Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Սրբազան երթը գալիս է հաղթելու ստին, կեղծիքին, չարիքին, բերելու հաղթանակ եւ արժանապատվություն»

Մայիս 09,2024 15:53

Հասարակական գործիչ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում հանրությանը եւս մեկ անգամ կոչ արեց միանալ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» համազգային երթին։

Էդգար Ղազարյանը նշեց, որ այսօր մենք տոնում ենք հաղթողների տոնը։ «Նախ, շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած մեր ժողովրդին։ Ես ուզում եմ շնորհավորել Արցախյան հերոսամարտի բոլոր հաղթանակները կերտողներին եւ նրանց ժառանգներին, որովհետեւ մայիսի 8-ի Շուշիի ազատագրման հատուկ գործողությունը, որը անվանվել էր «Հարսանիքը լեռներում», դարձավ Արցախյան առաջին պատերազմի թագն ու պսակը։ Եվ 1992 թվականին տեղի ունեցած այդ պատմական փառահեղ հաղթանակով ազդարարվեց նաեւ Արցախի Հանրապետության զինված ուժերի՝ պաշտպանության բանակի կազմավորման մասին։

Մենք այն երջանիկ սերունդն ենք, որը 2012 թվականի մայիսի 9-ին սեփական աչքերով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեսել է այս հաղթական Եռատոնի փառահեղ զորահանդեսը։ Մենք տեսել, ապրել ենք այս գեղեցկությունը, հպարտությունը։ Բայց ցավոք մենք նաեւ հայ ժողովրդի այն սերունդն ենք, որը տեսավ նաեւ ադրբեջանական կեղտոտ ասքյարների զորահանդեսը այդ նույն Վերածննդի հրապարակում։ Դա եղել է հայրենիքի գողերի ու դավաճանների, թշնամիների մեղքով, որոնք եկել եւ մեզնից գողացել են մեր արժանապատվությունը։ Նրանց իրենց արածի համար հասնում է օրենքով ամենախիստ պատիժ։

Եվ հայկական սահմանից, վտանգված Տավուշից, կիսվող Կիրանցից սրբազան հոր ազնիվ առաջնորդությամբ մեկնարկած հաղթական երթը գալիս է հաղթելու ստին, կեղծիքին, չարիքին, հայրենակործանմանը, գալիս է բերելու խաղաղություն, բարեկեցություն եւ արժանապատվություն»,-ասաց Էդգար Ղազարյանը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031