Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի առարկությունները ենթակա են մերժման, ի պատասխան ՀՀ ապացույցների՝ Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարում»․ Եղիշե Կիրակոսյան

Ապրիլ 16,2024 13:56

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր շարունակվում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայկական կողմը գլխավորում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Երեկ դատարանը լսեց Ադրբեջանի առարկությունները։

Իր ելույթում Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն այս վարույթը հարուցեց Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում ազգությամբ հայերի նկատմամբ։ «Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության քաղաքականություն է սերմանել ազգությամբ հայերի նկատմամբ։ Ադրբեջանի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել եւ սպանել հայերին, պետական լրատվամիջոցները չար ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին։ Սա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է։

Իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ բացառեց այսպես կոչված հայատյացությունը։ Միջավայր, որտեղ բառացի կացնով սպանողները ստանում են մրցանակներ եւ փառաբանվում որպես ազգային հերոսներ՝ խաղաղության պայմաններում հայերին սպանելու համար։ Ռասայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ։ Հայտարարված նպատակն էր վերացնել եւ վտարել էթնիկ հայերին իրենց հայրենիքից։ Ինչպես նախագահ Ալիեւը հետագայում բացատրեց՝ «թշնամու նկատմամբ ատելությունն էր մեզ առաջ շարժում»։ 44 օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում եւ բռնության էին ենթարկում էթնիկ հայերին եւ հպարտորեն նկարվում էին՝ կատարելով բռնության աննկարագրելի գործողություններ էթնիկ հայ քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների նկատմամբ՝ միաժամանակ ռասայական վիրավորանքներ բացականչելով»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց, որ այս բռնությունն ու ահաբեկումն Ադրբեջանի կողմից օգտագործվեց՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու համար։ «Նախագահ Ալիեւը հաղթանակ հռչակեց՝ հայտարարելով,որ այս տարածքներում այլեւս երբեւէ հայկական երգեր չեն երգվելու։ Այս դաժանություններից հետո, որոնք էթնիկ հայերի նկատմամբ ռասայական խտրականության տասնամյակների գագաթնակետն էին, Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո։ Եվ որ կարեւոր է՝ Հայաստանը դիմեց, որպեսզի դատարանը հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, ովքեր այդ ժամանակ դեռեւս չէին սպանվել ու չէին վտարվել իրենց հայրենիքից։ Բոլորս գիտենք, թե այդ ժամանակից ի վեր ինչ է տեղի ունեցել։ Նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայ ազգի բնակչությանն 9 ամիս սովատանջ անելուց հետո, շրջափակելով Լաչինի միջանցքը եւ դատարանի երկու նախնական միջոցառումների վերաբերյալ որոշումների աղաղակող խախտումների միջոցով Ադրբեջանը ցուցադրված հարձակում նախաձեռնեց՝ սպանելով հարյուրավոր հայերի եւ ստիպելով հարյուր հազարավոր հայերի հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Մինչ օրս 200 անհետ կորած անձինք կան, եւ նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագիրը։

