Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բեսթսելերների հեղինակ հնդիկ գործարարը գիրք է գրել իր հայաստանյան արկածների մասին

Մարտ 21,2024 13:49

Հնդիկ գործարար, ժամանակակից գրող, Penguin Harper-Collins-ի հեղինակ Արջուն Կրիշնա Լալը Հայաստանում իր արկածների մասին պատմող «Կյանք, սեր, գինի» վերնագրով գիրք է գրել։ Գրքում բեսթսելերների հեղինակ Արջուն Կրիշնա Լալի՝ Հայաստանում անցկացրած երկու տարիների մասին պատմություններ են, որոնք ուղեկցվում են հետաքրքիր նկարազարդումներով:

Հնդիկ ժամանակակից գրողը, որն արդեն ավելի քանի երկու տարի Հայաստանում է, փաստում է՝ մեր երկրում իրեն տանն է զգում: Ասում է՝ հայերը շատ հյուրասեր են եւ սրտաբաց, նա նույնիսկ հայերեն է սովորել:

«Այս գիրքը, ըստ էության, իմ կյանքի պատմությունն է այստեղ՝ Հայաստանում: Բայց առանց այդքան շատ մարդկանց օգնության, աջակցության եւ սիրո, այդ պատմությունները կմնային մտքերի եւ հիշողությունների պատառիկներ իմ սեփական գլխում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ գտնվող իմ բոլոր ընկերներին և ծանոթներին. մենք այս բոլոր հիշողությունները միասին ենք ստեղծել»,-գրքում նշում է Արջուն Կրիշնա Լալը։

 

Անգլերենից գիրքը թարգմանել է Ռոզա Գրիգորյանը։ Խմբագիրը Արմինե Պետրոսյանն է, նկարիչը՝ Լուսինե Թահմազյանը։ «Այստեղ դու կարող ես գտնել Երեւանի եւ հայկական այլ քաղաքների ու գյուղերի պատկերներ, բայց այս գիրքը մեր տեսարժան վայրերի ուղեցույցը չէ, այլ հեղինակի ապրած զգացողությունների համագումարը»,-գրում է գրքի խմբագիր Արմինե Պետրոսյանը։

Գրքի թարգմանիչ Ռոզա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է. «Արջուն Կրիշնա Լալի հետ ծանոթացել ենք մեկ ու կես տարի առաջ: Նա ինստագրամով ինձ գտել էր եւ առաջարկել իր PR-ով զբաղվել: Երբ սկսեցինք խոսել, մտածեցինք միասին մի ռազմավարություն, որի շրջանակում Արջունը իր՝ Հայաստանում ունեցած արկածների մասին պետք է ներկայացնի իր՝ ինստագրամի էջում, պատմի հետաքրքիր վայրերի, մարդկանց մասին, իր կյանքի մասին ինչ-ինչ դրվագներ ներկայացնի: Եվ երբ մեծ քանակի պատմություններ հավաքվեցին, գիրք ստեղծելու միտք առաջացավ»:

Ռոզա Գրիգորյանի ձեւակերպմամբ, Արջուն Կրիշնա Լալը շատ է սիրում Հայաստանը, ուզում է ինչ-որ լավ բան անել այստեղ: Նա տեղեկացրեց, որ համաշխարհային հայտնի հրատարակչություններ արդեն իսկ անգլերեն հրատարակել են Արջուն Կրիշնա Լալի մեկ այլ գիրք՝ Wicked Games-ը, որը վաճառքի բարձր ցուցանիշներ է գրանցել Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Հնդկաստանում:

Այժմ Արջունը որոշել է Հայաստանում գործունեություն ծավալել, աշխատել, հարկեր վճարել: Նա ստեղծել է նոր կազմակերպություն, որը կզբաղվի Հայաստանում հնդիկների իրավունքներով եւ տարատեսակ խնդիրների լուծմամբ:

Ռոզա Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ գրքի շնորհանդեսը կկայանա ոչ միայն Երեւանում՝ «Զանգակ» գրատանը, այլեւ մարզերում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031