Ազատամուտցի Նարեկ Բեգյանն ու իր ընկերը՝ իջևանցի Նարեկ Առաքելյանը ջերմոցի աշխատանքն ավտոմատացնող սարք են ստեղծել, որպեսզի աջակցեն համայնքի բնակիչներին ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքները։
Aravot.am-ն այցելել է ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայր, որտեղ երկու ընկեր փոքրիկ մի աշխատասենյակ ունեն․ այդտեղ էլ զբաղվում են ջերմոցի ավտոմատացման համար իրենց ստեղծած սարքի պատրաստմամբ։
Մեզ հետ զրույցում Նարեկ Բեգյանը, որը սովորում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, պատմեց, որ երկար ժամանակ ինքն ու ընկերը ջերմոցի աշխատանքն ավտոմատացնող սարք ստեղծելու գաղափար ունեին, սակայն չունեին համապատասխան միջոցներ․ «Երկար ժամանակ փնտրում էինք մի ծրագիր, որը կաջակցեր մեզ մեր գաղափարն իրականացնելու և անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու հարցում։ «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) ֆեյսբուքյան էջից տեղեկացանք ծրագրի մասին և դիմեցինք ծրագրին։ Արդյունքում դրամաշնորհը ստացանք ու այդ միջոցներով ձեռք բերեցինք անհրաժեշտ սարքավորումները»։
Կարդացեք նաև
Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ու Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։
Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան՝ օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։
Նարեկն ասաց, որ «Աղստևի հովիտ» ՏԱԽ-ի դրամաշնորհի միջոցներով ձեռք են բերել համակարգիչ, մանրադիտակ, զոդման սարք, գույք և այլ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են ջերմոցի աշխատանքն ավտոմատացնող սարքի պատրաստման համար։
Իջևանցի Նարեկ Առաքելյանն էլ ներկայացրեց, թե ինչպես է աշխատում սարքը․ «Մեր ստեղծած սարքն ամբողջովին կատարում է ջերմոցի, սնկանոցի ավտոմատացում․ այսինքն՝ մարդու ձեռքի աշխատանքն ավտոմատացնում ենք։ Սարքն ունի կարգավորումներ, որոնց միջոցով կարելի է սահմանել ջերմոցի ջերմաստիճանը, խոնավությունը, կառավարել ածխաթթու գազը, լույսը։ Այսինքն՝ եթե մարդ պետք է գնա, ձեռքով ջերմոցի ջերմաստիճան բարձրացնի-իջեցնի, խոնավությունը ստուգի, մենք ուզում ենք, որ ինքն այս սարքով դա կառավարի։ Իսկ եթե ինչ-որ խնդիր առաջանա ջերմոցի հետ կապված, սարքը նախապես գրանցված հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրության միջոցով կտեղեկացնի այդ մասին»։
Տղաները նաև մոդելավորել են սարքի տուփը․ այսինքն՝ սարքն ամբողջությամբ նրանք են պատրաստել։ Նարեկ Առաքելյանն ասաց․ «Քանի որ ունեինք տուփի խնդիր, որոշեցինք մենք պատրաստել տուփը։ Այն ժամանակ տուփը գնում էինք, իսկ հիմա մոդելավորում ու տպագրում ենք»։
Նարեկ Բեգյանն ասաց, որ համայնքի բնակիչները մինչ՝ իրենց կողմից այս սարքի ստեղծումը, այդպիսի սարք ձեռք էին բերում Չինաստանից, որը շատ հնարավորություններ չուներ․ «Ավտոմատ չէր, զուտ ջերմություն կամ խոնավություն էր չափում, բայց չէր կարողանում կառավարել։ Մեր սարքն այդ ամենն ավտոմատ է անում և շատ մատչելի է։ Մի խնդիր էլ կար․ երբ Չինաստանից պատվիրում էին սարքը, վերանորոգող չկա այստեղ, իսկ մեր սարքը, եթե փչանում է, մենք կարող ենք վերանորոգել»։
Տղաների հաջողությունը հատել է Հայաստանի սահմանները։ Ուրախությամբ նշեցին, որ եթե մինչև այժմ սարքով ապահովում էին ՀՀ տարբեր մարզերի, ապա հիմա արդեն պատվերներ ունեն նաև ԱՄՆ-ից։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սույն հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները:
Ազգանունը սխալ եք գրել,հնարաորա ուղղել
Նարեկ Բեգյան պետքա լինի