Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը դիմեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին․ «Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ կապված սուպերմարկետների ցանցին, խոսքը MG մարկետի մասին է, ես մեկ անգամ անդրադարձել եմ, պատասխան ու հետեւություն չտեսա, դուք այդտեղ ստուգում արե՞լ եք, առերեւույթ սխեմա չկա՞ այդտեղ։ Ես բազմաթիվ ահազանգեր եմ ստանում, եթե ստուգում արել եք, գուցե ինչ-որ չափի խախտումներ արել եք, ասեք, որ մեր հանրությունն էլ իմանա, որ ՊԵԿ-ը օբյեկտիվ է աշխատում, «սվոյ-չուժոյ» չի անում»։


Թադեւոս Ավետիսյանն ասաց․ «Այդ ո՞նց է լինում, որ բոլոր սուպերմարկետներում այդ սխեմաները կան, որոնց մասին խոսում եք, ասում եք՝ նույնիսկ քրեական գործեր կան, բայց կա մի սուպերմարկետ, որը մրցակցում է՝ առանց այդ սխեմաները կիրառելու, դիմանում է, աճում-բարգավաճում է, եւ հարկային այդտեղ որեւէ խնդիր չի տեսնում։ Նաեւ առերեւույթ ես տեսել եմ, թաքնված աշխատողներին ուշադիր եղեք, այնտեղ կան նաեւ երեխաների իրավունքների խախտման դեպքեր, որն այդպես էլ անարձագանք մնաց»։
Կարդացեք նաև
Բադասյանն ասաց․ «Ես հրապարակային ու անվանական անդրադարձել եմ բոլոր խոշոր բենզալցակայաններին եւ սուպերմարկետներին, որտեղ հարկային կարգապահության խնդիր կա։ Խնդրել ու հորդորել եմ, որպեսզի հարկային կարգապահությունը բարելավեն, որովհետեւ շարունակաբար հարկային կարգապահության խախտումները բերելու են շատ ավելի կոշտ վարչարարության։ Եվ լավ լուր հանրության համար՝ մեր կարողություններն այդ ոլորտում զարգանում են, եւ բիզնեսի համար հետեւանքները շատ ավելի վատ են լինում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































