Լրահոս
Օրվա լրահոսը

Վերապրումի եւ զոհողության արանքում. հայերի պայքարը հանուն խաղաղության 

Մայիս 25,2024 12:00

Հունական «Նեոս կոսմոս» («Նոր աշխարհ») լրատվամիջոցն անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին 

Ընկրկելով հզոր հարեւանների ճնշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց տարածքային զգալի զիջումներ անել Ադրբեջանին, ինչը հանգեցրեց հասարակության դիմադրությանը եւ ցեղասպանության մասին հիշողության բորբոքմանը։ Վիկտորիայի (Ավստրալիայի հարավ-արեւմտյան գավառ-Առավոտ) նախկին նախարար, Թեո Թեոֆանոսը զուգահեռներ է տեսնում Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ՝  Կիպրոսի կղզու հյուսիսային մասի թուրքական զավթման լույսի ներքո։  

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը առաջնորդեց սահմանազատման դեմ շարժումը՝ պահանջելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Ֆաուստյան գործարք 

Պատկերացրեք,  որ մի երկրի ղեկավար եք, որի ժողովուրդն աներեւակայելի ցեղասպանության է ենթարկվել, այնուհետեւ, Սովետի զավթումից եւ տիրապետության տակ գտնվելուց հետո փորձել է անկախ ժողովրդավար երկիր կառուցել սակավ հողատարածքում, շրջափակված լինելով հզոր հարեւաններով, որոնք ժխտում են ցեղասպանությունը, եւ այսօր էլ ավելի շատ տարածք են պահանջում խաղաղության դիմաց։  

Վերջերս Հայաստանի մայրաքաղաք Երեւանում էի եւ ականատեսն եմ եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իր առաջարկների դեմ ընդվզումների՝ տարածքային էլ  ավելի զիջումներ անելու Ադրբեջանին, քան Ադրբեջանի զավթած տարածքներն են 2020-ի պատերազմի արդյունքում։ Զիջումներ՝ որպես մաս սահմանազատման համաձանագրի արդյունքում պատրանքային խաղաղությունը ստանալու։ 

Այս առաջարկը կարելի է իբրեւ Ֆաուստյան գործարք բնութագրել։ Երբ դու զիջումներ ես անում հզոր մի ուժին՝ պատրանքային օգուտ ստանալու ակնկալիքով։ Այս դեպքում՝ զիջելով չորս եւ հետագայում թերեւս ավելի գյուղեր, խուսափելու համար նոր պատերազմից, որի արդյունքում գիտես որ պարտվելու ես՝ կորցնելով էլ ավելի մեծ թվով երիտասարդ կյանքեր։ 

Ցույցեր Փաշինյանի դեմ 

Մենք եկանք Հայաստան մայիսի 9-ին։ Նույն օրը շուրջ 31,700 մարդ դուրս էր եկել վարչապետ Փաշինյանի դեմ բողոքի ցույցի։ Այն քաղաքական ընդդիմությունը չէր առաջնորդում, այլ Հայ Առաքելական Եկեղեցու ակնառու հոգեւորական՝ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։ Հաջորդիվ գրեթե ամենօրյա ցույցեր եղան, որոնց ականատեսն էինք։ Մենք մեզ ապահով էինք զգում՝ քայլելով եւ զրուցելով ցուցարարների հետ, չնայած բազում ձերբակալություններ եղան։ 

Էմոցիոնալ լարվածությունը մասամբ պայմանավորված է պատմական զուգահեռներով։ Ադրբեջանը հզոր դաշնակից ունի ի դեմս Թուրքիայի, ադրբեջաներեն լեզուն գրեթե նույն թուրքերենն է։ Այս առումով եւս՝ հակամարտությունը բորբոքում է հուշերը Հայոց ցեղասպանության մասին, որ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում 1915-1918 թվականներին։ 1,5 միլիոն հայ սպանվեց կամ մահվան դատապարտվեց՝ քշվելով Սիրիայի անապատ։ Գրեթե մեկ միլիոն հույներ եւ ասորիներ տառապալից նույն ճակատագրի արժանացան։ 

