Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆորնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. ՀՀ նախագահը հանդիպել է նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ

Մայիս 09,2024 14:35

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։

Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիա այցելության համար։ Իր հերթին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի հայկական համայնքը, որն առավելապես ներկայացված է Կալիֆորնիայում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆորնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով։

Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանյան տնտեսության մեջ իր դիրքերն էականորեն ամրապնդել է բարձր տեխնոլոգիական ոլորտը և քանի որ այդ բնագավառի մի շարք խոշորագույն ընկերություններ ներկայացված են հենց Կալիֆորնիայում «Սիլիկոնային հովտում», անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանի և Կալիֆորնիայի համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում նահանգապետ Գեվին Նյուսըմը հետաքրքրվել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացումներով և մասնավորապես Քովիդի համավարակի և համավարակին հաջորդած շրջանում պետության կողմից իրականացված միջոցառումներով։

Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ համավարակային ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք հնարավորություն են տվել երկրի տնտեսությանն արագորեն վերականգնվել հետքովիդյան շրջանում։

Նախագահը շեշտել է, որ նման ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման արդյունքում։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը ի դեմս Գեվին Նյուսըմի, շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ բարձր ղեկավարությանը ժողովրդավարության ամրապնդմանն ու ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է թեժ հակամարտություններն օր առաջ խաղաղ բանակցային ուղիներով հարթելու և լուծումներ գտնելու հրամայականը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին, վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Հայաստանի հաստատակամությունն ու միանշանակ դիրքորոշումը, ինչի արտահայտությունն է նաև ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ իրականացվող սահմանազատման գործընթացը։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և Կալիֆորնիայի միջև համագործակցության ընդլայնման համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031