Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ խաբեությունը բացահայտվում է (Համացանցային (Internet) խարդավանքներ)

Մարտ 30,2024 11:49

Փայլակը համակարգչի դիմաց նստած, ուշադրությամբ կարդում էր իր էլեկտրոնային փոստին եկած այդ օրվա բազմաթիվ նամակների վերնագրերը:

Եթե դրանց վերնագրերը կասկածելի կամ անհասկանալի բովանդակության էին լինում, ապա նա անմիջապես կամ մի քանի նախադասություն կարդալուց հետո էր ջնջում, որոնցից շատերը այսպես կոչված աղբ (spam) էին հիշեցնում, որոնք չգիտես, թե ինչու առատորեն թափանցում էին մուտքի արկղ (Inbox), իսկ այն նամակները, որոնց վերնագրերը որոշակի հետաքրքրություն էին ներկայացնում կամ անձնական բնույթի էին լինում,  վերնագրերը աչքի անցկացնելուց հետո, կարդում էր նաև նրանց բովանդակությունը:

Եվ ահա, վերջիններիս մեջ իր սկզբնական դիմելաձևով  հետաքրքրեց մի  նամակ, որը սկսվում էր այսպես.

«Ողջույններ:

Կարդացեք նաև

Ես գտա ձեր նամակը աշխատանքային հայցերի ցուցակում և անմիջապես որոշեցի արձագանքել: Ի՞նչ աշխատանք կարող եմ Ձեզ առաջարկել, որը լինի շարունակական, բայց  ծավալը մեծ չլինի: Սկզբում հնարավոր է որոշ դժվարություններ առաջանան, բայց հետագայում կվարժվես: Ներկայումս ես իմ թիմն եմ հավաքում, որտեղ պահանջվում են ազնիվ և պատասխանատու գործընկերներ, իմ կողմից էլ երաշխավորում եմ, որ վարձատրումը կլինի կայուն և կկազմի ամսական միջինը 2000-3000 ԱՄՆ դոլար, կարող եք և ավելին վաստակել, եթե ավելի շատ աշխատեք:

Խոստանում եմ, որ չեն լինելու այլ գործընկերային ծրագրեր, ցանցային շուկայավորում, առանց աղբի և անհասկանալի բիզնեսի, այն ենթադրում է միայն լուրջ աշխատանք: Ես իմ կողմից կներկայացնեմ աշխատանքին վերաբերող շատ պարզ հրահանգներ, իսկ Դուք ճշգրտորեն կկատարեք այդ հրահանգները, և երկուսս էլ արդյունքում շահած դուրս կգանք: Գործընթացին պետք է հետևենք  երկուսով էլ, ուստի և՛ հրահանգողը և՛ կատարողը իրար չպետք է խաբեն:

Սկզբի համար ինձ հարկավոր է իմանալ, թե քանի՞ տարեկան եք Դուք և ինչպիսի աշխատանքային փորձ ունեք և մասնագիտական ինչ կրթություն ունեք, գրեք մանրամասն Ձեր մասին, նշեք Ձեր անուն-ազգանունը, տարիքը, իսկ եթե մի փոքր էլ գրեք այն մասին, թե ինչով եք ներկայումս զբաղվում,  ընդհանրապես, դա ուղղակի սուպեր կլինի: Մնացածը կարևոր չէ, ես կապահովեմ Ձեզ հեռակա ցանցային աշխատանքով, հենց որ մենք պայմանավորվենք բոլոր մանրամասների շուրջ և իհարկե նաև, Ձեզ հետաքրքրող հարցերը պարզաբանելուց հետո: Հարգանքներով՝ Լանա Դորես»:

Նամակի բովանդակությունը, իհարկե, բավականին գայթակղիչ էր, բայց նաև կասկածներ էր հարուցում, որովհետև Փայլակը վաղուց էր ծանոթ համացանցի խարդավանքներին և մի քանի անգամ փորձել էր համացանցում աշխատանք գտնել, բայց ամեն անգամ էլ հանդիպել էր խաբեության, երբ խոսքը գնացել էր մեծ փողեր աշխատելու մասին, իսկ չնչին գումարներ աշխատելը անօգուտ ժամանակի կորուստ էր ենթադրում: Վերջերս էլ մի հոդված էր կարդացել, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ համացանցում խոշոր գումարներ վաստակել առաջարկող կայքերի 96%-ը անտեղյակներին խորամանկորեն գայթակղում են և խաբեությամբ դրամ շորթում:

Երկար մտորելուց հետո, հետադարձ հայացք ձգելով համացանցում իրեն հանդիպած տարբեր տեսակի խարդավանքներին, Փայլակը հաջորդ օրը էլեկտրոնային այդ հասցեով որոշեց պատասխան նամակ ուղարկել, փորձելով պարզել այս առաջարկի հետագա ընթացքը: Նրան միշտ էլ հետաքրքրում էր, թե որտեղից է սկսվում և որտեղ վերջանում գայթակղիչ առաջարկների գործընթացը, քանի որ դրանք այնպիսի մասնագիտական խորամանկությամբ են անձին ներքաշում խաղի մեջ, որ դժվար է լինում ճանապարհի կեսին կանգ առնել:

Փայլակի նամակը բավականին համառոտ էր և կոնկրետ տեղեկություններ էր  պարունակում իր բովանդակության մեջ:

«Բարև Ձեզ Լանա.

Ես գեր-ազնիվ մարդ եմ, պատասխանատու և գործունյա եմ եղել իմ երկարամյա աշխատանքի ընթացքում,  նաև նախաձեռնող եմ շատ պարագաներում, ներկայումս թոշակառուի կարգավիճակում եմ (իմ կարծիքով այն խոչընդոտ չի կարող լինել մեր համագործակցության ընթացքում), հիսուն տարուց ավելի աշխատանքային փորձ ունեմ՝ էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնիկայի և կոլեկտիվների կառավարման ոլորտներում, իսկ լրիվ անունս էլ Փայլակ Փանոսի Փայասլյան է: Քանի որ վաղուց թոշակի եմ անցել, ուստի ունենալով ավելի շատ ազատ ժամանակ, փորձեր եմ անում գտնել համացանցային բիզնեսի գաղտնիքները, բայց առայժմ համեստ արդյունքների եմ հասել, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կարող եմ համապատասխանել Ձեր առաջարկած տվյալներին: Հարգանքներով ՝ Փայլակ»:

Լանայի պատասխան նամակը, իհարկե, շատ չուշացավ, նա հայտնում էր հետևյալը:

«Ես համացանցում բիզնես կայքերի փորձարկումներով եմ զբաղվում և դրանց մանրակրկիտ ստուգում կատարելուց հետո միշտ էլ երաշխավորված շահույթ եմ ստանում, քանի որ երկար պրպտումներով հայտնաբերում եմ դրանց աշխատանքային սխեմաների գաղտնիության կառուցվածքը: Ուսումնասիրման առարկան հիմնականում խաղատնային, վիճակախաղային, կամ այլ վճարովի կայքերն են: Բայց քանի որ ես քիչ ազատ ժամանակ ունեմ արդեն ուսումնասիրված կայքերի հետ աշխատելու, ապա ինձ հարկավոր են օգնականներ: Նորեկների համար  աշխատանքը հիմնականում սկսում եմ խաղատների կայքերից: Այդտեղ խաղացողի համար ամբողջովին բացակայում է ռիսկի գործոնը, քանի որ նա խաղալու է իմ ներդրած փողերով և իմ առաջարկած կանոնների համաձայն:

Իմ գործը այդպիսի կայքեր որոնելն ու գտնելն է, նրանց խաղի կանոններն ու սխեմաները ի հայտ բերելը: Բայց ես չեմ կարող իմ համակարգչով մեկից ավելի հաշիվ բացել, քանի որ այն արգելվում է համապատասխան կանոններով, դրա համար էլ ինձ պետք են ավելի շատ գործընկերներ, որոնց հետ ես կկիսեմ նրանց շահած գումարը: Աշխատանքն, իհարկե, երկար է տևում: Հետևաբար, Ձեզ առաջարկվող աշխատանքն ինքնին արդեն իսկ մանրամասն ուսումնասիրված կայքերի համար է, որը ես առաջարկում եմ իմ բոլոր գործընկերներին: Գործընթացի սխեման շատ պարզ է`ես ձեզ տալիս եմ տեղեկատվություն և գումար՝ խաղալու համար, իսկ դուք ինձ փոխանցում եք Ձեր ստացած շահույթի մի մասը:

Ես Ձեզ առաջարկելու եմ միայն երաշխավորված կայքեր՝ աշխատելու համար, այն թեստերը, որոնց վրա ես շարունակում եմ աշխատել ամեն օր, վերջնական ավարտից հետո, ուղարկելու եմ Ձեզ, աշխատանքը կատարելու համար, հրահանգները մանրամասն հաջորդականությամբ են գրված լինում, դուք աշխատում եք դրանց համաձայն, որից հետո ստացված երաշխավորված շահույթը բաժանում ենք մեր մեջ:  Ես վերցնում եմ Ձեր վաստակած գումարի 60%-ը, իսկ  40%-ը  մնում է Ձեզ:

Ես անմիջական վերահսկողություն եմ սահմանում այն հաշվի վրա, որը բացում եմ և որի վրա դուք խաղալու եք, նույն վերահսկողական հնարավորությունը ունեք նաև դուք, այն փոխադարձ երաշխիք է, որն ապահովում է արդար խաղի կանոններ:

Իմ բաժինը ստանալուց հետո ես նոր, արդեն թեստավորված, կայք եմ առաջարկում Ձեզ, բնականաբար, նոր կանոններով: Խաղում եք հիմնականում 3 օր, որն ամենահարմար ժամանակահատվածն է: Յուրաքանչյուր կայքի համար նոր կանոնները ես մշակում և ուղարկում եմ էլեկտրոնային փոստով: Գումարի առումով առաջարկությունները  կարող են լինել տարբեր և լողացող, քանի որ ամսական կարող է առաջարկեմ 1, 3 կամ 5 կայք, որտեղ կարող եք խաղալ, բայց վերջնական ամսական գումարը 2000 դոլարից պակաս չի լինի, դա բացառված է:

Եթե պատրաստ եք փորձել Ձեր ունակությունները, ապա կարող եք նաև հարցեր տալ, առաջարկներ անել, մեթոդներ մշակել և եթե Դուք վերջնականապես  համոզված կլինեք, որ կարող եք գլուխ հանել գործից, ապա  ես կուղարկեմ առաջին փորձնական կայքի հասցեն, նրա հետ ​​աշխատելու կանոնները և հրահանգներն, որոնցով պետք է առաջնորդվեք, և մենք անմիջապես գործի կանցնենք»:

Փայլակի պատասխանը չուշացավ, քանի որ նրա հետաքրքրությունը ժամ առ ժամ մեծանում էր այս գայթակղիչ և միևնույն ժամանակ կասկածելի առաջարկի հանգուցալուծման շրջադարձային պահը որսալու և չսխալվելու համար:  Սկսած այս պահից նամակագրությունը տեղի էր ունենում արագացված գործընթացով, այսինքն, նորից  էլեկտրոնային հասցե չէին գրում, այլ սեղմում էին հետադարձ (Reply) կոճակի վրա և շարադրում ասելիքը, ապա ուղարկում հասցեատիրոջը: Էլեկտրոնային նամակներ գրել չիմացողներին ասեմ, որ այս մեթոդով հասցեն գրվում է ինքնավար կերպով և շարադրելով տեքստը համապատասխան դաշտում, ապա վերջնական խմբագրումից հետո, այն ուղարկում եք հասցեատիրոջը՝ սեղմելով նույն այն կճակը, որը սեղմել եք առաջին նամակը ուղարկելու ժամանակ (Send):

Որպեսզի պատմությունը ավելի կարճ ընթացք ունենա ես որոշեցի հենց այդ ոճով էլ շարադրել նրանց համագործակցության ընթացքը: Ահա այսպես՝

Փայլակ-Բարև Ձեզ. Անկեղծ ասած, ես համացանցային խաղերի նկատմամբ անտարբեր եմ, դժվարանում եմ խաղալ երևակայական խաղատներում, լոտոներում, վիճակախաղերում, բայց եթե Դուք դեմ չեք, ուղարկեք առաջին փորձնական խաղարկային կայքի հղումը և նրա խաղի կանոնները, դրանք ուսումնասիրելուց և որոշակի փորձ ձեռք բերելուց հետո ես կփորձեմ համագործակցել ձեզ հետ, իսկ եթե հաջողությունն ինձ ուղեկցի ապա, մենք կշարունակենք աշխատել իրար հետ: Ես ազնիվ մարդ եմ և չեմ սիրում սուտ խոսել: Հարգանքներով՝ Փայլակ»:

Պատասխանը գրեթե կայծակնային արագությամբ ստացվեց, քանի որ գործատուն համոզված էր, որ գտել է այն միամիտ մարդկանցից մեկին, որին կարող է վստահել և հետագայում մոլորեցնել:

Լանա-Բարդ բան չկա այդ խաղում, ես քայլ առ քայլ հրահանգներ կուղարկեմ, դուք կուսումնասիրեք դրանք, կհասկանաք, թե ինչ պետք է անել խաղի ընթացքում: Խաղի ընթացքը համառոտ նկարագրությամբ այսպիսին է: Մոնիտորի էկրանին ցուցադրված աղյուսակում, որը պարունակում է 1-36 բնական թվերը, պետք է ընտրեք կամայական կերպով որևէ մեկը, իսկ խաղադրույքային դաշտից պետք է միշտ ընտրեք 5$-անոց դաշտը և միայն այն ժամանակ, երբ ընտրված թվով և խաղադրույքով կգրանցեք առաջին հաղթանակը,  արդեն պետք է ընտրեք մեկ այլ կամայական թիվ:

Այն թվերը, որոնց դեպքում կգրանցվի հաղթանակ, այսինքն՝ շահում, անպայման պետք է ջնջեք նոթատետրի մեջ նախապես կազմած աղյուսակում և այլևս այդ թվերի վրա խաղադրույք չկատարեք տվյալ խաղի ընթացքում: Աղյուսակը նրա համար է, որ դուք սխալմամբ կրկնակի չընտրեք շահած թիվը: Բանավոր հիշողության վրա հույս մի դրեք:

Վերջնական հաշվետվությունը պետք է ինձ ներկայացնեք միայն տվյալ կայքի հետ աշխատանքը ավարտելուց հետո, իմ ուղարկած հրահանգի և բացված հաշվի համաձայն, որտեղ պետք է նաև որոշ պարամետրեր փոփոխման ենթարկեք:

Ձեր բաժինը առաջին անգամ կլինի մոտավորապես 2500 ԱՄՆ դոլար: Եթե դուք խաղաք իմ առաջարկած կանոններով և դրանք չխախտեք, նախապես որոշեք նաև, թե որտեղ կարող եք այդպիսի գումար առանց խոչընդոտների (քարտերի և դրամապանակների գործարքի համար հաճախ կան գումարային սահմանափակումներ) մուտք անել:

Երբ պատրաստ կլինեք խաղալու 3 օր անընդմեջ, ինձ տեղյակ պահեք:

Փայլակ-Բարև Ձեզ.Ես ազատ մարդ եմ և կարող եմ խաղին տրամադրել այնքան ժամանակ, որքան պահանջվում է: Դուք քայլ առ քայլ հրահանգներ կուղարկեք, ես էլ անմիջապես կուսումնասիրեմ և կսկսեմ խաղալ, եթե իմ ուղեղն ընդունի այս խաղի կանոնները: Կրկնում եմ, ես գործունյա, ազնիվ և աշխատասեր անձնավորություն եմ: Ուղղակի ինձ պակասում է ազարտը և տվյալ խաղի իմացությունը: Եթե ​​դա սովորական վիճակախաղի նման խաղ է, ես ունեմ բավարար ժամանակ ամբողջ մեկ շաբաթվա ընթացքում նրան տիրապետելու:

Լանա-Ուրեմն եկեք անցնենք աշխատանքի: Հիմնականում հարկավոր է հիշել, թե ի՞նչը՝  ինչպես պետք է անել և խստորեն պահպանել խաղի կանոնները և ամեն ինչ անպայման կստացվի: Այստեղ գլխավորը փորձը չէ, այստեղ գլխավորը կենտրոնացումը և ուշադրությունն է (10 րոպե անց, այն արդեն կարող է անհետաքրքիր լինել միօրինակությունից և   ձեզ մոտ հակվածություն առաջանա  դեպի քունը կամ անուշադրությունը): Այսպես ուրեմն.

