Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակում, որտեղ ես մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետեւից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս»․ Արարատ Միրզոյան

Ապրիլ 10,2024 18:13

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Երեկվա մեր բուռն փակ քննարկումից հետո ընդդիմադիրներից մեկն ասել է, որ դուք շատ վախեցած էիք եւ դրա վրա է կառուցել իր ամբողջ հարցազրույցը։ Ես շատ կուզենայի, որ դուք մեկնաբանեիք, որովհետեւ երեկվա մեր փակ հանդիպումից հետո հնչում են միայն մեր ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները»։

Արարատ Միրզոյանն ասաց․ «Իրականում այն բակում, որտեղ ես մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետեւից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս։ Ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, որովհետեւ հարիր չեմ համարում խորհրդարանին։ Բայց ես ուրիշ դրվագ եմ հիշում՝ երբ ես խոսում էի եւ պատասխանում էի ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, որ ես մուննաթ եմ գալիս իրենց վրա, մեղադրական տոնով եմ խոսում, բայց ոչ մի կերպ չեմ հիշում, որ որեւէ մեկն ասեր՝ էս ի՞նչ վախեցած եք խոսում, պարոն Միրզոյան»։

Արարատ Միրզոյանն ասաց, որ երեկ փորձել է ռացիոնալ երկխոսություն ծավալել ընդդիմության հետ՝ բացատրելով, որ Հայաստանը բանակցություններում եւ առաջին հերթին սահմանազատման հարցերով բանակցություններում կարող է հենվել միայն լեգիտիմության հիմքերի վրա։

«Մենք կարող ենք խոսել, պահանջել, հիմնավորել այն, ինչ իրավականորեն ամուր է։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ եւ մեզ պետք էլ չէ հիմնավորել բաներ, որոնց իրավական հիմքերը մենք չունենք։ Այդ մարդիկ էլ կարծես ընդունում էին սահմանի գոյությունը, իրենցից որոշ գործընկերներ նույնիսկ գիտեին՝ այդ սահմանը որտեղով է անցնում։ Եվ նիստից հետո այդ հոխորտանքներն անիմաստ եմ համարում»,- ասաց Միրզոյանը։

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ արդար չէ, երբ ընդդիմադիրները նիստի ժամանակ մի բան են ասում, դուրս են գալիս, ուրիշ բան են խոսում․ «Մարդ քիչ է մնում ուզած-չուզած բաց անի կամ նստի ու պատմի, թե իրենք այստեղ ինչպես էին իրենց պահում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930