Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես շնորհավորեմ, կամ հայցեմ թողություն, երբ նյութակրոն գաճաճներից չկարողացանք պաշտպանել ոչ կյանքդ, ոչ մեր հաղթանակներն ու Հայրենիքը

Մարտ 05,2024 10:14

ՎԱԶԳԵՆ ՍՊԱՐԱՊԵՏ,

ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՐ 65 ՏԱՐԵԿԱՆ։ Եթե հրաշք լիներ ու լինեիր՝ քո առնացի բազկով, ոգուդ զորեղությամբ, արծվի քո տեսողությամբ դու մեզ հետ լինեիր…

Շքեղաշուք, օծանելիքներով բուրող դահլիճներում չէիր նշի քո հոբելյանը։ Օրդ կսկսեիր Եռաբլուրում անմահացած զինակիցներիդ հետ հանդիպումով։ Ապա ընկերներիդ և արդեն զավակներիդ հետ կիջնեիր Զանգվի ձոր, ուր, ինչպես հաճախ, խոտերի վրա լավաշ, խաշած ձու, պանիր-կանաչիով սուփրա կբացեիք ու գինով կնշեիք ծնունդդ։ Օրդ կամփոփեիր Արարատում քո գերդաստանի հետ՝ ԳՐԵՏԱ ՄԱՅՐԻԿԻ ուսերին շաղ տալով ձեր երկուսի սիրած ձնծաղիկները…

Եթե հրաշք լիներ…

Եվ մենք, գուցե արդեն Արցախով միավորված Հայաստանի քաղաքացիներս՝ մեր տներում, բակերում, փողոցներում Երևանի, Շուշիի ու Ստեփանակերտի հրապարակներում տոն կտոնեինք, հերոսական պարեր կպարեինք, կենաց կխմեինք քո և ուժեղ Հայաստանի պայծառ գալիքի համար։ Համազարկեր կզարկեինք անառիկ մեր սահմաններին կանգնած Հայոց անպարտ բանակի պատվին,

ՍՊԱՐԱՊԵՏ։

… Եթե հրաշք լիներ։

Իսկ այսօր դահլիճում մի՝ օծված շքեղությամբ քողածածկ ատելությամբ, փոքրիկ մարդիկ քեզ գովեստի բառեր կասեն, քեզ հետ կապված հուշեր կպատմեն նաև նրանք, ովքեր խլեցին քո կյանքը մեզնից ու Հայաստանից, ովքեր փշրեցին ուժեղ Հայաստանի մեր երազանքը, ովքեր խորտակեցին «Ոսկե աշունների» մեր սպասելիքներն ու մեր 21-րդ դարը։

Եվ հիմա, ՍՊԱՐԱՊԵՏ, իրավասու չեմ ոչ շնորհավորանքի խոսքեր ասելու, ոչ՝ թողության։

Ինչպես շնորհավորեմ, կամ հայցեմ թողություն, երբ նյութակրոն գաճաճներից չկարողացանք պաշտպանել ոչ կյանքդ, ոչ մեր հաղթանակներն ու Հայրենիքը։

Երբ նույն գաճաճների ձեռքով Եռաբլուրում մեկեն հիշողություն դարձան կործանված Արցախն ու Հայաստանի հաղթանակները, երբ Եռաբլուրի վրա իջեցվեց Հայաստանի դրոշը։ Երբ այլևս փոխված է Եռաբլուրի երբեմնի խորհուրդը։

…Երբեմնի Եռաբլուրի…

Անահիտ ՔՆԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031