Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Կապանի վարչական տարածքներից բռնազավթվել է 2700 հա հողատարածք»․ Գեւորգ Փարսյան

Ապրիլ 13,2024 18:38

2022 թվականի սեպտեմբերյան մարտական գործողությունների եւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Կապան համայնքի վարչական տարածքներից օկուպացվել է 2700 հա հողատարածք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասաց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ Ըստ նրա՝ հիմնականում բռնազավթված են Ներքին Հանդի տարածքները։

«Ներքին Հանդ բնակավայրը ներկա դրությամբ երեք կողմից գտնվում է շրջապատված, եւ սեպտեմբերյան ագրեսիվ մարտական գործողությունների հետեւանքով գյուղի բնակիչները զրկվել են կենսական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ռեսուրսներից, նույնիսկ գերեզմանոցը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո»,- ասաց Փարսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս պետք է ազատագրվեն թշնամու կողմից բռնազավթված տարածքները, նա պատասխանեց․ «Դեռ վաղ է լուծումների վերաբերյալ ինչ-որ բան ասել։ Գիտեք, որ հիմա սահմանագծման-սահմանազատման գործընթաց է ընթանում, եւ հուսանք, որ հարցի լուծումը կտրվի խաղաղ ճանապարհով»։

Նա նշեց, որ Կապանի տարածաշրջանում անվտանգային իրավիճակն անփոփոխ է, ներկա դրությամբ կայուն է։
Հարցին, որ Տավուշում գյուղերի հանձնումը կարող է նաեւ խնդիրներ ստեղծել Սյունիքի համար, այսինքն՝ զիջումները կբերեն նոր բռնազավթումների, ի՞նչ պետք է անել, Փարսյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ հանրության մեջ այդ մտահոգությունները կան։ Եվ, իհարկե, մտահոգիչ է այն իրավիճակը, որ արդեն պատերազմից հետո 4 տարի մենք անընդհատ կորցնում ենք։ Իհարկե, մտահոգում է Հայաստանի անվտանգային իրավիճակը»։

Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելուց հետո համայնքների համար խնդիրներ են ստեղծվել։ Անդրադառնալով այս հարցին՝ Փարսյանն ասաց, որ կառուցվել են այլընտրանքային ճանապարհներ։ «Սկզբնական շրջանում բարդ էր ճանապարհը հատկապես ծանրաքարշ մեքենաների համար, կառուցվեց Կապան-Լծեն ճանապարհահատվածը, որը հիմա էլ իր խնդիրներն ունի։ Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում քարաթափումներ եւ երթեւեկության հետ կապված բավական խնդիրներ են առաջացնում»,- ասաց նա։

Գեւորգ Փարսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ են Կապան-Երեւան չվերթները ոչ հաճախակի տեղի ունենում․ «Չվերթների սակավությունը հիմնականում եղանակային պայմանների հետ է կապված, քանի որ համապատասխան սարքավորումները դեռ ձեռք չեն բերվել, որպեսզի վատ եղանակային պայմաններին չվերթ իրականացվի»։ Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ էր արձակում՝ փորձելով խոչընդոտել թռիչքների իրականացումը։

«Մինչեւ սեպտեմբեր ամիսը կային անկանոն կրակոցներ, որոնք անվտանգային խնդիրներ էին առաջացնում, բայց տեւական ժամանակ է՝ արդեն ամիսներ է, որ երբեւիցե խնդիր այդ առումով չենք արձանագրում։ Հիմա չվերթների սակավությունը կամ ոչ հաճախակի լինելը կապված է զուտ եղանակային պայմանների հետ»,- ասաց Փարսյանը։

Կապանի համայնքապետը նաեւ նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս,որ Կապանից արտագաղթ չկա։ «Բնակչության այն քանակը, որը կար սահմանամերձ բնակավայրերում, բնակչության այդ քանակը պահպանվում է մինչեւ այսօր»,- ասաց նա՝ հավելելով, որ նաեւ բռնի տեղահանված մոտ 900 արցախցի է բնակություն հաստատել Կապանում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930