Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը պարտվեց, հետո քնեց-զարթնեց ու որոշեց, որ պատմականն ու իրականն անհամադրելի են»

Ապրիլ 15,2024 13:00

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի՝ եթե այս ամենը Փաշինյանի մեկ գիշերային քնահարամության հետեւանք է, ապա պետք է մերժվի առանց քննարկման, բայց եթե սա մասնագիտորեն մշակված ծրագիր է, որն իրականացման փուլ է մտնում, ապա պետք է երեւարկվեն դրա նախապատրաստման օբյեկտիվ դրդապատճառները։

 -Պարոն Մելիքյան, ինչո՞վ են վտանգավոր Նիկոլ Փաշինյանի՝ «պատմական» եւ «իրական» Հայաստանների միջեւ հակասություններ տեսնելու հայտարարությունները, երեկ էլ ՀՀ ԱԺ-ում կրկին անդրադարձ կատարեց այս թեմային։

-Փաշինյանի «իրական» Հայաստանը պատմական Հայաստանից անջրպետելու որոշումը, դրանց՝ միմյանց հակոտնյա լինելու մասին նրա պնդումն, իհարկե, քաղաքական շատ որոշակի հետեւանքներ է նախատեսում թե’ Հայաստանի Հանրապետության, թե ողջ հայության համար։ Նա խոստովանում է, որ մինչ 44-օրյա պատերազմում պարտվելն ինքն էլ է եղել պատմականն ու իրականը միասնական ձեւաչափով դիտարկելու կողմնակիցն ու ջատագովը։ Փաստորեն՝ պարտվեց, հետո քնեց-զարթնեց ու որոշեց, որ պատմականն ու իրականն անհամադրելի են, փոխբացառող։ Ավելի ճիշտ՝ պատմական Հայաստանը Փաշինյանի «իրական» Հայաստանի համար գոյութենական սպառնալիք է, ու եթե ուզում ենք գոնե «իրական» Հայաստանում՝ ասել է թե Հայաստանի Հանրապետությունում, մեր խաղաղ ու անվտանգ գոյությունը պահպանենք, ապա պարտավոր ենք զոհաբերել, խզել պատմական Հայաստանի հետ իրական Հայաստանի ունեցած կապը։ Արդյոք այդ կապը խզելը երաշխի՞ք է տալիս, որ ՀՀ տարածքն ու քաղաքացիներն այլեւս չեն ենթարկվի հարձակումների։ Փաշինյանն ասում է, որ նման երաշխիք չկա ու չի լինելու։ Կարծում եմ, որ «պատմականի» ու «իրականի» կապն անխզելի է, քանի որ «իրականը» պատմականի ժամանակակից պրոյեկցիան է, այսինքն՝ իր կազմավորման տարածքում ապրած ժողովրդի պատմական ընթացքի, գործունեության, հաղթանակների ու պարտությունների արդյունքում ձեւավորված ներկան է մարմնավորում։ Մի խոսքով, եթե այս ամենը Փաշինյանի մեկ գիշերային քնահարամության հետեւանք է, ապա պետք է մերժվի առանց քննարկման, բայց եթե սա մասնագիտորեն մշակված ծրագիր է, որն իրականացման փուլ է մտնում, ապա պետք է երեւարկվեն դրա նախապատրաստման օբյեկտիվ դրդապատճառները։ «Պատմական» Հայաստանի պլատֆորմի վտանգները տեսանելի են, բայց դրանց չեզոքացումը նաեւ այլ՝ ոչ-բռնի ճանապարհներով է հասանելի։

-Անվտանգային խնդիրներն օրեցօր ավելանում են, Նիկոլ Փաշինյանը խոսում է Տավուշից չորս գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին, նաեւ հայտարարում է՝ այդ գյուղերը հանձնեն Ադրբեջանին, թե՝ ոչ, միեւնույն է՝ խաղաղության երաշխիքներ չկան: Ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը եւ այս իրավիճակում ի՞նչ զարգացումների սպասել։