  1. Մենք խաղում ենք 3 օր (առավելագույնը կարող է տևել մեկ շաբաթ, եթե աշխատանքը երկարաժամկետ է), այնուհետև մենք հանում ենք աշխատած ամբողջ գումարը խաղի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հակառակ դեպքում խաղատունը այն չի վճարի մեզ որպես անբարեխիղճ հաճախորդի, ինչը նշանակում է, որ մեզ թույլ չեն տա այլևս խաղալու այդտեղ, որը բոլոր խաղատների և վիճակախաղերի համար ընդհանուր կանոն է: Խաղացինք, գումարը դուրս հանեցինք, մենք այլևս չենք խաղում այս օբյեկտում:
  2. Որպեսզի մեր գաղտնիքը չբացահայտվի, ես ձեզ կուղարկեմ խաղատնային օբյեկտի հղման հասցեն, որը համակարգչում տեղակայելուց հետո ինքնավար կերպով կկատարի ​​վերահղում, այսինքն՝ երբ առաջին խաղատան բոտը կորոշի ձեր համակարգչի IP-հասցեն, հաջորդ խաղատունը չի իմանալու, որ տվյալ խաղացողը միշտ հաղթում է:
  3. Առաջին խաղատան համար այսպիսի սխեման է գործելու: Խաղային յուրաքանչյուր քայլի համար 5$ խաղադրույք եք պատվիրում: Խաղադրույքների որոշակի քանակություն կարող է չշահել, որոնց կհաջորդի նաև շահում,  ես ներդնում եմ այնպիսի ավանդ (դեպոզիտ), որը ապահովում է նաև խաղի ընթացքը որոշակի քանակի կորուստների դեպքում և լիովին բավարար է լինում շահույթ ստանալու համար: Կարևոր է, նորից եմ կրկնում, չմոռանալ, որ հենց ընտրված թվի վրա հաղթանակ գրանցեցիք, այլևս դրա վրա խաղադրույք չեք անում, այլ անցնում եք այլ թվի ընտրության, բայց չմոռանաք նաև, որ խաղադրույքը միշտ ընտրում եք միայն 5$:
  4. Նոթատետր պահեք, այնտեղ աղյուսակ կազմեք և ամեն անգամ նշեք արդեն իսկ ընտրված և հաղթանակած թվերը, որոնց դեպքում շահել եք և այդ օրը այլևս դրանց վրա խաղադրույք մի կատարեք: Մի փորձեք այդ թվերը բանավոր հիշել, դրանք անպայման գրեք նոթատետրի աղյուսակում:

Օրինակ՝ ընտրում եք առաջին խաղադրույքը 5$, ընտրում եք կամայական  17 թիվը, ենթադրենք այն չի շահում մեկ անգամ, երկու, երեք, 10 անգամ և այլն, մինչև որ շահում է: Հենց հաղթեցիք, այլևս 17-թվի վրա խաղադրույք չեք կատարում, այլ ընտրում եք նոր, կամայական թիվ, ասենք՝ 29, բայց խաղադրույքը մնում է նույնը՝ 5$:

5.Յուրաքանչյուր օրվա համար շահույթը կարող է կազմել 2000$ կամ  մի քիչ ավելի, ես ավանդ կդնեմ 500$, շահույթի ձեր մասը կլինի 40%, իմը՝ 60%: Եթե խաղը ընթանա նորմալ հունով, և ինձ համար պարզ դառնա, որ դուք լուրջ եք վերաբերվում աշխատանքին, կարող ենք շահույթի բաժանումը դարձնել 50%-50%: Կան շատ մարդիկ, ովքեր չեն պահպանում խաղի կանոնները, քչերին է հաջողվում դիմակայել գայթակղությանը և նրանք մոռանալով իմ ցուցումները, փորձում են փոխել խաղադրույքը, ընտրում են, ասենք՝ 10$, առավել շահույթ ստանալու համար: Այնպես որ, նրանք, ովքեր բարեխիղճ աշխատում են, և ում վրա կարող եմ հույս դնել, ես գումար չեմ խնայի և կկիսվեմ առավելագույն չափով:

Ես ձեզանից սպասում եմ իմ հաղորդած համակարգի վերաբերյալ հարցերի, եթե դրանք ձեզ մոտ առաջացել են: Ուղարկում եմ ընտրված այն կայքի հասցեն, որտեղ առաջին անգամ աշխատելու եք, հաշվի մուտքի անունն է՝ dongme43, գաղտնաբառը՝ 89053gongle:

Այս տվյալները չկորցնեք, սրանք նույնպես անպայման գրեք նոթատետրի մեջ:  Տվյալ  կայքում  խաղալու եք 3 օր, ընտրում եք եվրոպական ռուլետկա խաղը, ամեն օր հարկավոր է շահել ոչ ավելի, քան 2000$, մի փոքր ավելին չի խանգարի (1900-2100$ կարգի): Առաջին օրվա վերջում հաշվեկշռում պետք է ունենալ մոտ 2500$ (ներառյալ նաև իմ ներդրած ավանդի չափը), երկրորդ օրվա վերջում այն պետք է կազմի`4500$, երրորդ օրվա վերջում` 6500$: Գումարը խաղատան հաշվից պետք է հանենք առավելագույնը 3 օրվա ընթացքում:

Սովորաբար 2000$ շահելու համար կպահանջվի 4-5 ժամվա աշխատանք, կախված նրանից, թե ինչպես է ընթանալու խաղը;

Նորից եմ կրկնում, դուք չպետք է գայթակղվեք և խախտեք խաղի ընդունված կանոնները, խաղացեք ըստ իմ նախապես առաջարկված սխեմաների համաձայն, օրվա ընթացքում շահումները զգալիորեն ավելին են լինում, քան 2000$-ի սահմանը:

Խաղի ընթացքում կարող եք ընդմիջումներ անել, երբ երկար ժամանակ նստում եք նույն դիրքով կարող է հոգնեցուցիչ լինել և ուշադրությունդ շեղվի: Նորից եմ կրկնում, անպայման աղյուսակ կազմեք, այնտեղ ջնջեք այն թվերը, որոնք արդեն ընտրել եք և շահել եք: Զգուշորեն տեղադրեք 5$ խաղադրույքը, երբեմն մկնիկի ցուցիչը տեղադրվում է երկու բջիջների գծի վրա և նրա ձախ կոճակը սեղմելուց հետո կարող է այլ թիվ ընտրվել, աշխատեք ցուցիչը տեղադրել բջջի կենտրոնում, որից հետո նոր միայն սեղմել նրա ձախ կոճակը:

Օրվա վերջում անպայման գրեք ինձ, թե որքան գումար եք շահել: Եթե ​​ կայքի հետ կապված հարցեր առաջանան, անպայման դիմեք ինձ,  խստորեն զգուշացնում եմ՝ ոչ մի դեպքում, որևէ հարցով չդիմեք  կայքի ադմինիստրատորին: Ասեմ նաև, որ սկզբում կարող եք փորձել խաղալ պայմանական գումարի վրա, որը կայքում առաջարկվում է: Պայմանական գումարի չափը 5000$ է, խաղատները դրանք առաջարկում են բոլոր սկսնակներին, ձեր վաստակած գումարները իրական չեն, այլ խաղային վարժանքների համար են: Երբ պայմանական խաղերից հետո համոզված կլինեք, որ արդեն տիրապետում եք խաղի սկզբունքներին և կանոններին, արդեն կարող եք անցնել իրական խաղադրույքներ առաջարկելուն: Դրա համար պետք է ընտրել 5 թվանշանով բջիջը, որը համապատասխանում է 5$-ին և նշված է կարմիր օղակով, ապա կատարեք մկնիկի ձախ կոճակի մեկ սեղմում այդ խաղադրույքի վրա, որից հետո մկնիկի նույն կոճակը սեղմեք  էկրանի վրա կարմիր նետով ընդգծված նշանի վրա:՞

Այսպես մանրամասն Լանան էլեկտրոնային նամակում նկարագրում էր խաղի ընթացքի կանոնները և համոզված էր, որ Փայլակը ամեն ինչ կարող է գերազանց կատարել:

Իհարկե, այս բոլորից հետո, Փայլակը բավականին աշխատանք կատարեց, նույնիսկ խաղալով պայմանական գումարի վրա, շահած դուրս եկավ և դրանից հետո միայն նամակով դիմեց Լանային:

