Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի սպա եւ շուրջօրյա հասանելիություն կստանա Եվրոպոլի բազաների տեղեկությանը

Ապրիլ 08,2024 12:55

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացան Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին նախագծերը։

Արփինե Սարգսյան

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ համաձայնագրերը միտված են անդրսահմանային հանցավորության դեմ պայքարին, մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար, միգրանտների մաքսանենգություն, կիբերհանցավորություն, ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերականգնում, փողերի լվացում, մարդկանց թրաֆիքինգ եւ հանցավորության այլ ոլորտներում համագործակցություն։

«Հաշվի առնելով Եվրոպոլի դերն ու նշանակությունը հատկապես եվրոպական տարածաշրջանում հանցավորության դեմ պայքարի ոլորտում, մեզ համար շատ կարեւոր ձեռքբերում կլինի՝ ապահովելու ՆԳՆ եւ Եվրոպոլի միջեւ փոխգործակցությունը։ Դեռեւս 2021 թվականին կնքված աշխատանքային համաձայնագրերը վկայում են այն մասին,որ պետք է նշանակվի Եվրոպոլի հետ համագործակցության կապի սպա, որը կապավորի հենց տեղեկատվության փոխանակումը հայկական իրավապահ համակարգի եւ Եվրոպոլի միջեւ»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Անդրանիկ Քոչարյան

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ համաձայնագիրը վավերացնելուց հետո ի՞նչ ծավալի համագործակցություն է լինելու։

Արփինե Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Էությունը հետեւյալն է՝ մեր կապի սպան, որը կներկայացնի մեր ամբողջ իրավապահ համակարգը, Նիդերլանդներում կունենա համապատասխան նստավայր, որի միջոցով Եվրոպոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե ենթակառուցվածքները, թե մնացյալ բոլոր համալրող սարքավորումները։ Եվ նաեւ համանման ենթակառուցվածք կունենանք ՀՀ ՆԳՆ շենքում։ Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր հնարավոր դատաբազաներին, որոնք թույլ կտան ապահովել փոխգործակցությունը Եվրոպական միության եւ ՀՀ միջեւ։ Եվ կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն ՀՀ եւ Եվրոպոլի միջեւ։ Ես շեշտեցի անդրազգային հանցավորության դեմ պայքարը, որովհետեւ վերջերս մեր քննարկումները թույլ են տալիս ասել, որ հատկապես թմրամիջոցների դեմ պայքարը, մաքսանենգությունը, ակտիվների վերականգնումը վաղուց դուրս է եկել ՀՀ տարածքից, եւ այստեղ միջպետական համագործակցությունը շատ մեծ նշանակություն ունի։ Ընդ որում, մենք տարբեր քրեական վարույթների շրջանակներում բախվում ենք այնպիսի խնդիրների, որ թեեւ արձանագրում ենք, որ կա ապօրինի ծագում ունեցող ակտիվ, բայց դրա վերականգնման հետ կապված հարցերը գտնվում են միջպետական հարաբերությունների շրջանակներում, այսինքն՝ ակտիվները ՀՀ-ում չեն»։

Կապի սպան Եվրոպոլի հետ որեւէ աշխատանքային հարաբերություն չի հաստատելու, նա ՀՀ իրավապահ համակարգի աշխատակիցն ու ներկայացուցիչն է։

Արփինե Սարգսյանն ասաց, որ այս փուլում ՆԳՆ կրթահամալիրում քրեական ոստիկանության ձեւավորման գործընթացն է։ Եվրոպոլը շատ լուրջ գործընկեր կարող է լինել քրեական ոստիկանության համար՝ ավելի նոր թափով հանցավորության դեմ պայքարն ապահովելու համար։

Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց, թե կապի սպան միայն ՆԳՆ տվյալների շտեմարանի՞ն է տիրապետելու, թե՞ այլ կառույցների, այդ թվում՝ ԱԱԾ։

Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ բոլոր իրավապահ մարմինների շտեմարանների մասին է խոսքը։ Բայց միաժամանակ հավելեց, որ անծայրածիր տվյալների հասանելիություն չի ապահովվելու։

Վիլեն Գաբրիելյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն անդրադարձավ կապուղու հետ կապված անվտանգային ռիսկերին․ «Նախ եւ առաջ Եվրոպոլը, նրա գաղտնի տեղեկատվական բազան ու կապուղին հանդիսանում են հետախուզական ներթափանցման օբյեկտներ։ Երեւի գիտեք, որ վերջերս տեղի է ունեցել արտահոսք, եւ հիմա այդ արտահոսքի հիման վրա քննություն է ընդանում։ Կարող ենք եզրակացնել, որ կապուղու անվտանգության ապահովումը մեր պատասխանատվության գոտում նշանակում է, առաջինը՝ արդյունավետ հակազդեցություն հետախուզական ներթափանցմանը, երկրորդ՝ չարտոնված արտահոսքի կանխում, խափանում, երրորդ՝ կապուղու վրա արտաքին ապակառուցողական ազդեցության կանխարգելում, չորրորդ՝ երրորդ կողմին տեղեկությունների չարտոնված փոխանցման կանխում»։

Նա նշեց, որ ՀՀ-ն՝ ի դեմս ՆԳՆ սպայի, շուրջօրյա հասանելիություն է ստանում Եվրոպոլի բազաների տեղեկություններին եւ պետք է հասանելիություն ունենա նաեւ ազգային մարմինների տեղեկատվական բազաներին։

Վիլեն Գաբրիելյանը հարցրեց՝ ՀՀ արտաքին հետախուզությունը չի հանդիսանում իրավապահ մարմին, մինչդեռ տիրապետում է օպերատիվ տեղեկատվությանը, որը վերաբերում է հանցագործությունների այն տեսակին, որոնցով զբաղվում է Եվրոպոլը, նախատեսվո՞ւմ են մեխանիզմներ այդ ոլորտում։

Արփինե Սարգսյանն արձագանքեց, որ կգա մի օր, երբ կառնչվեն նաեւ արտաքին հետախուզության ծառայության տեղեկությունների տիրապետման կամ փոխանցման հետ կապված հարցերին։ «Բայց սա վերաբերում է իրավապահ բլոկին, հետեւապես, արտաքին հետախուզության ծառայության ինֆորմացիան այս կապուղում միջոցով չի փոխանակվելու գործընկերների հետ»,- ասաց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930