվել իմ փորձով և միաժամանակ նոր հարցադրումներ ստանալ ուսանողներից, որոնք հետագայում դառնում են հետազոտական գաղափարներ։
– Որո՞նք են Ձեր ամենակարեւոր ձեռքբերումները որպես իմպլանտոլոգ։
– Այսօրվա դրությամբ իմ ամենամեծ ձեռքբերումը կապված չէ միայն իմպլանտոլոգիայի հետ, այն վերաբերում է թերապեւտիկ ստոմոտոլոգիային։ Ինձ համար հնարավոր է դարձել համատեղել կլինիկական աշխատանքը գիտական հետազոտությունների հետ։ Սա թույլ է տվել մշակել նորարարական մոտեցումներ և դրանք անմիջապես կիրառել հիվանդների բուժման մեջ։
– Տեղյակ ենք, որ Դուք ներկայացրել եք նորարարական մեթոդ։ Կպատմե՞ք դրա մասին։
– Ատամների արմատային մասի հետ կապված խնդիրը բուժելու ժամանակ, որպես կանոն, հաճախ ստիպված ես լինում հեռացնել ատամը։ Ես հատուկ դեղամիջոցների կոմպլեքս՝ քառյակի, օգտագործմամբ՝ ներթափանցում եմ շուրջարմատային հյուսվածք եւ առանց այդ ատամը հեռացնելու վերականգում հիվանդ ատամի արմատի շուրջ ախտահարված կամ քայքայված ոսկրային հյուսվածքը։ Արդյունքում՝ ինձ հաջողվում է ապահովել նոր ոսկրային հյուսվածքի գոյացումը։ Սա շատ օգտակար է հատկապես այն առումով, որ ստիպված չես լինում հեռացնել առողջ ատամը եւ ինչպես որ նշեցի, ապահովում է նոր ոսկրային հյուսվածքի գոյացումը։
– Եվ ինչպե՞ս են արձագանքել Ձեր հիվանդները։
– Շատ դրական։ Նրանք գնահատում են, որ կարողանում ենք պահպանել իրենց բնական ատամները եւ ժպիտը։ Սա նրանց տալիս է ոչ միայն ֆիզիկական առողջություն, այլեւ, ինչն ամենակարեւորն է՝ հոգեբանական վստահություն։
– Իսկ ինչպիսի՞ արձագանքներ կան այդ ոլորտի այլ մասնագետների կողմից։
– Այսօրվա դրությամբ իմ կոլեգաներից շատերն, ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, հետաքրքրվել են եւ շարունակում են հետաքրքրվել: Շատերը ցանկացել են նաեւ կիսվել այդ տարբերակով։ Բայց իմ նորարարության թեման դեռ գտնվում էր քննարկման փուլում։ Ես կարծում եմ, որ այն շարունակություն կարող է ունենալ նաեւ գիտական քննարկման մակարդակով, որին չեմ բացառում, որ կներգրավվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի իմ գործընկերները եւ այս ոլորտի մասնագիտացված հաստատությունները։
– Ինչպե՞ս եք տեսնում այս մեթոդի ապագան։
– Ընդհանուր առմամբ զարգացման եւ կատարելագործման լայն հնարավորություն ունեցող։ Ես կցանկանայի, որ այն կիրառվեր ոչ միայն Հայաստանում, այլ արտերկրում՝ միջազգային մակարդակով։ Իմ նպատակը նաև այն է, որ այս փորձը փոխանցվի ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին, որ շարունակվի զարգացման և կիրառման գործընթացը։
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ



















