Երեւանում ես եղա Ցեղասպանության թանգարանում եւ ցնցված եմ երեխաների, կանանց եւ տղամարդկանց զանգվածային սպանդի գերեզմանափոսերի տեսարաններով՝ խոշտանգված, խաչված, տանջամահ եղած։ Ցեղասպանության վկայաբանությունների համապատկերը աներեւակայելի ցնցող է։ Հայոց ցեղասպանությունն ընդունել է աշխարհի 32 պետություն․ Ավստրալիան չի ընդունել։ Ավստրալիայի առանձնակի հարաբերությունները Թուրքիայի հետ, ներառյալ մասնակցությունը Գալիպոլիի ոգեկոչմանը, ցեղասպանության ընդունումը գրեթե անհնարին է դարձնում։ 

Ցեղասպանությունները 

Ցեղասպանություններն իրականացվել են երեք փաշաների իշխանակարգերի օրոք, որոնք հայտնի են Երիտթուրքեր անունով։ Ահա դրանք՝ Մեհմեդ Թալեաթ փաշա՝ Ավագ Վեզիր (ներքին գործերի նախարար-Առավոտ), Իսմայիլ Էնվեր փաշա՝  Ռազմական գործերի նախարար եվ Ահմեդ Ջեմալ փաշա՝ Ծովային նախարար։ Թալեաթն ու Ջեմալը պատերազմից հետո սպանվեցին վրեժառուների կողմից՝ իրենց կատարած հանցագործությունների համար։ 

Այսօրվա Թուրքիան հրաժարվում է ընդունել ցեղասպանությունը եւ հակառակ ուղղությամբ է շարժվում։ Փողոցները վերանվանվում են ուրիշ անուններով եւ ի պատիվ  փաշաների արձաններ են դրվում։ Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթյուրքը, որը բարեփոխումներ մտցրեց, ինչպիսիք են՝ լատինատառ այբուբենը, աշխարհիկ հասարակության ձեւավորումը, ով թանգարաններ կառուցեց եւ ոչ թե քրիստոնեական տաճարներն ու պաշտամունքի այլ վայրեր՝ Այա Սոֆիայի օրինակով մզկիթների վերածեց, չէր ողջունի իր բարեփոխումների վերացումը ժամանակակից Թուրքիայի վարչակարգի կողմից։ Աթաթյուրքը մասնակցություն չուներ 1915-1919 թթ․ ցեղասպանություններում։ Պատմաբաններն առ այսօր միակարծիք չեն իր ներգրավման վերաբերյալ 1921-1922թթ․ Զմյուռնիայի ջարդերին եւ էթնիկ զտումներին։ Թուրքիան կարող էր պահպանել իր ներկայիս ժառանգությունը, ընդունելով՝ որպես Օսմանյան ժառանգության մաս, 1915-1919 թթ․ ցեղասպանությունները։ Որոշ երկրներ՝ Գերմանիան, Ճապոնիան, անգամ Ավստրալիան այդպիսի քայլ արեցին իրենց բնիկ ժողովուրդների հանդեպ։ Եվ դա հանգեցրեց  բարոյական վերելքի  եւ  ապաքինմանը։ 

Աշխարհիկ եւ առաջադեմ թուրքեր 

Առաջադեմ բազում իմ թուրք զրուցակիցներ միակարծիք են Թուրքիան պետք է ընդունի Օսմանյան Թուրքիայի դերակատարումը Հայոց եւ մյուս ցեղասպանություններում։ Նրանք վստահ են նաեւ, որ անհրաժեշտ  է կասեցնել Էրդողանի կողմից իրականցվող Աթաթյուրքի աշխարհիկ բարեփոխումների էրոզիան։ Արեւմուտքի հետ Թուրքիայի մերձեցմանը ձգտող  թուրք ժողովրդավարների համար ներկայիս մարտահրավերները հետևյալն են՝ մարդու իրավունքների հարգում, ազատ մամուլ, անկախ դատական համակարգ եւ ժողովրդավարության հստակ սկզբունքներ։ 

