Լրահոս
Օրվա լրահոսը

570 գ. սինթետիկ թմրամիջոցի շրջանառության դեպքով 36-ամյա տղամարդը կալանավորվել է

Ապրիլ 04,2024 16:35 Share

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, 2024թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայից Ոստիկանության համապատասխան բաժին են տեղափոխվել 36 և 42-ամյա տղամարդիկ՝ վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: 36-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ լցված սպիտակ բյուրեղանման՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբուսաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված 570,81 գրամ քաշով բյուրեղանման զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:

Քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկի 36-ամյա բնակիչը, ով զբաղվում է բեռնատար ավտոմեքենայով Իրանից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ, 2024թ. մարտի 30-ին իր համագյուղացի 42-ամյա տղամարդու հետ, վերջինիս պատկանող և որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոմիտաս 7 հասցեին հարակից հատված, ապա, շահադիտական դրդումներով, ինքնությունը չպարզված անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և նույն նպատակով իր մոտ ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 570,81 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
Այն իր հետ ապօրինի տեղափոխելով՝ նույն տաքսով ուղևորվել է Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի մեկ այլ հասցեում գտնվող ռեստորանի դիմացի հատված, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է:

36-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը բավարարվել է:

Կատարվել են խուզարկություններ, հետաքննության մարմնին հանձնարարություններ են տրվել՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել՝ 36-ամյա տղամարդու մոտից հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Ձերբակալված 42-ամյա տղամարդը անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով արգելանքից ազատ է արձակվել:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930