Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման վճիռը. «Փաստինֆո»

Ապրիլ 18,2024 13:55

«Փաստինֆո». Դատախազությունը պահանջում է բեկանել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արսեն Բաբայանի արդարացման վճիռը և մեղավոր ճանաչել նրանց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, արդարացրել է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին՝ առաջադրված մեղադրանքներում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազ Վահագն Պողոսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատական ակտը և մեղավոր ճանաչել մեղադրյալներին։ Նկատենք, որ դատախազը միաժամանակ պահանջել է պաշտոնեական կեղծիքի դրվագով քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրվագով՝ դատապարտել ազատազրկման և կիրառել համաներում։

Բողոքը գտնվում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում։ Այն կքննվի դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ, դատական կազմում ընդգրկված են նաև դատավորներ Արթուր Նահապետյանը և Անի Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են 2019թ․-ին։ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական (2003թ․) օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։

Ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Իսկ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ըստ քրեական գործի՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումն իրականում ներկայացվել է ոչ թե մարտի 2-ին, ինչպես նշված է փաստաթղթերում, այլ՝ մարտի 5-ին, ինչը, սակայն, իբրև խեղաթյուրվել է, ինչն էլ հիմք է դարձել Հրայր Թովմասյանի թեկնածությունը թափուր մնացած պաշտոնում հետագայում առաջադրելու, նրան ՍԴ նախագահ նշանակելու համար, որի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՍԴ իրավունքներին և օրինական շահերին, ոտնահարվել են 2018 թվականի ապրիլի 9-ից հետո գործող օրենսդրությամբ ՍԴ անդամների՝ վեց տարի ժամկետով ՍԴ նախագահ ընտրելու և ընտրվելու իրավունքները հեղինակազրկվել է դատական իշխանության տվյալ մարմինը: Նախաքննության ընթացքում Արսեն Բաբայանը կալանավորվել է, ապա՝ ազատ արձակվել։ Ավելի քան երեք տարի տևած քննության արդյունքում դատարանը հունվարի 15-ին հրապարակել է վճիռը՝ արդարացնելով մեղադրյալներին։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930