Լրահոս
Օրվա լրահոսը

«Բետոնս սառի, դու կարա՞ս պատասխան տաս». Վարորդի կռիվը՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանի հետ

Ապրիլ 29,2024 11:12

Քաղաքացիները, ի աջակցություն Տավուշի, փակել էին Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը: Ցուցարարների հետ էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Մհեր Սահակյանը:

Քաղաքացիները վանկարկում էին՝ «Նիկո՛լ, ցեղասպա՛ն, Նիկոլ դավաճա՛ն»: Վարորդներից մեկը խնդրեց, որ ճանապարհը բացեն, քանի որ հիվանդ երեխա էր տեղափոխում:

Այնտեղ էր Աշտարակի ոստիկանապետ Արիստակեսյանը, որը մի քանի րոպե ժամանակ տվեց քաղաքացիներին՝ ճանապարհը բացելու համար. «Ուրեմն ունեք 2 րոպե ժամանակ, եթե 2 րոպեից չբացեք, ուրեմն ոստիկանությունը սկսում է իր օրինական պահանջը չկատարելու համար…»:

Միջամտեց Գեղամ Մանուկյանը. «Դուք ասում եք, որ հասարակական կարգը խանգարվում է, բայց մենք օրենքով ենք շարժվում: Հասարակության կարգը խանգարվել է ամբողջ ՀՀ-ում, այդ թվում՝ անվտանգային կարգը, որովհետեւ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուք՝ որպես քաղաքացի կամ ոստիկանապետ լսել եք չէ՞, որ մայիսի 15-ին նոր արձանագրություն պետք է ստորագրի Տավուշի հատվածի համար, բայց այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը անօրինական, խախտելով հասարակական կարգը, խախտելով օրինական բոլոր կարգերը, սահմանակետեր է տեղադրում: Այսօր ոստիկանները, հարգելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքը, պետք է լինեին կառավարության շենքի դեմը եւ իրենց իրավական բոլոր կարգերով ձերբակալեին առաջին հերթին ամենամեծ հասարակական կարգը խախտողին՝ Նիկոլ Փաշինյանին»:

Արիստակեսյանը պատասխանեց. «Հիմա դա փողոց փակելու հետ, քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտելու հետ կապ ունի՞»:

Գեղամ Մանուկյանը պնդեց, որ այո:

Քաղաքացիները կողքից հիշեցրին՝ «Բա Նիկոլը, որ փակում էր, ինչի՞ չէիք ասում, որ կարգ է խախտում»:

«Լոզո՞ւնգ եք սարքել: Ինչի՞ համար ես դա հիմա ինձ ասում: Օրինական պահանջ եմ ներկայացնում՝ փողոցը բացո՛ւմ ես: Ոչ մեկիդ իրավունք տված չի ուրիշի ազատ տեղաշարժը սահմանափակել»,- արձագանքեց ոստիկանապետը:

Գեղամ Մանուկյանը փորձեց բացատրել, որ հիմա Տավուշի գյուղացին պայքարում է մեր հողերի համար, Արիստակեսյանն էլ հակադարձեց, թե՝ «Հիմա մենք Արմավիրի մարզում ենք»:

Գեղամ Մանուկյանը պնդեց, որ Տավուշը մեր հայրենիքն է ու եթե հիմա չպայքարեն, վաղը Արմավիրում է լինելու այդ ամեն ինչը:

Քաղաքացիներից ամեն մեկը մի ոստիկան բռնում էր ու հարցադրումներ անում՝ ո՞ր քարտեզով են այս սահմանները գծում. «Մենք էլ ենք խաղաղություն ուզում, պատերազմ չենք ուզում, բայց մենք էս երկրի համար ապրած կյանք ունենք, մենք մտահոգ ենք էս երկրի համար: Ուզում ենք այդ քարտեզները տենանք»:

Գեղամ Մանուկյանն ասաց. «Մեր համար, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ամենակարեւորը երկրի անվտանգությունն է»:

Մի քաղաքացի, որն ինչպես հասկացանք, բետոն էր տեղափոխում, սկսեց կռվել Գեղամ Մանուկյանի հետ, թե՝ «Ես Շորժայի վարորդ եմ, բետոնը որ սառի, դու կարա՞ս պատասխան տաս»: Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ այն ճանապարհը, որով դու տանում ես ապրանք, վաղը չես կարողանալու օգտագործել:

Վարորդը պնդում էր, թե՝ «Քո գործը չի, ճամփեն բացի: Դուք ամենամեծ վնաս տվողներն եք էս երկրի»: Քաղաքացիները բորբոքվեցին ու այդ վարորդի վրա գոռացին, թե՝ «Գնա հանգիստ տեղդ նստի, Տավուշ է հանձնվում, հերի՛ք է կապիկություն անեք»: Մի քաղաքացի ասաց. «Մեզ բաժանեցին սեւերի ու սպիտակների, բայց մենք Եռագույն ենք»:

Քիչ անց քաղաքացիները, հայտարարելով, որ անցել է 20 րոպե ժամանակ, բացեցին ճանապարհը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930