Այսօրվա Հայատանին դառնալով։ Վերջին երկու հարյուրամյակների բազում տառապանքներից հետո երկիրը ներքուստ պառակտված է առանցքային հարցի շուրջ՝ թե արդյո՞ք պետք է ընդունել Ադրբեջանի հետ Ֆաուստյան գործարքը։ 2020-ի պատերազմը շրջադարձային եղավ։ Ադրբեջանը զինված էր Թուրքիայից մատակարարվող արդիական զենքով, ներառյալ ժամանակակից դրոններն ու հրթիռները։ Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ եւս զենք էր ուղարկում Ադրբեջանին։ ԱՄՆ հաշվարկով լավ զինված Ադրբեջանի շնորհիվ նրան կհաջողվի պատնեշ ստեղծել Ռուսաստանի եւ Իրանի ագրեսիայի դեմ։ Ինչպես նաեւ ճանապահ ունենալ թուրքական եւ Միջերկրականի արեւմտյան ափերից Եվրոպա գազ հասցնելու համար։  

Եվ այսպես, չնայած 100000 հայերի էթնիկ զտման փաստին, որը շարունակությունն էր  2020-ի ԱՄՆ եւ Թուրքիայի զենքով Ադրբեջանի վարած հաջող պատերազմի, Ադրբեջանի հանդեպ ոչ մի պատժամիջոց չկիրառվեց։ Իրականում նրանք այժմ եւս պարգեւատրվելու հույս են փայփայում եւ ուզում են  Հայաստանից էլ ավելի տարածքներ կորզել։ 

Դժվար է կշռադատ լինել  Հայաստանի վարչապետի հանդեպ։  Իր առջեւ ծառացած է սարսուռազդու ընտրության մի համապատկեր։ Նա կարող է մերժել որեւէ գործարք Ադրբեջանի հետ եւ անխուսափելիորեն բախվել պատերազմին, որի արդյունքում հնարավոր է էլ ավելի մեծ տարածքներ կորցնի  եւ անկասկած ավելի մեծ թվով երիտասարդների կորուստ ունենա։ Ընդունելով գործարքը՝ նա սեփական երկրի մասնատման ռիսկի է գնալու, ոգեւորելով Ադրբեջանին էլ ավելի տարածքներ ձեռք բերելու ապագայում։ Միակ բանը, ինչ կարող է այս իրավիճակում անել Արեւմուտքը, դա  երկու կողմերի միջեւ որեւէ  համաձայնագրի հասնելու երաշխավոր դառնալն է։ 

Հայաստանը զարդ է բռնակալների ծովային տիրույթում 

Հայաստանը զարդ է իրեն պատկանող աշխարհամասում։ Գործող ժողովրդավարություն, ազատ մամուլ եւ բարյացակամ, խաղաղասեր հասարակություն։ Նա կարող է Եվրամիությանը միանալու փորձ անել, ինչը, սակայն, կարող է խիստ զայրացնել Պուտինին եւ Ռուսաստանին։ Ոչ Եվրոպան, ոչ Արեւմուտքը չեն խոստանում, որ օգնության են հասնելու Ադրբեջանի հարձակման դեպքում։ Դա կարող է Ռուսաստանի հետ մերձեցմանը հանգեցնել, թեեւ պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի պաշտպանելու Հայաստանը բախումների  պարագայում։ 

Ես հորդորում եմ մարդկանց այցելել Երեւան։ Դա սքանչելի եւ ջերմ քաղաք է, արվեստի, երաժշտության եւ սրճարանային մշակույթով ողողված։ Մելբուռնից քիչ տարբերվող, բայց շատ հին պատմություն  եւ բնական միջավայրի գործարկման ձգտում ունեցող քաղաք։ Այն հիշեցնում է ինձ նաեւ Նիկոզիան (Նիկոզիան Կիպրոսի մայրաքաղաքն է, որ բաժանված է հունական եւ թուրքական հատվածի- Առավոտ), ուր կիպրիոտները առերեսվում են նման ճնշումների հետ՝ երկիրը բաժանելու երկու մասի։ 

Հայ ժողովուրդը ապրում է իր հարեւանների եւ հզոր ուժերի մշտական սպառնալիքների ներքո, եւ դեռ հավատում է արդարությանը, խաղաղ, ժողովարդավար եւ ազատ գոյակցությանը։ Նրանք աշխատասեր են, պարկեշտ եւ լավատես։ Հույս ունենանք, որ արդար խաղաղությունը անվտանգ սահմանների ներքո կգա Հայաստան, արդարությունը թող նաեւ Կիպրոս հասնի միացյալ եւ ազատ Կիպրոս։ 

ՆԵՈՍ ԿՈՍՄՈՍ

21.05.2024 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031