Ինչպես դատարանի նախկին որոշումների պարագայում, Ադրբեջանը շարունակեց չկատարել դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի երրորդ որոշումը։ Մեջբերում դատարանի որոշումից՝ «Ադրբեջանը ոչինչ չի արել, որպեսզի ապահովի, որ այն անձինք, ովքեր հեռացել են Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո եւ ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների եւ առանց հապաղելու»։ Ադրբեջանն ի կատար ածեց տարածաշրջանի էթնիկ զտումը եւ այժմ համախմբում է այդ քաղաքականությունը՝ համակարգված կերպով ջնջելով էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը, այդ թվում՝ հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը։ Սույն գործի քննությանը զուգահեռ է այս ամենը տեղի ունենում։ Անցյալ ամիս նախագահ Ալիեւը Ստեփանակերտում կրակ վառեց եւ հաղորդագրություն տարածեց, որ դա «վերջնական մաքրման գործողությունն է»,- հավելեց Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց, որ Հայաստանի պնդումներին ու բազմաթիվ ապացույցներին ի պատասխան՝ Ադրբեջանը հուսահատ փորձեր է կատարել՝ կողմերի միջեւ հավասարության կեղծ զգացողություն ձեւավորելու՝ իր կողմից գործ հարուցելով Հայաստանի նկատմամբ։ «Բայց Ադրբեջանի համար դժվարությունն այն է, որ չունի տեսանյութեր ռասայական վայրագությունների վերաբերյալ, որոնցով կարող է հիմնավորել իր պնդումները։ Կամ պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարություններից մեջբերումներ անելու հնարավորություն չունի։ Ուստի, ի՞նչ է արել Ադրբեջանը, վերակենդանացրել է երեք տասնամյակի պատմական դժգոհությունները, որոնք ակնհայտորեն դուրս են դատարանի իրավազորության ժամկետային շրջանակից։ Երեկ Ադրբեջանը կեղծ պնդում էր անում՝ 20-րդ դարասկզբի ազգային գաղափարախոսությունը որպես ռասայական ներկայացնելով։ Բայց դա այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտի իրողությունների հետ որեւէ ընդհանրություն չունի։ Ադրբեջանը նաեւ անհավանական պնդումներ է ներկայացրել իբրեւ բնապահպանական վնասի մասին, որը որեւէ կապ չունի ռասայական խտրականության հետ։

Հայաստանը հաջորդ շաբաթ սկսվող լսումների ընթացքում կհիմնավորի, որ Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս են դատարանի իրավազորության շրջանակից։ Կրկնեմ՝ Ադրբեջանը նույն ռազմավարությամբ փորձում է դիմացինին մեղադրել եւ հայելային արտացոլմամբ նույն պնդումները ներկայացնել։ Անկասկած, Ադրբեջանը գիտի Հայաստանի դեմ ներկայացրած հայցի իրավազորության խնդիրների մասին եւ հիմա հուսահատ փորձ է անում՝ դատարանին համոզել, թե իբր Հայաստանի պնդումն էլ իրավազորության խոչընդոտների պիտի հանդիպի։ Հաշվի առնելով իր առարկությունների ակնհայտ թուլությունը՝ Ադրբեջանը պարզապես հույս ունի, որ առարկությունների մի խումբը կչեղարկի դիմացի կողմի առարկությունները։ Դա ցինիկ ռազմավարություն է, որը կիրառվում է , քանի որ այլ տարբերակներ չկան։ Ադրբեջանի առարկություններից ոչ մեկը, նույնիսկ նախնական քննադատության չի դիմանում, եւ իր մարտավարությունը պետք է ձախողվի»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց՝ այն, ինչ Ադրբեջանն անվանում է բանակցություններ, իրականում մի օրակարգ է, որը թելադրվել է Ադրբեջանի կողմից՝ բացառապես ունենալով մեկ նպատակով՝ հնարավորինս երկարաձգել բանակցությունները։ Այն, ինչ Ադրբեջանն անվանում է վստահության ամրապնդման գործընթաց, տեղի էր ունենում մի ժամանակահատվածում, երբ ադրբեջանական բանակը շարունակում էր էթնիկ հայերին վտարել իրենց տներից։

«Եվ այն, ինչ Ադրբեջանն անվանում է այսպես կոչված համատեղ գործողությունների վերաբերյալ առաջարկ, այդ նույն ժամանակ Ադրբեջանը խոշտանգում էր էթնիկ հայ կալանավորված անձանց եւ ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։ Մինչդեռ, Ադրբեջանը պնդում է, որ առաջընթաց էր արձանագրում բանակցություններում, բայց այդ ժամանակ «ռազմավարի պուրակ» էր բացում եւ ծաղրում էթնիկ հայերին ռասիստական մանեկեններով։ Այսպիսի համատեքստում բանակցությունների մեկ տարին անգամ չափազանց երկար էր։ Այնուամենայնիվ, Հայաստանը բանակցում էր Ադրբեջանի հետ բարեխղճորեն եւ ծավալում քննարկումներ, որոնք ավելի քան ապարդյուն էին։