Փայլակ-Բարև Ձեզ. Ես գրեթե պատրաստ եմ սկսել իրական խաղը, փորձել եմ պայմանականի վրա և շահած եմ դուրս եկել, իհարկե, իրական խաղի ընթացքում կշարունակեմ զարգացնել իմ ունակությունները, բայց ունեմ մեկ հարց, որից հետո պատրաստ կլինեմ ամբողջովին:

Ձեր նամակում կա այսպիսի պարբերություն. «Մենք ընտրում ենք մեկ պայմանական թիվ խաղային պատկերի վրա և մի քանի խաղադրույքներից հետ հաղթում ենք և այն այլևս չենք ընտրում”: Հարցս այսպիսին է. հաղթելուց հետո մենք փոխում ենք այն թվային դաշտը, որի դեպքում հաղթում ենք, թե այն թվային դաշտը, որը նախապես ընտրել էինք մինչև խաղի սկսելը:

Լանա-Սա վերաբերում է այն թվին, որը սկզբում պայմանականորեն ընտրել եք, որը նաև նույն շահող թիվն է լինելու:

Փայլակը ամբողջովին ըմբռնելով իրական խաղի կանոնները, այն փորձելով նաև պայմանական խաղով, զգուշորեն միացրեց եվրոպական ռուլետ կոչվող վիճակախաղի իրական դաշտը և սկսեց դանդաղորեն զարգացնել խաղային գործընթացը:

Հուզմունքը բավականին մեծ էր, քանի որ նա պետք է այնքան ուշադիր լիներ, որ հասկանար, թե որտեղից է սկսվելու խարդավանքը և ինչով է նա ավարտվելու: Էկրանի վրա նախատեսված քառանկյան մեջ թվերը արագորեն փոխարինում էին մեկը մյուսին: Ավանդի հաշիվը, որը նախապես դրել էր Լանան համապատասխան քառանկյան մեջ, սկզբում բավականին արագ տեմպերով սկսեց նվազել, հասնելով մինչև 290$, որից Փայլակը մի փոքր ընկճվեց, սակայն հետագայում այն բավականին արագ սկսեց աճել և այդպես վերուվար անելով, հասավ Լանայի կողմից առաջարկված 2000$ գումարի տիրույթին: Փայլակը  բացեց Լանայի էլեկտրոնային նամակի հասցեն և սեղմելով հետադարձ կոճակի վրա, կարճ արձանագրեց.

Փայլակ-Բարև Լանա: 2415$-ի վրա դադարեցրեցի խաղը:

Փայլակը շատ էր զգուշանում երկար-բարակ գրելուց, մտածում էր, որ պետք է միշտ զգաստ լինի, որ դա խաբկանք է և ինքը արդեն որոշակի տարօրինակ տարրեր է հայտնաբերել խաղի ընթացքի մեջ պետք է շատ զգոն լինի և դրանց մասին միամտորեն չգրի Լանային:

Այն գործընթացը, որ խաղի սկզբում անընդհատ դրամ էր կորցնում, իսկ հետո սկսեց արագորեն ետ բերել կորցրածը և բազմաթիվ տատանումներից հետո հավաքեց անհրաժեշտ գումարի չափը կասկածելի էր թվում: Կասկածելի էր նաև շահումների գումարի նույն թիվը՝ 180$-ը, որն իր կարծիքով պետք է փոփոխական լիներ: Այս մտորումների մեջ էր նա, երբ ստացավ Լանայի պատասխանը, որը գուցե անընդհատ հետևում էր Փայլակի գործողություններին, քանի որ նույն տիրույթում էր գտնվում:

Լանա-Այո, ես տեսնում եմ, խաղը կարող եք շարունակել միայն վաղը, իսկ որքա՞ն ժամանակ պահանջվեց այդ գումարը վաստակելու համար, դժվարությունների հանդիպեցի՞ր խաղի ընթացքում:

Փայլակ-Անկեղծ ասած, ես մի անգամ սխալ թույլ տվեցի և մկնիկի ձախ կոճակը սեղմեցի երկու բջիջները միացնող գծի վրա և դրույքաչափը դարձավ 10$, բայց հաջորդ անգամներին աշխատում էի չսխալվել: Իսկ աշխատանքը տևեց  մոտ 3 ժամ: Կարծում եմ, որ ես հետագայում ավելի ուշադիր կլինեմ:

Լանա-Կարծում եմ, որ դու հետագայում անպայման պետք է ավելի զգույշ լինես, ձեր յուրաքանչյուր սխալը կարող է հանգեցնել շահած գումարի կորստի, հա, չմոռանամ հարցնել, որոշե՞լ եք ձեր բաժին գումարի դուրսբերման եղանակը:

Փայլակ-Խոստանում եմ, սրանից հետո ես ավելի ուշադիր կլինեմ, իսկ գումարի դուրս բերման մասին կարող եմ հայտնել, որ  երկու եղանակ էի ընտրել և դրա մասին գրել էի ձեզ, բայց պատասխան չստացա, նորից եմ գրում,  հնարավո՞ր է, որ 1400$-ի չափով մուտք անեմ Payeer դրամապանակ, իսկ 1000$-ին համարժեք գումարը՝ MasterCard-ին,  բացի այդ, որոշել եմ վաղը գնալ մոտակա բանկ և պարզել` կարո՞ղ եմ այս քարտին 1000$-ից ավելի դրամ մուտք անել և այդ մասին ձեզ անպայման տեղյակ կպահեմ:

Լանա-Մի քանի անգամ կայք մուտք գործել և գումար հանել այնտեղից հնարավոր չէ, մեկ անգամ պետք է ես կատարեմ այդ գործողությունը և մեկ անգամ էլ՝ դու, իսկ երրորդ անձի մուտքի դեպքում պետք է հաստատվի նրա ինքնությունը խաղատան կողմից, և քանի որ ես միշտ նոր անուններ եմ հորինում, որոնք, բնականաբար կեղծ են լինում, ուստի անհնար կլինի հաստատել նրա ինքնությունը: Եվ մի բան էլ հիշեցնեմ, որ MasterCard-ը պետք է ԱՄՆ դոլարային լինի, ասեմ նաև, որ ձեզանից այս մասին ես նախապես նամակ չեմ ստացել:

Փայլակ-Իմ ունեցած MasterCard-ը ԱՄՆ դոլարի է և կանոններում գրված է, որ  քարտից քարտ տեղափոխում թույլատրվում է առավելագույնը 1000$-ին համարժեք դրամ, բայց վաղը կգնամ բանկ և կպարզեմ, արդյո՞ք  այդպես է: Եթե դա այդպես լինի, ապա ես Ձեզ կխնդրեմ  որ 1000$-ը Դուք փոխանցեք` Ձեր քարտին, իսկ հետագայում այն ուղարկեք ինձ, գումարի մնացած մասը ես կփոխանցեմ իմ  քարտին: Հաջորդ անգամների համար անպայման կգտնեմ  օպտիմալ լուծում: Մի հարց ևս, այսօր ե՞րբ ես պետք է սկսեմ խաղալ: Երեկ սկսել եմ ցերեկվա 15:00-ի սահմաններում:

Փայլակը կանխամտածված գրել էր Լանային, որ նա իր փոխարեն ստանա և ուղարկի իրեն հասանելիք 1000$-ը, փորձելու համար, թե ի՞նչ կպատասխանի դրան նա: Նա ենթադրում էր, որ եթե սա կանխամտածված խաղ է, ապա Լանան կհրաժարվի 1000$ իրեն ուղարկելու մտքից, իսկ եթե իրականություն է, ապա այստեղ ոչինչ վտանգավոր բան չկա, եթե նա իր գումարը 60%-ի փոխարեն դուրս գրի, ասենք 70%- ի չափով և հետագայում այն փոստով ուղարկի Փայլակին:  Լանայի պատասխանը, ինչպես և սպասվում էր առավել զայրացկոտ էր, կոպիտ ու հրամայական, որը ևս մեկ անգամ կրկին հուշում էր Փայլակին, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

