Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի, այս հարցում կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը»․ Արտակ Բեգլարյան

Փետրվար 15,2024 11:43

«Մեր գլխավոր ասելիքն այն է, որ մեր հավաքական վերադարձի իրավունքը պետք է իրացվի։ Դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել, որի ուղղությամբ բոլորս անելիքներ ունենք»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի նախկին ՄԻՊ եւ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ Վաշինգտոնում մասնակցել էին Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 60 կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ցեղասպանության մանրամասներն ու հետևանքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև հորդորելով Կոնգրեսին կիրառել գործնական մեխանիզմներ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ արցախցիների հավաքական վերադարձն ապահովելու համար կարեւոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում»,- ասաց նա։

Ըստ Բեգլարյանի՝ ԱՄՆ-ում բարձրաձայնել են նաեւ Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի պատասխանատուներին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։

«Միջազգային հետաքննություն կամ Ադրբեջան պետության եւ կոնկրետ անհատների դեմ պատժամիջոցներ։ Նաեւ մշակութային ժառանգության հետ կապված հարցեր ենք բարձրաձայնել ու քննարկել տարբեր կազմակերպությունների հետ։ Գլենդեյլի քաղաքային խորհրդի նիստում ներկայացրեցինք իրավիճակը։ Եվ հենց մեր ներկայությամբ բանաձեւի նախագիծ ներկայացվեց, որը մեկ շաբաթ առաջ արդեն ընդունվեց Գլենդեյլի քաղաքային խորհրդի կողմից՝ շատ հստակ ուղերձներով, Արցախի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելով եւ նաեւ կոչ անելով ԱՄՆ ղեկավարությանը՝ համապատասխան պատժամիջոցներ կիրառել, մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին եւ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձն իր հայրենիք»,- հավելեց նա։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ ասաց․ «Այցը հստակ ուղերձ ուներ՝ ցույց տալու, ասելու, որ մենք չենք համարում, որ Արցախի թեման փակված է։ Մենք չենք համարում, որ Արցախի ժողովրդի մասին այլեւս չպետք է խոսել կամ նրա իրավունքների պաշտպանությանը չպետք է անդրադառնալ։ Ցավոք սրտի, կարծես տեսնում ենք, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին փակվում կամ անտեսվում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության օրակարգը։ Եվ խնդիր էր մեզ համար՝ թե ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին եւ թե ամերիկյան շրջանակների հասցնել այս կարեւոր ուղերձը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829