Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական քարոզչությամբ է զբաղված՝ խեղաթյուրում է բանակցային գործընթացի եւ ինքնորոշման իրավունքի էությունը»

Ապրիլ 15,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

 – Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ասաց, որ «միջազգային հանրությունը, որը ստեղծել է «ինքնորոշում» եզրույթը, նկատի է ունեցել, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, եւ դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով»։ Արդյոք դա այդպե՞ս է, թե՞ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը։

– Դա ճիշտ չէ, Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրում է։ Արցախի ինքնորոշման սահմանափակ իրավունքը, այսինքն՝ Ադրբեջանի կազմում ինքնավարության հարցը քննարկվել է 1997 թվականին։ Դա եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջին առաջարկը եւ պայմանավորված է եղել Խորհրդային միության փլուզման ժամանակ Ալմա-Աթայում ձեռք բերված պայմանավորվածություններով։ Դա անցած էտապ է, արդեն 1998 թվականի դրությամբ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ առաջարկը եղել է Արցախի համար ֆեդերատիվ միավորի կարգավիճակը։ Երրորդ առաջարկը Քի Վեստում եղել է տարածքային փոխանակումը։ Չորրորդ առաջարկը կարելի է համարել «Մադրիդյան սկզբունքները», որտեղ արդեն խոսքը գնացել է սեցեսիայի մասին, այսինքն՝ Արցախի համար ազատ, ոչ սահմանափակ ինքնորոշման իրավունքի մասին։ Դրա համար նույնպես կային պայմաններ, ներառյալ Կոսովոյի նախադեպը, մինչ այդ Արեւմտյան Սահարայի նախադեպը նույնպես կար, որի  էությունն է, որ տարածքային նման հարցերը պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով։ Դա միջազգային ստանդարտ է։

Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրեց եւ բանակցային գործընթացի էությունը, եւ ազատ ինքնորոշման իրավունքի սահմանումն ու էությունը՝ պնդելով, որ դա ֆիկցիա է։ Իրականում ազատ ինքնորոշման իրավունքը նշանակում է, որ քվեարկությանը մասնակցող ժողովուրդը կարող է ազատորեն ընտրել միանալ որեւէ պետության, ինքնուրույն պետություն ստեղծել կամ մնալ ինչ-որ պետության կազմում՝ որպես ինքնավար կամ ինչ-որ աստիճանի ինքնուրույնություն ունեցող սուբյեկտ։ Այսինքն՝ ազատ ինքնորոշման իրավունքը միշտ նկատի են ունեցել Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար տարածքը։ Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է խոսում, դա ադրբեջանական քարոզչություն է ընդամենը։

– Անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերը թշնամուն հանձնելու հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ գյուղերի հանձնումը որեւէ երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի։ Այսինքն՝ սպառնում է, որ եթե չհանձնեն, պատերազմ կլինի, բայց նաեւ ասում է, որ հանձնելուց հետո էլ չի երաշխավորում, որ Ադրբեջանը չի հարձակվի։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Խոսքը գնում է շփման գծից զորքերը միակողմանի հետ քաշելու մասին։ Այդպիսի օրինական պահանջ չի կարող լինել։ Եվ նաեւ հրապարակային չկա նման պահանջ՝ որպես «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար նախապայման։ Ադրբեջանը չի կարող պաշտոնապես նման նախապայման առաջ քաշել, որ Հայաստանը շփման գծից իր զորքերը միակողմանի հետ քաշի։ Դա ադրբեջանական քարոզչություն է, որը նպատակ ունի ահաբեկված վիճակում պահել մեր հանրությանը, խոչընդոտել մեր տնտեսության զարգացմանը, որովհետեւ դա խոչընդոտում է ներդրումների իրականացմանը։ Նաեւ խոչընդոտում է շինարարության ոլորտի զարգացմանը, մարդկանց կողմից անշարժ գույքի գնումների հարցում որոշում կայացմանը, եւ այլն։

Այսինքն՝ սա Հայաստանի դեմ ուղղված ուղիղ գործունեություն է, որը Նիկոլ Փաշինյանը ջանասիրությամբ կատարում է։ Դա Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչությունն է, որի տարածմամբ զբաղված է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930