Լանա-Ես ձեր գումարը չեմ ստանա և ոչինչ էլ չեմ փոխանցի, և քո փողերով չեմ զբաղվի, սա գրասենյակային աշխատանք չէ, յուրաքանչյուրը պետք է կարողանա կազմակերպել իր աշխատանքը, կազմի իր ժամանակացույցը, այդ թվում նաև գումարի դուրս բերման եղանակը: Ես սկզբից էլ նախազգուշացրել եմ  ձեզ, որ դուք մտածեք գումարի դուրս բերման մասին,  ընտրեք այդ եղանակներից լավագույնը,  վերջապես փորձեք ձեր հետույքը բազմոցից պոկել,  ձեր հարցերը ինքներդ լուծել, ոչ ոք ձեր փոխարեն պարտավոր չէ կատարելու ձեր գործերը:  Եվ այսուհետ, նախազգուշացնում եմ, որ այդպիսի խոսակցություն այլևս տեղի չունենա և դուք չփորձեք  ձեր խնդիրները ուրիշի վրա բարդել:

Կանոնները բոլորի համար նույնն են, ամեն մեկը իր գումարն է հանում խաղատնից՝ իր քարտին կամ դրամապանակին, և այնտեղից ոչ-ոք 2500$-ից պակաս չի ստանում, իսկ վաղը որ ժամին կսկսես խաղալ, դա կարևոր պայման չէ, այն կարող եք սկսել ցանկացած պահի, բայց միայն վաղը:

Փայլակը, իհարկե այսպիսի կոպիտ և գռեհիկ արձագանքի չէր սպասում, բայց որ իր գուշակելը գրեթե ճիշտ ուղու վրա էր, ևս մեկ անգամ հուշում էր խաղի ոչ ազնիվ բնույթը:  Ուրեմն այնտեղ ոչ մի դոլար էլ չկա, ուղղակի սա դատարկ թվերի հետ ծրագրային խաղ է և դրա համար էլ Լանայի այդ վարմունքը այնքան էլ տեղին չէր և նա չէր պատրաստվում Փայլակի շահած 1000$ դոլարը ստանալ և իրեն  ուղարկել:

Բայց դա դեռ բոլորը չէր, դրա համար էլ Փայլակը փորձեց որոշ չափով մեղմել Լանայի զայրույթը և միամիտ ձևանալ, սպասելով հետագա կատվա-մկնային խաղի ընթացքին և հասնելու այն շրջադարձային պահին, երբ կբացահայտվի խաղի կեղծիքի գագաթնակետը ու խաղը չտապալելու և նրա ընթացքը շարունակելու համար, գրեց.

Փայլակ-Բարև Լանա: Դուք չափազանց զայրացել եք և իզուր, ես Ձեզ չեմ թելադրել իմ կամքը, պարզապես, բարեկամաբար խնդրել էի, որ քանի դեռ հարմար ելք չէի գտել գումարը դուրս հանելու համար, ապա որոշեցի, որ իմ առաջարկը հարմար տարբերակ կարող է լինել առաջին անգամվա համար, մինչև որ կգտնեմ այլ մի վերջնական տարբերակ: Բայց քանի որ դուք այն հարմար չեք գտնում, ապա ես դրա համար հարյուր անգամ ներողություն եմ խնդրում, պարզապես չէի սպասում այդպիսի կոշտ արձագանքի:

Տեղեկացնեմ նաև, որ երկրորդ օրվանից հետո, իմ հաշվեկշռում արդեն 4515$ է, բայց այսօր ինչ-ինչ պատճառներով աշխատանքը մի փոքր երկար տևեց,  մոտ 4 ժամ աշխատեցի, նորից ներողություն եմ խնդրում Ձեզ զայրացնելու համար: Ես արդեն որոշել եմ, որ գումարը կփոխանցեմ իմ Qiwi դրամապանակին: Հարգանքներով՝ Փայլակ:

Իհարկե, Փայլակը այս տիպի դրամապանակից ուներ գրանցված և Լանային հանգստացնելու համար էր այն գրել, մինչև համոզվեր, որ կեղծիքը շուտով կբացահայտվի և հարցը վերջնական լուծում կստանա: Բայց Լանան բավականին կատաղած էր և փորձում էր իր հաձակողական ոճով Փայլակին մոլորեցնել և հետևեց գրեթե նույն հարձակողական բնույթի պատասխանը, որը սովորաբար չէր սկսվում ողջույնի բառերով, չնայած նրան, որ Փայլակը ամեն անգամ նամակը սկսում էր բարի ողջույնով:

Լանա-Ես ձեզ ամեն ինչով պատրաստ աշխատանք եմ տվել, ավանդային գումար եմ հատկացրել, կայք եմ նախանշել, հաշիվ եմ բացել ու այս բոլորը ոչ մեկ ամսվա աշխատանքի արդյունք է, և երևում է, որ դուք չափազանց ծույլ եք, որպեսզի կարողանաք գումար վաստակել, սա միայն ինձ չէ, որ զայրացնում է: Այն կարող է ցանկացած մարդու զայրացնել, երբ մարդուն տրվում են այնպիսի իդեալական պայմաններ՝ գումար վաստակելու համար, բայց դեռ այդ բոլորը քիչ է, պետք է նրան տալ ավելին: Իսկ Qiwi-ն պետք է ստուգվի:

Լանայի գրելաոճը բավականին տարօրինակ էր, նա մի մտքից կտրուկ շրջադարձ էր կատարում հաջորդին և Փայլակը հասկացավ, որ Qiwi դրամապանակն էլ Լանայի սրտովը չէ և պետք է մի այլ ճանապարհ գտնել խաղը շարունակելու համար, գուցե նաև նա գլխի էր ընկել, որ Փայլակը հասկացել է խաղի կեղծ լինելը ու հաջորդ օրը գրեց նրան.

Փայլակ-Բարև Լանա: Մի անհանգստացեք, ես ծույլ մարդ չեմ, ես առաջին անգամ եմ անում այս գործը, և դրա պատճառով է, որ կան դժվարություններ, որոնք ես համառորեն հաղթահարում եմ և կարծում եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ լավ կլինի, իսկ գումարի վերջնական չափը երրորդ օրվա վերջում արդեն կազմում է ուղիղ 650$, սպասում եմ ձեր հետագա հրահանգներին: Հարգանքներով՝ Փայլակ:

Նամակը ուղարկելուց քիչ անց Փայլակը նկատեց, որ գումարի վերջում մոռացել է երկրորդ “0” թվանշանը դնել, որը կարող էր Լանային կրկին զայրանալու առիթ ընձեռնել, արագորեն ուղարկեց ճշտող նախադասությունը՝ «Ներեցեք 6500$»:

Լանան այս անգամ անտարբեր գտնվեց գումարի սխալականության հանդեպ և գրեց.

Լանա-Նշեք ձեր գումարի դուրսբերման վերջնական եղանակը, որպեսզի ես ուղարկեմ այն դուրս բերելու համապատասխան հրահանգ:

Փայլակ-Վերջնական ընտրությունս Master Card-ն է, քանի որ պարզեցի, որ այն բավարարում է ինձ հասանելիք առավելագույն գումարից ավելի ընդունման պահանջներին:

Լանա-Քարտերը միայն արժույթային պետք է լինեն:

Փայլակ-Քարտը դոլարային է:

Լանա-Դե՛, քանի որ ժամանակին կարողացաք հանձնարարված աշխատանքը կատարել, ապա հաջորդ խաղը արդեն 5 օրվա համար կարող եք վերցնել, նախօրոք պլանավորեք ձեր ժամանակացույցը, հիշեք, որ հաջորդ խաղը ամսվա վերջին է լինելու, 28-ից սկսած: Ասեմ, նաև, որ ինքս, դրամի մուտքագրման համար օգտագործում եմ «Perfect Money» դրամապանակը: Հա՛, մոռացա, որ զգուշացնեմ, քո հաշվի մեջ օգտատիրոջ անունը և ազգանունը չփոխես, ինչպես, որ գրել եմ, այնպես էլ թող մնա՝ Արկադի Դեմենտև, սակայն, որ ուզենաս էլ չես կարող փոխել:

Փայլակ-Բայց նամակում գրել էիք, որ անհրաժեշտ է փոխել օգտատիրոջ որոշ տվյալներ:

Լանա-Իսկ ես անուն-ազգանվան մասին գրել ե՞մ ինչ-որ բան: Պետք է փոխել երկրի, էլեկտրոնային փոստի և հեռախոսի տվյալները միայն, իսկ օգտատիրոջ ազգանունն ու անունը չեն փոխվում: Ես այս մասին գրում եմ երկրորդ անգամ, դու իմ ուղարկած հրահանգներում որևէ տեղ կարդացել ե՞ս, որ պետք է փոխել անուն-ազգանունը։