-Հավանաբար իրեն թվում է, որ այս կերպ հնարավոր է ադրբեջանական կողմին ռազմական ագրեսիայի դաշտից բերել քաղաքական առեւտրի դաշտ, համոզել, որ կարող է առանց բռնության ստանալ իր ուզածը։ Գուցե հույս ունի, որ պաշտոնական Բաքուն էլ, արդյունքում, համանման պահվածք կորդեգրի իր վերահսկողության տակ անցած հայապատկան տարածքների ճակատագրի հարցում եւ կամավոր դրանք կվերադարձնի։ Ինքս գտնում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումն ու սահմանազատումը բացառապես Երեւանի ու Բաքվի երկկողմ հարաբերությունների տիրույթում չեն, ուստի արդյունավետ քաղաքական լուծումները հասանելի կլինեն միայն այն դեպքում, եթե ՀՀ իշխանությունները հասկանան ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների հեռահար նպատակները, հիմնական դերակատարների կենսական շահերը։

-Ինչպե՞ս կգնահատեք բրյուսելյան հանդիպումները։ Այն, որ քաղաքական հարցեր չեն քննարկվել այդ հանդիպումների ընթացքում չի՞ նշանակում, որ Արեւմուտքն առանձնապես հարաբերություններ ՀՀ-ի հետ խորացնելու մտադրություն չունի եւ այս ֆոնին ըստ էության այն աջակցության գումարի պարագայում, որը տրամադրվել է Հայաստանին, որքանո՞վ է արդարացված ՀՀ-ի ՌԴ-ի հետ տարվող քաղաքականությունը, մանավանդ, որ Արեւմուտքի աջակցությունը համաչափ չէ այն հնարավոր վնասներին, որ կարող է ստանալ Հայաստանը՝ ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման պարագայում։

-Դժվար թե ՀՀ իշխանությունները գործնականում Ռուսաստանի շահերին հակասող քայլեր կատարեն։ Մանավանդ որ հազիվ թե իմանան, թե իրական ռուսական շահերն այսօր իրենցից ինչ են ներկայացնում։ Գոնե առայժմ տնտեսական հարաբերությունների ոլորտում հակասություններ դժվար թե առաջանան։ Աղմուկն ավելի շատ է, քան կոնկրետ թշնամական գործողությունները։ Նույն «ԾՌՐ» բանկային քարտերի ու առհասարակ, վճարումների խնդիրը Մոսկվայի համար առաջացել է շատ պետություններում՝ նույն Թուրքիայում եւ, անգամ, Չինաստանում, բայց հայհարայը Երեւանի գլխին են կապել։

-Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը, հայտարարել է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։ Չեք կարծո՞ւմ ՝ այս հայտարարությամբ Տոյվո Կլաարը կարծես աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա, հետեւաբար ինչպե՞ս կարող է ՀՀ-ն հանգիստ լինել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի՝ իր խոստումները չպահելու դեպքում Արեւմուտքը կրկին աչք չի փակի։

-Ոչ մի երաշխիք չկա։ ՀՀ գործող իշխանությունը զիջումների պատրաստ օղակն է տարածաշրջանում, իսկ դա նշանակում է, որ առայժմ հենց պաշտոնական Երեւանի զիջումների հաշվին է ձեւափոխվելու ու ապահովվելու Հարավային Կովկասում եւ հարակից շրջաններում ռազմաքաղաքական հավասարակշռությունը այստեղ շահեր ունեցող հիմնական դերակատարների միջեւ։

-Նիկոլ Փաշինյանն առայժմ որոշում չի կայացրել՝ բոյկոտե՞լ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին նախատեսված երդմնակալության արարողությունը, թե՝ ոչ։ Այդ օրը կկայանա նաեւ ԵԱՏՄ Վեհաժողովը։ Հաշվի առնելով նաեւ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումներրը, թե Հայաստանը չի ուզում գնալ ՌԴ-ի հետ առճակատման, ի՞նչ եք կարծում՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանի՝ այս երկու միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։

-Ավելի հավանական եմ համարում, որ վարչապետ Փաշինյանը կմասնակցի մոսկովյան միջոցառումներին։ Նախագահ Պուտինին նա արդեն իսկ շնորհավորել է իր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, իսկ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունն էլ շատ կարեւոր եւ օգտակար է համարում Հայաստանի համար ու այդ մասին հրապարակավ հայտարարել է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930