Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային hub, ունիվերսալ արվեստանոց, հարթակ երիտասարդ արվեստագետների համար՝ Գեղագիտության ազգային կենտրոնի նոր դիմագիծը

Մարտ 22,2024 13:30

 Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը «փակագծեր» է բացում

«Անցյալ տարի հայտ ներկայացրինք, մասնակցեցինք դասընթացների եւ վերապատրաստումների: Շատ ուրախ էինք, որ դրամաշնորհ ստացողների ցանկում էր նաեւ Գեղագիտության ազգային կենտրոնը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, ճանաչված ռեժիսոր Վահան Բադալյանը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ՝ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Գեղագիտության ազգային կենտրոնը մեկն է այն հաստատություններից, որին այդ նպատակով դրամաշնորհ է տրվել:

«Արդեն երկու-երեք տարի է՝ իմ մտքում կա Մանկական արվեստի թանգարանը վերջապես իր նախկին համբավին վերադարձնելու գաղափարը: Մենք դրա համար ֆինանսական միջոցներ էինք փնտրում, բարեբախտաբար համընկան այս նախագիծն ու իմ գաղափարը: Շատ ուրախ եմ, որ ստացանք դրամաշնորհ, «Կատապուլտը» մեզ աջակցում է տեխնիկական մասով»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց նաեւ ծրագրի շրջանակում անցկացված դասընթացների կարեւորությունը. «Ուզում եմ կարեւորել դասընթացները, մեր առցանց հանդիպումները՝ աշխարհի լավագույն թանգարանների, մշակութային կառույցների ներկայացուցիչների հետ՝ թե փորձի փոխանակման, թե տեղեկատվության եւ նյութերի տրամադրման իմաստով»:

Վահան Բադալյանը ներկայացրեց, թե ինչ են անելու իրենք. «Վերջապես երկար բարդություններից հետո Սայաթ-Նովա փողոցի կողմից ազատվեցին մեր բոլոր այն տարածքները, որտեղ խանութներ էին: Շատ շուտով շինարարական աշխատանքներ կսկսվեն, խանութների միջնորմները կբացվեն, եւ Սայաթ-Նովա փողոցի կողմից վերջապես մեր թանգարանը նորից կերեւա: Դրան զուգահեռ թանգարանի մի հատվածը, որտեղ նախկինում սրճարան էր գործում, կդառնա մեր մշակութային hub-ը: Այնտեղ հանրության համար կունենանք շատ հետաքրքիր անկյուն՝ իր գրադարանով, կրթական եւ մշակութային ծրագրերով, նաեւ ունիվերսալ արվեստանոց ենք հիմնել: Այդ արվեստանոցում յուրաքանչյուր շաբաթ-կիրակի, կամ շաբաթվա կոնկրետ օրերի կներկայացնենք տարբեր վարպետության դասեր, որոնք մեր կենտրոնում դասավանդվող ուղղությունների հետ են առնչվում՝ թղթարվեստ, ձեռարվեստ, գեղարվեստական տպագրություն, խեցեգործություն եւ այլն… Այդ ծրագրերը բաց կլինեն բոլոր նրանց համար, ովքեր ժամանակ չունեն երեխաներին երկարաժամկետ բերել մեզ մոտ սովորելու: Կարծում եմ՝ այդ մշակույթը եւս պետք է զարգացնել Հայաստանում: Այն, ինչ մենք կառաջարկենք, վստահաբար շուկայում չկա. մեզ մոտ լավագույն մասնագետներն են դասընթացները վարելու, մոտեցումները շատ տարբեր են լինելու, դա ուղղակի ժամանց չի լինելու, գիտելիք, մշակույթ փոխանցելու համադրություն ենք փորձում մտածել»:

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ այս տարի եւս Գեղագիտության ազգային կենտրոնը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց թվում է առաջիկայում մեկնարկելիք «Մշակութային խաչմերուկը». «Բացի մեր հիմնական առաքելությունից՝ փորձում ենք նաեւ երիտասարդ արվեստագետների, մշակութային դաշտի համար հետաքրքիր հարթակ դարձնել մեր կենտրոնը: Այդ նախագծի շրջանակներում Հայաստան կժամանեն արվեստագետներ Վրաստանից, Իրանից, Շվեյցարիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից ու իրենց նախագծերը կիրականացնեն մեզ մոտ:

Ինչպես գիտեք, այս տարին հոբելյանական է Ազնավուրի եւ Փարաջանովի համար, ու մեր կենտրոնի շրջանակներում երեխաներն արդեն խորությամբ ծանոթացել են նրանց արվեստին, այցելել թանգարան, բոլոր հետազոտական փուլերն անցել են, հիմա գործնական փուլում են գտնվում: Հոկտեմբեր ամսին կհամընկնի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը՝ մեր hub-ի բացման արարողությանը: Մի խոսքով, բազմաթիվ նորություններ են սպասվում»:

Մեր զրույցի ընթացքում միջազգային այլ նախագծերի էլ անդրադարձ եղավ, դրանց թվում է մի թատերական ներկայացում, որը Փոքր թատրոնում կիրականացնի իտալացի խորեոգրաֆը: Վահան Բադալյանը տեղեկացրեց, որ իրենց ստորաբաժանումներից Մետրո թատրոնը ապրիլին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի թատերական փառատոնի: Նշեց, որ անցյալ տարի մեծ աշխատանք են իրականացրել ներառականության ոլորտում, վերապատրաստել են ուսուցիչների, ստեղծվել է համապատասխան ուղեցույց, որը բաց դրված է առցանց տարբերակով:

Շվեդական ArtNexus ծրագրի շրջանակում իրականացվել է նաեւ արցախցի ուսուցիչներին ուղղված նախաձեռնություն, երկու ամիս նրանք վերապատրաստվել են Գեղագիտության ազգային կենտրոնում, որից հետո հնարավորություն կստանան արցախցի երեխաների հետ կենտրոնի հարթակում դասընթացներ իրականացնելու եւ վարձատրվելու: «Սա կամավոր աշխատանք չէ, աջակցելու ենք իրենց, թիկունք ենք լինելու, նաեւ օգնելու ենք հետագայում աշխատանք գտնելու համար: Այս պահին իրականացնում ենք այդ նախագիծը»,-հայտնեց Վահան Բադալյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
22.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031