Փայլակ-Հարգելի Լանա, մի բարկացեք, առաջին անգամ եմ ես այսպիսի գործարքի մեջ մտնում, դժվարություններ կան, խոստանում եմ, որ երկրորդ անգամ ամեն ինչ ավելի սահուն կընթանա, ես բացարձակապես ծանոթ չէի գործարքի մանրամասներին և միշտ խուսափել եմ համացանցում խաղային կայքերի հետ շփվելուց:

Լանա-Դուք կարող եք ցանկացած պահի խաղի մեջ մտնել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում: Ուշադրությամբ ստուգեք և փոխարինեք խաղատան հաշվի ոչ բոլոր կոնտակտները, ստուգեք ուշադրությամբ, արդյոք դրանք համընկնում են նախապես գրանցված տվյալների հետ: Դուք նշեք ձեր երկրի անունը, բայց իմացեք, որ երկրների մեծ մասում ծառայության գումարը ինքնավար հանվում է շահած գումարից, բայց ոչ ամեն տեղ, նաև իմացիր, որ իրավաբանական անձինք – միշտ վճարում են առանձին, անկախ կացության երկրից:

Փայլակի համար ավելի պարզորոշ էին գծագրվում խաղի կասկածելի թվացող ընթացքը, քանի որ արդեն ակնարկվում էր դրամը ստանալու համար որոշակի մուծումներ կատարելու մասին, բայց քանի որ որոշել էր մինչև վերջ գնալ ու տեսնել, թե որտեղ է թաքնված հիմնական կեղծիքը, ապա իրեն միամիտ էր ձևացնում, իսկ Լանայի դյուրագրգիռ և նյարդային պահվածքը ցույց էր տալիս, որ խաղի վերջնական նպատակն է Փայլակից ինչ-որ չափի գումար կորզել հենց երևակայական շահած գումարի համար միջնորդավճարի մուծման հաշվին:

Եվ ահա, երբ Փայլակը փորձեց կատարել համացանցի կայքից երևակայական շահած գումարի դուրս բերման գործընթացը, էկրանին հայտնվեց կանխատեսելի հաղորդագրությունը, որտեղ պահանջվում էր նախապես որոշակի միջնորդավճար կատարել դրամի փոխանցման վրա ծախսված աշխատանքի դիմաց:

Ահա հենց այս գումարն էլ պետք է լիներ Լանայի շահած գումարը, եզրակացրեց Փայլակը և իսկույն էլեկտրոնային փոստով ահազանգեց Լանային, որպեսզի իմանա նրա կարծիքը.

Փայլակ-Բարև Լանա: Գումարը հանելիս ծրագիրը պահանջեց, որ ես 90$ չափի  միջնորդավճար կատարեմ, ես դադարեցրի գործողությունը, քանի որ քարտիս վրա պահանջվող գումարը չկար, ես այսօր կգնամ բանկ և կավելացնեմ այնտեղ պահանջվող գումարը և այդ մասին ձեզ անպայման տեղյակ կպահեմ: Հարգանքներով Փայլակ:

Լանա-Ավելի լավ է գրեք այն մասին, թե հաջորդ անգամ երբ կարող եք սկսել խաղը, քանի որ այս ամսվա համար արդեն կայք եմ նախապատրաստել:

Սակայն Փայլակը այս անգամ այլևս չպատասխանեց Լանայի պահանջին, թողնելով այն հաջորդ օրվան:

Փայլակ-Ողջույն  Լանա, այսօր բանկում քարտիս մեջ ավելացրեցի պահանջվող գումարը, բայց երբ ես տուն եկա, միացրեցի համակարգիչը և փորձեցի շահած գումարը տեղափոխել քարտիս վրա, այն չտեղափոխվեց և սխալի պատճառը չհաղորդվեց: Ես հեռախոսով կապվեցի մեր բանկի աշխատակցուհու հետ և նրանք ինձ տեղեկացրին, որ գործարքի համար ավելի գումար է պահանջվում, քան ծրագրով նախապես առաջարկվող 90$-ը, որ ես մուտք եմ արել նախատեսվածից ավելի քիչ գումար: Ես վաղը ստիպված կլինեմ կրկին այցելել բանկ և քարտը համալրել պահանջվող գումարով:  Գործարքը ավարտելուց հետո ես ձեզ կտեղեկացնեմ արդյունքի մասին: Այսօր արդեն երկրորդ անգամ  ժամանակ չկա քարտը լիցքավորելու համար, քանի որ բանկը արդեն փակ է և վաղը միայն կգնամ: Ես այսօր ստեղծեցի նաև Ձեր առաջարկած Perfekt Money դրամապանակ, բայց այն պահանջում է փոխանցել դոլարի այնպիսի բարձր նվազագույն չափ, որը ես չունեմ:  Հարգանքներով՝ Փայլակ:

Փայլակը անընդհատ փորձում էր խաղը ձգձգել, հասկանալու համար, թե իրո՞ք ինքը ճիշտ է կռահել Լանայի միտքը, թե դեռ այլ խաղեր կան խաղալու նրա կողմից: Լանան իսկույն արձագանքեց:

Լանա-Իսկ դու համոզվա՞ծ ես, որ քո քարտը հաստատ արժութային է:

Փայլակ-Իհարկե, ես վստահ եմ, քարտը ձևակերպելիս, ես հատուկ դոլարային եմ պատվիրել, որի հետ աշխատել եմ մի քանի անգամ փոխանցումներ կատարելիս տարբեր համացանցային դրամապանակների: Նույնիսկ, երբ ես բանկից դրամ եմ ուղարկում ազգային արժույթով, օպերատորները այն փոխանցում են դոլարով: Այնպես որ, ես 100% -ով վստահ եմ: Այսօր ես կավելացնեմ պահանջվելիք գումարը, տեսնենք, ինչ կստացվի: Եթե ​​ցանկանում եք, ես ձեզ կուղարկեմ գործարքների սքրինշոթերը, որտեղ դուք կարող եք հստակ տեսնել փոխարկելի կայքի հասցեն և փոխարկման համար պահանջվող ռուբլու քանակը: Կարծում եմ, որ փոխարկումը կատարվում է այլ արժույթով, ենթադրում եմ, որ միջնորդ երկիրը Ռուսաստանը չէ:

Լանա-Դե, ես էլ նույնպես Ռուսաստանցի չեմ, ես ապրում եմ Նիդեռլանդներում, բայց  ծննդով Լիտվայից եմ, և հաճախ եմ լինում այնտեղ: Դուք այն երկրից եք, որտեղ գուցե և պահանջվում է միջնորդավճար փոխանցել և ինչ եղանակով են նրանք կատարում այն ես կարող եմ պարզել:

Փայլակը վերջնականապես համոզվեց, որ կեղծիքը հենց այս միջնորդավճարը կորզելու մեջ է, որը Լանայի վերջին հույսն է և նա պատրաստ է դրա մասին մանրամասներ իմանալ և տեղեկացնել Փայլակին: Հաստատապես հենց այստեղ է թաքնված չարաբաստիկ “շան գլուխը”, որ այսքան խորամանկ ձևով գրված սցենարով  հմտորեն փորձում է խաղալ գլխավոր դերասանը՝ Լանա Դորես կեղծ անունով տիկինը: Ու չհամբերելով Լանայի վերջնական պատասխանին ու քիչ էլ նյարդայնացած տոնով, արդեն բաց տեքստով, գրեց.

Փայլակ-Ես վերջնականապես հասկացա, որ Դուք ինձ ստորաբար խաբել եք , ուղղակի ես ուզում էի պարզել, թե սրա վերջը ինչ է լինելու: Ես պարզեցի, որ այն հաշիվը, որի վրա ես պետք է միջնորդավճարը փոխանցեի, հենց ձեր անձնական հաշիվն է: Դուք ստոր և այլանդակ արարած եք և այդպիսի խորամանկ խաղով ցանկանում էիք ինձանից կորզել այդ 90$-ը:

Այս պաթետիկ տոնով հաղորդագրությանը Լանան կարծում եմ չէր սպասում և նա անմիջապես արձագանքեց.

