Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ գլխին ինչ ասես բերել են, ես դա համարել եմ իմ քաղաքական հայացքների պատասխանը և լուռ ու մունջ իմ խաչը կրել եմ, բայց երեխայիս հետ չէր կարելի դա անել». «Փաստ»

Հունիս 06,2024 10:25

Վերջերս մենք տեղեկություններ ենք ստացել, որ վանաձորյան դպրոցներից մեկում ծագած թնջուկը որևէ կերպ լուծում չի ստանում: Պետական գերատեսչությունների պատասխանները չեն բավարարում դպրոցականի ծնողներին: Ընդ որում, կային կասկածներ, որ գործ ունենք քաղաքական ենթատեքստով պատմության հետ: Պարզաբանումներ ստանալու համար մենք դիմեցինք աշակերտի հորը՝ Վահե Դոխոյանին, հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Նախորդ ամառ մեկնել էինք Շվեյցարիա մեր բարեկամների մոտ: Մեկ անգամ սրտի վիրահատության եմ ենթարկվել Հայաստանում, և այնտեղ ինձ մոտ առողջական խնդիր առաջացավ: Շտապօգնությունն ինձ տեղափոխեց հիվանդանոց, ստիպված էի բուժման կուրս անցնել: Բժշկի տված թղթի հիման վրա ինձ երեք ամիս արգելվում էր ինքնաթիռ նստել: Կինս չցանկացավ ինձ մենակ թողնել: Կապվեցինք Վանաձորի թիվ 4 դպրոցի տնօրենի հետ, որտեղ տղաս սովորում էր, ներկայացրեցինք խնդիրը, ասացինք, որ ուշ ենք վերադառնալու Հայաստան, առաջարկեցինք տղայիս հանել դպրոցից, իսկ Հայաստան վերադառնալուց հետո վերականգնել: Դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ եթե մինչև դեկտեմբերի 15-ը վերադառնանք, ապա, գործող կարգի համաձայն, եթե տեղեկանք բերենք, որ տղաս այնտեղ դպրոց է հաճախել, նրա բացակաները կհամարվեն հարգելի, քննություններ կնշանակվեն, կստուգվեն գիտելիքները, նա կփոխադրվի հաջորդ դասարան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դոխոյանը:

Ծնողներն այդպես էլ վարվում են, տղան սկսում է դպրոց հաճախել Շվեյցարիայում, իսկ վերադառնալուց հետո դպրոց են ներկայացնում համապատասխան տեղեկանքը, բժշկական փաստաթղթերը, որ հայրիկը ֆիզիկապես ի վիճակի չի եղել մեկնել Հայաստան:

«Որոշ ժամանակ հետո դպրոցի տնօրենն ասաց՝ այդ կարգը սխալ էի նայել, ու պարզվում է, որ երեխային պետք է դպրոցից հանած լինեիք, որ հետո կարողանայի նրան վերականգնել որպես դրսից եկած: Այդ ժամանակ որոշեցինք տղայիս տանել Ռուսաստան ուսումը շարունակելու, գնացինք, վերադարձանք, նույն դպրոցում նրան չկարողացանք վերականգնել, տեղափոխեցինք այլ՝ Վանաձորի թիվ 6 դպրոց: Տղայիս առաջադիմության հետ կապված տնօրենն իր հիացմունքն է հայտնել, նա դպրոցի լավագույն աշակերտներից մեկն է: Ինքնուս տիրապետում է չորս լեզվի: Դիմեցի տնօրենին՝ խնդրելով դիմել նախարարին, որպեսզի նա թույլատրի՝ տղաս քննություններ հանձնի, ստուգեն նրա գիտելիքները, և փոխադրվի հաջորդ դասարան: Տնօրենը դիմեց, նախարարությունը մերժեց, պաշտոնական գրություն էր ուղարկել մարզպետարան՝ «ուսումնասիրեք խնդիրը, առաջնորդվեք գործող իրավակարգավորումներով»:Մարզպետարանն էլ ուղղակի մերժեց՝ 200 ժամ բացակա ունեցող աշակերտը չի կարող փոխադրվել հաջորդ դասարան»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ երեխան իններորդ դասարանի երկրորդ կիսամյակն ամբողջությամբ հաճախել է դպրոց, հիմա սեպտեմբերից պարտուսով պետք է նույն կուրսը կրկնի: «Օրենքն ասում է, որ եթե դասարանում կան ներառական կրթություն ստացողներ, ովքեր իրավունք ունեն բացակայելու, չսովորելու, պետք է պարտադիր ավարտեն: Իսկ գերազանց սովորող երեխան, փաստորեն, պետք է կրկնի իր անցածը»,-հավելում է նա:

Սա կարող էր լինել սովորական մի պատմություն, որտեղ կողմերը տարակարծիք են: Սակայն այս պատմությունը մեկ բայց ունի: Դպրոցականի հայրիկը Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն է:

Հաջորդիվ քայլերի մասին խոսելիս նշում է. «Իրավական առումով ունենք փաստարկներ՝ իմ առողջական վիճակի մասին տեղեկանքը, արտերկրում տղայիս դպրոց հաճախելը, դպրոցի տնօրենի հավաստիացումը, որ հետագայում խնդիր չի առաջանալու, դրանցով կարող ենք մտնել դատարան: Բայց նկատում ենք, որ վերջին շրջանում պետական որոշումների բողոքարկումը դատարանում ոչ մի արդյունք չի ունենում, այս պահին դա անիմաստ եմ համարում: Գործը մտնելու է փակուղի, ասելու են՝ վարվել ենք նախարարի կարգին համահունչ, ու կապ չունի, որ նախարարն իր կարգով մի քանի անգամ արտոնություններ է տվել, նախադեպեր են եղել: Հույս ունեմ, որ մի օր սա վերջանալու է: Քաղաքական հետապնդումներ եղել են և՛ նախկինում, և՛ կան հիմա, գուցե կլինեն նաև հետո: Բայց երբևէ չեմ առնչվել նրան, որ քաղաքական դրդապատճառներով մարդիկ մտնեն ընտանիք ու վնասեն երեխային: Իմ գլխին ինչ ասես բերել են, ես դա համարել եմ իմ քաղաքական հայացքների պատասխանը և լուռ ու մունջ իմ խաչը կրել եմ, բայց երեխայիս հետ չէր կարելի դա անել»,-եզրափակում է Վահե Դոխոյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930