Այսօր վաղ առավոտյան Գյումրու Վարդանանց հրապարակից ազդանշաններ տալով՝ երթուղի դուրս եկան 8 նոր միկրոավտոբուսներ։



Կարդացեք նաև

«Բնականաբար ավելի որակով ենք սպասարկելու, մենք գիտենք այդ բացերը, հնարավորինս շատ շուտ կվերացնենք թերությունները, մեր անմիջական վերահսկողության ներքո երթուղիները կկարողանան սպասարկել, ժամանակին, որակով, տեղը տեղին մարդկանց հասցնել իրենց տները»,- ասաց քաղաքապետը։
Ըստ նրա՝ այն, ինչ հնարավոր է անել, որ քաղաքի ամբողջ տրանսպորտային ցանցը բարելավվի, իրենք անելու են։

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչ այդ նույն ՓԲԸ-ն, որի տնօրեն էր նշանակված ՔՊ-ի ներկայացուցիչ Գրիգոր Մաթևոսյանը, համայնքային բյուջե բացարձակապես գումար չէր վճարում։
Վարդգես Սամսոնյանը խուսափեց պատասխանել այդ հարցին՝ նշելով, որ չի կարող ասել, սակայն հիմա այլ պատկեր է, կհավաքեն փոխանցվող գումարն ու աստիճանաբար կթարմացնեն մաշվող տրանսպորտը։
1-2 ամսից Գյումրի կբերվեն նաև 5 էլեկտրական ավտոբուսները, իսկ հետագայում, ըստ քաղաքապետի, եթե համայնքային միջոցները բավարարեն, միկրոավտոբուսները կփոխարինեն էլեկտրական ավտոբուսներով, ու Գյումրին կդառնա էկոլոգիապես մաքուր քաղաք։
Վարդգես Սամսոնյանը նշում է, որ տրանսպորտային գնի փոփոխություն Գյումրիում չի լինի։ «Առայժմ սակագնի հետ կապված փոփոխություն չունենք, տա Աստված չունենանք, այդ 100 դրամը պահպանվի, մենք էլ կարողանանք մեր բնակչությանը սոցիալական օգուտ տանք»,-ասաց նա։
Հարցին, թե քանի՞ ուղևորի համար են նախատեսված միկրոավտոբուսները ու գործնականում քանի ուղևոր կտեղափոխեն, «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Անդրեասյանը պատասխանեց․ «16 ուղևորի համար է նախատեսված, բայց հուսանք, որ մեր վարորդներն ավելի բարեխիղճ կգտնվեն և կանգնած ուղևորներ չեն տեղափոխի։ Հուսանք, որ նոր միկրոավտոբուսներն ավելի բարեկարգ կսպասարկեն մեր ազգաբնակչությանը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































