Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի հետ սերտ համագործակցությամբ Օտտավայում՝ Կանադայի ազգային պատկերասրահի դահլիճում փետրվարի 14-ին կայացել է հայ ազգային երաժշտության բացառիկ համերգ՝ դաշնակահար, կոմպոզիտոր, «Գրեմմի» մրցանակի առաջադրված Սէրուժ Գրաճեանի (Տորոնտո), թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի եւ քանոնահար Նարեկ Կազազյանի (Վանաձոր) մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էր ինչպես Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, այնպես էլ Կանադայում հավատարմագրված մի քանի տասնյակ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Կանադայի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ:

Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Կազազյանը նշեց, որ այդ նախագիծը պետք է իրականացվեր քովիդից առաջ, երբ Անահիտ Հարությունյանը դեռեւս Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր: «Մենք մի անգամ առիթ ենք ունեցել նվագելու երկրաշարժի 30–րդ տարելիցին նվիրված համերգին: Երբ քովիդի հետ կապված սահմանափակումներն ավարտվեցին, 2024թ փետրվարին կայացան մեր համերգները Օտտավայում եւ Տորոնտոյում: Ես եւ Աստղիկ Սիրանոսյանը առաջին անգամ էինք նվագում Սէրուժ Գրաճեանի հետ, իսկ մինչ այդ բազմիցս երկուսով հանդես ենք եկել տարբեր նախագծերում: Այնպես որ, յուրահատուկ տրիո ստեղծվեց: Երկու համերգներն էլ փայլուն անցան: Առաջին համերգի ունկնդիրը հիմնականում արտասահմանցիներից էր բաղկացած: Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը բարձր մակարդակով էր ամեն բան կազմակերպել, Կանադայում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանները ներկա էին մեր համերգին: Ինչ վերաբերում է ծրագրին, փորձեցինք անդրադառնալ միջնադարից մինչեւ մերօրյա կոմպոզիտորների, որպեսզի լիարժեք ձեւով ներկայացնենք հայկական երաժշտությունը»,-ասաց Նարեկ Կազազյանը: Քանոնահարի խոսքով, քանի որ տարին հոբելյանական էր, նաեւ Խաչատրյանի ստեղծագործություններից ու Ազնավուրի երգերից էին ընդգրկված ծրագրում:
Կարդացեք նաև

Հարցրինք՝ հնարավո՞ր է, որ երեքով՝ ինքը, Աստղիկ Սիրանոսյանը եւ Նարեկ Կազազյանը կրկին երբեւէ նախագծում միասին հանդես գան: Երաժիշտն ասաց, որ համերգների հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է եղել, եւ ինչ-ինչ գաղափարներ կան, որոնք առայժմ ձեռնպահ կմնա մանրամասնելուց: Նաեւ տեղեկացրեց, որ հունիսին Երեւանում կկայանա իր «Դաշնամուրային ֆանտազիա» խորագրով յուրահատուկ համերգը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նորարարության եւ երեւանյան գալիք համերգի մասին Սէրուժ Գրաճեանի հարցազրույցը՝ հաջորդիվ:




















































