Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտվել ենք, որովհետեւ 30 տարի մեր բանակի վրա ներդրումներ չարեցինք, չզինեցինք…սովետական բանակի, ռուսական բանակի հին մարտավարություն է եղել». Գագիկ Ջհանգիրյան

Մարտ 05,2024 14:28

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հարցին՝ Սպարապետի ազատագրածը հանձնվում է թշնամուն ու մտահոգություններ կան, որ նոր կորուստներ կարող ենք ունենալ, ի՞նչ կարող եք ասել՝ պատասխանեց. «Դուք մոռանում եք, որ մենք պատերազմում պարտվել ենք, չէ՞, դա փաստ է, որ ՊԲ-ն, հայկական զինված ուժերը պատերազմում պարտվեցին եւ դրա համար էլ այդ տարածքներն անցան հակառակորդի վերահսկողության տակ: Երբ ձեր ներսում արձանագրեք, որ մենք պարտվել ենք, շատ հարցեր դուրս կգան»:

Հարցին՝ բայց մենք ինչի՞ ենք պարտվել, տարածքներ կան՝ մի գրչի հարվածով են տրվել հակառակորդին՝ Ջհանգիրյանը պատասխանեց. «Երբ պատերազմում պարտվում են, շատ բաներ հետո այլ կերպ է լուծվում: Մենք էլ հաղթող կողմ ենք եղել 30 տարի, պիտի հիշեք այն ժամանակ հակառակորդը մեր հենց ոնց էր շփվում, ով էր թելադրում իրավիճակը: Հաղթող կողմը թելադրում է: Ինչու ենք պարտվել, որովհետեւ 30 տարի մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չարեցինք, չզինեցինք ժամանակակից զենքով, տեխնիկայով, հակաօդային պաշտպանության միջոցները հին էին, ԱԹՍ-ների վրա համապատասխան ուշադրություն չդարձրեցինք: Մեզ թվում էր՝ ինչ-որ մեկը մեզ պիտի պաշտպանի եւ Ադրբեջանը չի կռվի մեր հետ, պատերազմ մեզ չի հայտարարի։ Պարզվեց, որ այդ բոլոր երաշխիքները, որոնք կային, սուտ են ու մեր բանակի՝ Կովկասում ամենաուժեղ, ամենահզոր լինելու մասին գնահատականները, որոնք ճիշտ էին 94-ից մինչեւ 97 թվականները, հետագայում այդ բանակի վրա երկրի ղեկավարությունը համապատասխան ուշադրություն չի դարձրել, այդ բանակ համապատասխան զենքով, տեխնիկայով չի զինել»:

Հարցին՝ եթե զենք չի եղել, Ադրբեջանն Արցախում ի՞նչ զենքեր է վերցրել՝ նա պատասխանեց. «Տանկեր, հրանոթային համակարգեր են եղել այնտեղ, որոնց մի մասը ժամանակին Հայաստանն է մատակարարել, մի մասը առաջին ազատագրման պատերազմի ժամանակ հենց ադրբեջանցիներից էինք վերցրել, հետո ժամանակակից սարքավորումներով համալրել: Վերցրել է, որովհետեւ ինքը հաղթել է: Ոչ միայն զենքի մասին է խոսքը, այլ նաեւ մարտավարության, մեր մարտավարությունը հին է եղել, սովետական բանակի, ռուսական բանակի մարտավարություն է: Էդ նույն մարտավարությամբ ռուսական բանակը Ուկրաինայում պարտվեց, հիմա նոր անցել են արեւմտյան ստանդարտների, փոքր խմբերով են գրոհում, այլ ձեւ են գրոհը կազմակերպում, դրա համար էլ պարտվել է»:

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, եթե բանակը պարտվել է, հայկական զինուժում պետք է ինչ-որ բաներ փոխվեն. «Իսկ միջազգային իրավական տեսանկյունից, երբեք որեւէ միջազգային կառույց, ՄԱԿ-ի որեւէ բանաձեւ չի ասել, որ Արցախն անկախ է»:

Դիտարկմանը, որ միջազգային կառույցները խոսել են ինքնորոշման իրավունքի մասին՝ Ջհանգիրյանը հակադարձեց. «Բայց նրանք ասե՞լ են, որ ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության նկատմամբ, ասե՞լ են»:

Հարցին՝ ըստ ձեզ Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները պատժվա՞ծ են՝ նա պատասխանեց. «Իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը: Հիմա նախաքննությունը վերսկսվել է այդ գործով, փառք Աստծո, արեք համբերենք: Հիմա մեր բոլոր պետական օպերատիվ քննչական, դատախազական մարմինները շահագրգռված են այդ հանցագործությունը մինչեւ վերջ բացահայտելու, հուսանք ամեն ինչ կպարզվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031