Հայաստանը բավարարել է 22-րդ հոդվածի պահանջի տառն ու ոգին, եւ Ադրբեջանի առաջին առարկությունն այս առումով ենթակա է բացարձակ մերժման։ Հիմնազուրկ է նաեւ Ադրբեջանի երկրորդ առարկությունը։ Չկարողանալով անգամ փաստարկել, որ Հայաստանի պնդումների ճնշող մեծամասնությունն իբրեւ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից, Ադրբեջանը փորձ է անում դատարանին համոզել, որ Հայաստանի որոշ պնդումներ ու պահանջներ, որոնք վերաբերում են բռնությանը, կալանավորումներին եւ հարկադիր անհետացումներին, որեւէ ընդհանրություն չունեն սույն կոնվենցիայի հետ։ Եվ դա անելու համար Ադրբեջանը առնվազն երկու մտացածին փաստարկի վրա է հիմնվում։ Առաջինը, դատարանին ասում է, թե Հայաստանը չունի բավարար ճշգրտությամբ ռասայական վերաբերմունքի բնույթի ապացույցներ։ Ադրբեջանը պնդում է՝ որպեսզի դատարանն իրավազորություն ունենա, Հայաստանը պետք է ապացուցի, որ բռնության յուրաքանչյուր դեպք, կալանավորում եւ անհետացում բավականաչափ ռասիստական է եղել։

Ադրբեջանի մյուս մտացածին փաստարկն այն է, որ Հայաստանի բողոքը չի տեղավորվում կոնվենցիայի շրջանակի մեջ, քանի որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն է մեջբերում։ Ադրբեջանի տեսանկյունից Հայաստանն անհարկի փորձ է անում դատարանով լուծել երկու պատերազմող պետությունների զինված հակամարտության խնդիրը։ Ինչպես արդեն բացատրեցի, Հայաստանի պահանջը չի սահմանափակվում 2020 թվականի 44-օրյա պատերազմով միայն։ Պատերազմը միայն այսբերգի գագաթն էր, իսկ այդ այսբերգը ռասիստական քաղաքականության տասնամյակների այսբերգն էր։ Զինված հակամարտության առկայությունը չի բացառում սույն կոնվենցիայի գործողությունը։ Պատմությունն է մեզ ցույց տվել, որ ամենածայրահեղ ռասայական խտրականության դրսեւորումները, այդ թվում՝ հալածանքը, էթնիկ զտումը եւ ցեղասպանությունը առավել հաճախ տեղի են ունենում հենց զինված հակամարտության համատեքստում»,- ընդգծեց նա։

Եղիշե Կիրակոսյանը հավելեց․ «Ադրբեջանը Հայաստանի պահանջները թե այս դատարանում, թե Ստրասբուրգում, շարունակում է ներկայացնել իբրեւ Ադրբեջանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության վիճարկման դրսեւորում եւ պնդում, թե այս վարույթը խոչընդոտ է երկու պետությունների միջեւ խաղաղության ճանապարհին։ Ադրբեջանը խորապես սխալվում է, Հայաստանն Ադրբեջանի տարածքի նկատմամբ որեւէ պահանջ չունի։ Հայաստանը հանձնառու է իրական եւ տեւական խաղաղության պայմաններ ձեւավորելու օրակարգին, սակայն չի կարող այնպես լինել, ինչպես նախագահ Ալիեւն է ասել, որ ուժն է ծնում իրավունքը կամ նրա խոսքով ասած՝ միջազգային իրավունքը չի աշխատում։ Այն պետությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել, չի կարող հայտարարել, վայրագություններն ավարտել է եւ արդեն պատրաստ է անցնել առաջ։ Պատմությունը մեզ սովորեցնում է, որ տեւական խաղաղության հիմքում պետք է լինի արդարությունը, հաշվետվողականությունը, ճշմարտությունը եւ հաշտությունը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930