Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs պատկերասրահում բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը։


Միջոցառման մասնակիցները շրջեցին ցուցասրահով, ծանոթացան հեղինակի աշխատանքներին ու ներկա գտնվեցին իր տեսակով եզակի ինտերակտիվ ցուցահանդեսին՝ Ազնավուրի երաժշտության ու դիմաքանդակների համադրմամբ։
«Նման հավաքածու ունենալու մասին նախապես չեմ մտածել, ամեն բան ինքնաբերաբար ստացվեց»,- բացման ընթացքում Ազնավուր քանդակելու շարժառիթների ու ցուցահանդեսի մասին խոսելիս ասաց Մկրտիչ Մազմանյանը՝ շարունակելով․ «Երիտասարդ տարիներին շատ էի լսում նրան, սկզբում հրապուրվում էի նրանով որպես մեծ հայ, հետագայում սկսեցի հասկանալ, որ ինքը ոչ միայն մեծ հայ է, այլև մեծ ու տիեզերական մարդ։ Ոչ միայն կատարում է լավագույն ձևով, այլև գրում է լավագույն ձևով և որ իր յուրաքանչյուր երգ պոեզիա է ու դրամատուրգիա։ Եվ ես ցանկացա նրա երաժշտությունը թարգմանել ձևի»։

Կարդացեք նաև


Ցուցահանդեսի բացման միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, մշակույթի նշանավոր գործիչներ և արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր։ Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը։
Մազմանյանը Հայաստանի ամենահայտնի կերպարային (ֆիգուրատիվ) քանդակագործներից է։ Արվեստագետի աշխատանքներում արտացոլվում են մարդկային փառասիրությունը, զարթոնքը և էվոլյուցիան։ Մազմանյանի քանդակագործության յուրօրինակ ոճը ձևավորվել է բազմաթիվ մշակույթների և գեղարվեստական ոճերի միախառնումից, չնայած նա ամենաշատը սովորել ու ոգեշնչվել է բնությունից և մարդկանցից։ Մազմանյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է մարդուն՝ իր ողջ գեղեցկությամբ:
Մամուլի հաղորդագրություն


















































