Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին եղել ու մնում է մեր ազգային ինքնության առանցքային հենասյունը. «Փաստ»

Ապրիլ 13,2024 09:40

Փաշինյանական իշխանավարման այս ընթացքը ևս մեկ անգամ ցույց տվեց, եթե կուզեք՝ ապացուցեց, որ Հայ առաքելական եկեղեցին գործնականում մնացել է ազգային-պետականահաստատ միակ ինստիտուտը, որ կարողացել է դիմակայել վերջին 6 տարվա հակապետական ավերածություններին:

Տեսե՛ք, բանակը փաշինյանական «բարեփոխումների» հետևանքով էապես տուժել է: Պետական հաստատությունները գործնականում կազմաքանդվել են: Երկրի Սահմանադրությունն այս իշխանությունները վերածել են ոտաշորի՝ ինչպես ու երբ կամենում, տրորում են, կրթական համակարգը ձևախեղված է, բարձրագույն կրթական համակարգը կազմաքանդման փուլում է և այդպես շարունակ: Քաղաքական համակարգը, որ մինչ այս էլ մի բարվոք վիճակում չէր, հիմա ընդհանրապես անվանարկված, հեղինակազրկված է: Մնացել է միայն Հայ առաքելական եկեղեցին: Անկախ այն բանից, թե մեզանից ով է հավատում Աստծուն, ով է «հին Աստվածներին» երկրպագում, կամ ով է ընդհանրապես անհավատ կամ աթեիստ (հարցը դա չէ), Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, որպես ինստիտուտ, որպես 1700-ամյա հոգևոր-մշակութային ժառանգության խտացում, եղել ու մնում է մեր ազգային ինքնության առանցքային հենասյունը:

Հենց այդ է գլխավոր պատճառը, որ այժմ Փաշինյանի իշխանությունն իր ներկայացուցիչների ամբողջ մաղձն ու ատելությունն ուղղել է Հայ առաքելական եկեղեցու վրա, թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին: Հաշվի առնելով Փաշինյանի ու նրա ՔՊ-ական խմբակի արդեն բացարձակ անթաքույց ու կործանարար նպատակները՝ միանգամայն օրինաչափ է, որ նրանք պիտի հարձակվեին Հայ առաքելական եկեղեցու վրա: Ի դեպ, հատկանշական «մանրուք». այս օրերին Հայ առաքելական եկեղեցու դեմ գրեթե նույնահունչ, գրեթե մեկին մեկ կրկնվող մեղադրանքներով հարձակվեցին երկու խմբավորում. Փաշինյանի ՔՊ-ն և … ադրբեջանցիների Փաշազադեն, այն, որ Ալահշուքյուր է ու մեր թշնամու հոգևոր առաջնորդը: Սա այնպիսի աղաղակող ու բնութագրական փաստ է, որ նույնիսկ հավելյալ մեկնաբանության կարիք չի զգացվում: Հասկանալի է, իհարկե, որ Հայ առաքելական եկեղեցու և ՀԱԵ հոգևոր հայրերի նկատմամբ ՔՊ-ականների ու նրանց ղեկավարի՝ ինքզինքը ոչ ավել, ոչ պակաս…

Հիսուս Քրիստոսի հետ համեմատող (մեղա՜) Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ ատելությունը նաև այլ պատճառներ ունի՝ նշվածներից բացի: Հնարավոր է, որ նրանք, այսպես ասենք, «այլ կրոնական կազմակերպության» հետևորդներ են մեծամասամբ: Դա թող իրենք ասեն, կամ հետագայում թող «քննությունը պարզի»: Բայց եթե դա այդպես չէ, ապա ինչպե՞ս է լինում, որ Ամենայն հայոց կաթողիկոսի մատուցած Զատկական պատարագին ո՛չ մի ՔՊ-ական իշխանավոր չի մասնակցում: Այսինքն, դա պատկերացում տալիս է, չէ՞, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ՔՊ-ական իշխանավորների ու նրանց՝ նաև «հոգևոր առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի ատելության ու մաղձի աստիճանի մասին: Թե ինչ և ինչու է անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարծում ենք, պարզ է, ու՝ ոչ միայն մեզ: Մնում է կողմնորոշվել, թե ինչ ենք անում մենք, որպեսզի շարունակենք ոչ միայն Եկեղեցի, այլև Պետություն ունենալ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930