Լանա-Անմիջապես ներողություն խնդրեք, ինչպես ես քեզ թույլ տալիս, ինձ ստոր խաբեբա անվանել, Համլո՛ !!,  ինչպե՞ս ես համարձակվում ինձ պես ազնիվ կնոջը վիրավորե՞լ։

Դու պետք է ամեն ինչ անեիր խստորեն, ըստ հրահանգների, քանի որ հարկ վճարում են միայն իրավաբանական անձինք, ինչպիսին ես եմ, այնպես, որ ձեր նման խաղացողը չպետք է հարկ վճարի, ինչպես ես եմ վճարում: Ու այլևս չեմ պատրաստվում պատասխանել ձեր նամակներին, դուք անամոթ, ամբարտավան արարած եք երևում: Ես կյանքում ոչ ոքի չեմ խաբել և չեմ խաբում, Դուք կոպիտ և անտաշի մեկն եք, ոչ ոք չի խնդրել ձեզ, որ դուք խաղայիք, դուք եք սխալ թույլ տվել, երբ ընդհատել եք գումարի դուրս բերման գործողությունը և հաջորդ օրը շարունակել եք, հիմա էլ վարկաբեկում եք ինձ, դուք բորբոսնած կարմրություն եք,  դուք արժանի եք միայն աղքատության, դուք փորձում եք մեղքը գցել ինձ վրա, դուք միշտ կստանաք հենց այն, ինչին արժանի եք, դուք խայտառակում եք ինձ նման ազնիվ տիկնոջը, ամոթ ձեզ: Դու հիմար, լկտի, անբարեխիղճ մարդ ես և փոխանակ ճիշտ կատարեիր իմ հրահանգները և շահեիր, հիմա որոշեցիր ցեխ շպրտել ինձ վրա, ինքներդ ձեզ մուրացկան եք դարձրել, որովհետև դուք անպիտանի մեկն եք: Դուք անհասկացողի մեկն եք, իմ հրահանգները միանգամայն ճիշտ են, ուղղակի դու շատ հիմար ես դա ճիշտ կատարելու համար և դու ինձ խաբեբա ես անվանում, որովհետև ես ճիշտ եմ, իսկ դու քո կոպտության պատճառով կորցրեցիր աշխատանքդ ու փողը:

Փայլակը իր ամբողջ գիտակցական կյանքում այսպիսի անշնորհք ու գռեհիկ բառամթերք չէր ստացել իր հասցեին և պատրաստ չէր այսպիսի հարձակման և փորձեց խաղաղեցնել ամբարտավան կնոջը:

Փայլակ– Ի սկզբանե ես ձեզանից օգնություն էի խնդրել, առաջարկել էի, որ առաջին անգամ շահած գումարը դուք  հանեիք և ուղարկեիք փոստով ինձ, դուք հենց այն ժամանակ կատաղած շան նման հարձակվեցիք ինձ վրա,  խելագարի  մոլուցքով ինձ սաստեցիք, դուք արդեն համոզված էիք, որ խաղը տանուլ եք տվել: Ես քեզ նման մուրացկան չեմ, քանի որ այդպիսի գումարներ ես շատ եմ ունեցել և ծախսել: Ես պարկեշտ և նորմալ մարդ եմ, իսկ դուք անամոթ և չար արարած եք: Եթե ​​այդքան առատաձեռն եք, ապա վճարեք այն միջնորդավճարը, որը պահանջվում է և ես իմ արդար քրտինքով վաստակածի ավելի մեծ չափաբաժինը կուղարկեմ ձեզ, և մենք կհաշտվենք ու կշարունակենք մեր համատեղ աշխատանքը: Դու բորոտ անասուն ես և ես երբեք քեզանից  օգնություն չեմ խնդրել, ուղղակի առաջարկել եմ և դու մերժել ես, քանի որ դու այդքան փող չունեիր, որ ուղարկեիր ինձ: Ես համացանցում միշտ այդպես եմ պատասխանում խաբեբաներին, միշտ գրում եմ՝ իմ փոխարեն դուք վճարեք միջնորդավճարը, որը խաբեության հիմնական հայտանիշն է, և երբ կստանամ իմ հասանելիք ձեր առաջարկած այսպես կոչված «խոշոր գումարը», ապա ձեզ կուղարկեմ այդ միջնորդավճարի տասնապատիկը: Եվ դրանով էլ ավարտվում է գրեթե բոլոր խոշոր գումարներ վաստակելու առաջարկները: Քանի որ խաբեությունը հենց կայանում է միջնորդավճար կորզելը մի քանի տասնյակ կամ գուցե հարյուրավոր միամիտներից, որը կկազմի բավականին մեծ գումար:

Լանա-Դու ներողություն խնդրելու փոխարեն, ինձ անպատիվ խոսքեր ես գրում և մոռանում ես, որ օգնություն ես խնդրել: Դու պարզապես բորբոսնած աղբարկղ ես, չար արարած և զազրելի գազան, որի համար կստանաս այն, ինչին արժանի ես, կարծում ես, որ դու կարող ես ինձ խորհուրդ տալ,  դու վերջին հիմարի պես գործեցիր,  դու արժանի ես խոզի պես ապրելու ցեխի մեջ՝ քո կոպտության և անշնորհք պահվածքի համար: Ինձ դժվար չէր քեզ օգնելը: Ես միշտ էլ օգնում եմ նույնիսկ այն ապուշներին, ովքեր չեն կարող հրահանգներ կատարել, նույնիսկ այն դեպքերում երբ  դա խաղացողի սխալն է լինում,  ես օգնում եմ: Ես օգնում եմ նորմալ մարդկանց, այլ ոչ թե քեզ նման անհասկացողներին: Եվ հիմա դու ցանկանում ես, որ ես համակերպվեմ քեզ հետ աշխատելու մտքի հետ, ձեզ նման կեղտոտ արարածի հետ, ով անտեղի  վիրավորում է ինձ: Այն ամենից հետո, որ դու ինձ անպարկեշտ, հիմարի մեկն ես անվանել և դու դեռ համարձակվում ես մտածել, որ ես պատրաստ կլինեմ աշխատել քեզ հետ, անշնորհակալ արարածի հետ: Դու փչացրեցիր իմ տրամադրությունը քո կոպիտ վերաբերմունքի պատճառով, ես չեմ էլ փորձի օգնել քեզ որևէ բանով, քանի որ դու կեղտոտ, արարած ես, որը իրեն խոզի պես է պահում, դու նախ պետք է ներողություն խնդրեիր և ապա նոր օգնություն խնդրեիր: Այո, դու հիմա պետք է ծնկի գայիր իմ առջև և ներողություն խնդրեիր ինձանից, որպեսզի օգնեի քեզ: Դու առաջինը հարձակվեցիր  ինձ վրա, անվանելով ինձ խաբեբա, սրիկա, գրեցիր տհաճ խոսքեր, դուք ինքներդ եք սկսել և ոչ, թե ես, անշուշտ, կփորձեմ այնպես անել, որ այդ հաշվից դուք ոչինչ էլ չստանաք, քանի որ մտադրություն չունեմ հանդուրժել, երբ ինչ-որ մեկը վիրավորում է ինձ և կարծում է, որ կարող է անպատիժ մնալ: Կարող եք այժմ աղաչել, ներողամտություն հայցել, ենթադրել, թե ես կօգնեմ ձեզ և հետագայում աշխատել ձեզ նման  ամբարտավանի, փտած անձի հետ:

Փայլակը արդեն վստահ էր, որ գողին բռնել է հենց այն ճանապարհի հանգրվանում, որտեղից նա պետք է գումար վաստակեր, դա կլիներ իր այսպես կոչված միջնորդավճարի փոխանցումը այն հասցեին, որը հենց կարող էր պատկանալ Լանային: Նա արդեն վստահ էր, որ այդ հազարավոր դոլարները, որոնք շրջանառվում էին կեղծ խաղատանը, ուղղակի սարքովի թվեր էին և Լանան պետք է գումարը վաստակեր միայն այդ միջնորդավճարից, բայց խաղը չստացվեց, չստացվեց այն պատճառով, որ ինչ-որ տեղ սխալ գործողություն էր կատարվել և ծրագիրը ավելի գումար էր պահանջել, քան նախատեսված էր: Ապացուցված համարելով արդեն բացահայտված կեղծիքի բնույթը նա գրեց.

Փայլակ-Ես ամեն ինչ կատարել եմ ձեր ցուցումների համաձայն և որևէ քայլ չեմ կատարել առանց ձեզ հետ խորհրդակցելու, բացեք ձեր նամակները և ապացուցեք, թե որտեղ է իմ սխալը: Այնտեղ նույնիսկ հնարավոր չէ սխալներ թույլ տալ, ծրագիրը ներկայացնում է ամեն ինչ, և ես դա կատարել եմ քայլ առ քայլ: Այնպես որ, սիրելիս, դուք ձեր մեղքը չեք կարող բարդել ինձ վրա, դա չի գործի, դա արդար չէ, դուք իրականում խաբեբա և ստոր արարած եք, ինչպես ես գրել էի և հիմա առավել ևս համոզված եմ, որ դուք մի քանի դոլար փախցնելու համար զազրելի խարդավանքների եք դիմում:

Լանա-դուք ել բացեք ձեր նամակները և տեսեք, թե ինչպես եք պախարակել ինձ, անվանել ստոր արարած, սատանա, կոպիտ ու լկտի: Ի՞նչ ես կարծում, ես թույլ կտամ, որ դա անպատիժ մնա: Դուք կմնաք այդպես հիմար և կմեռնեք աղքատության մեջ. Ոչ ոք չի օգնի ձեզ, քանի որ դուք արժանի եք մեռնել աղքատության մեջ: Դուք էլ կարդացեք ձեր նամակները, թե ինչպես եք սկսել կոպիտ արտահայտություններ անել իմ հասցեին: Ոչ, դու հիմար և ապուշ  արարած ես: Դու համարձակվել ես ինձ վիրավորել այն բանի համար, որ դու ինքդ ի վիճակի չես ինչպես հարկն է կատարել: Եվ այն բոլորը, որ դու գրել ես ինձ, վիրավորել, զայրույթ առաջացրել իմ մեջ, հասկացեք ինքներդ, որ դուք ոչնչություն եք: Դուք կմեռնեք փոսի մեջ, և ոչ ոք չի օգնի ձեզ, քանի որ դուք արժանի եք շան պես սատկելու, սովից, ծարավից, դուք կփորձեք օգնություն խնդրել, բայց ոչ ոք այլևս չի օգնի ձեզ, իսկ մեռնելուց կհիշես, որ դու արժանի էիր նման ճակատագրի, դու ինձ իզուր տեղն ես վիրավորել, վիրավորել ես քո սեփական հիմարության պատճառով, քեզ դա չի ներվի:

Փայլակն, իհարկե մի քիչ զայրանում էր կարդալով Լանայի բարբաջանքները, բայց մտնելով այդ հիմար լեզվակռվի մեջ, երբեմն տուրք էր տալիս նրա գարշելի բառապաշարին ու  պատասխանում  այդ ոճով, որն էլ ավելի էր զայրացնում նրան: Տանուլ տված արարածը արդեն փրփուրներից էր կախվում և փրփուրը բերանին պախարակում էր գործընկերոջը, որին չէր կարողացել խաբել:

Փայլակ-Ես վերջնականապես հասկացա, որ գործ ունեմ շիզոֆրեննիկի և սատանայի հետ: Բայց նաև հիշեցնում եմ Ձեր առաջներում գրածը իմ մասին, որը մեջ եմ բերում այստեղ, չփոխելով նույնիսկ ոչ մի տառ. Ահա թե ինչ էիր գրել դու. “Հիանալի է, քանի որ ժամանակին հասցրեցիր կատարել առաջադրանքը, ապա կարող ես հաջորդ հաշիվը վերցնել 5 օրվա համար, նախօրոք պլանավորել ժամանակացույցը, սկսել հաջորդ խաղը ամսի 28-ին: Ես ձեզ թողել եմ շահումների ոչ թե  40%-ը, այլ 50% -ը, ես արդեն վերցրել իմ մասը, հիմա դուք կարող եք վերցնել ձեր մասը, ես օգտագործում եմ Perfect Money դրամապանակը, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, որ դրամն ինչքան հնարավոր է շուտ փոխադրեք դրամապանակ կամ քարտային հաշվին”: Եվ այս ամենը գրել եք անպատկառորեն, հաստատ իմանալով, որ ինձ խաբում եք և հույսը դրել էիք իմ միամտության վրա: Ես վաղուց եմ ծանոթ համացանցային խարդավանքներին և ցանկանում էի պարզել, թե որտեղ է թաքնված որոգայթը և այն պարզեցի ամենավերջում:

Լանա-դու ինձ անվանել ես սատանա, շիզոֆրեննիկ, թաքցնելով քո վախկոտ և ոչ համարձակ էությունը, դրանով  փորձելով ուրիշներին մեղավոր դարձնել  քո հիմարության պատճառով: Ես չեմ ամաչում այն արարածից, որը առաջինը սկսեց վիրավորել ինձ ՝ իր իսկ սխալի պատճառով, փոխանակ գրելու ճշմարտությունը, որովհետև դու փտած, անպիտան ու բութ արարած ես:

Փայլակ-Ձեր բառապաշարը միայն անեծք, հայհոյանք, զրպարտություն ու զանազան պատրվակներ են պարունակում: Իմացած եղեք, որ ես չեմ իջնի ձեր գռեհկության ու փողոցայինի մակարդակին, չնայած նրան, որ երբեմն սայթաքում եմ: Ես գրագետ մարդ եմ, քաղաքակիրթ և պարկեշտ, իսկ դուք անուղեղ, հոգեկան խանգարումով  անառողջ ծեր կին եք: Դուք մեղավոր եք ամեն ինչի համար: Ես ճշգրիտ կատարեցի ամեն ինչ, ինչպես որ դուք հրահանգել էիք, և ես զեկուցում էի ամեն մի գործարք կատարելուց առաջ և հետո կետ առ կետ և հիմա դուք ուզում եք ինձ մեղադրել ձեր անմարդկային գործողությունների համար, անեծքներ ու լուտանքներ թափելով ինձ վրա: Ամոթ է ձեզ, որ ես կյանքում երբևէ չեմ լսել այնպիսի անպատկառ խոսքեր, ինչպիսին դուք եք գրում, որպիսիք ձեր աղտոտված ուղեղում են գտնվում: Դուք կաշվից դուրս եք գալիս, ամեն ինչ փորձում եք անել, ապացուցելու համար, թե իբր այդ խաղը դուք տանուլ եք տվել իմ պատճառով, փոխանակ զղջալու ձեր արարքի համար, որ ստոր խաղ եք խաղացել, փորձելով դրամ շորթել: Դա չաշխատեց իմ դեպքում, ես քո պես աղքատ ու ընչաքաղց չեմ, ես քո պես փողի համար չեմ ապրում, այլ պատվի և մարդկային երջանկության համար եմ ապրում: Դուք չեք էլ ամաչում, որ ինձ տհաճ ու փողոցային ժարգոնի խոսքեր եք ասում: Ես ամաչում եմ ձեր փոխարեն: Ես պատճենել եմ ձեր նամակները և դրանք կուղարկեմ համապատասխան օրգաններին, միևնույն ժամանակ փաստաթղթեր կպատրաստեմ ձեզ դատի տալու համար ու նաև կպահանջեմ բարոյական վնասների հատուցում՝ անպարկեշտ բառերի և փողոցային արտահայտությունների համար: Թող օրենքը պատժի ձեզ նման խաբեբա անառակին:

Իհարկե, Փայլակը համոզված չէր, որ իր գրածը կարող է իրականություն դարձնել, դատարանի միջոցով պատժել այդպիսի մեկին, բայց որոշակի վախի ազդեցություն գործելու համար նա այդ ամենը գրեց:

Եվ իրոք, այդ նամակից հետո, Լանան գուցե և վախեցավ բացահայտվելուց, այլևս լռեց և դադարեցրեց պատասխանել, երևի նաև սպառել էր իր անեծքների և գարշելի բառապաշարի զինանոցը:

Սակայն մինչև այսօր էլ Փայլակը դժվարանում է պատկերացնել, թե ինչպես են մարդիկ կարողանում այսպիսի բարդագույն ճանապարհներ ընտրել, ժամանակ և միջոցներ ծախսել սրանից-նրանից խաբեությամբ որոշակի գումարներ կորզել, առանց խղճի խայթ զգալու:

Զարմանալի է նաև այն հարձակողական պաթոսը և դիմացինի վրա չեղած մեղքը բարդելը,  նողկալի բառապաշարի հարստությունը օգտագործելը, որը կուտակված է այդպիսի նրբագույն էակների բորբոսնած ուղեղում, որը տեղի է ունենում յուրաքանչյուր դեպքում, երբ բացահայտվում է նրանց մասնակցությամբ խաբեություն գործելը և նախատեսված գործարքը  հիմնովին ձախողվում է:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031