Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեզ միշտ համարել ենք ՀՀ քաղաքացի, հիմա ո՞նց եղավ, որ ՀՀ քաղաքացի չենք․ արտագաղթի թիվը կմեծանա»․ արցախցիները՝ բնակապահովման ծրագրի մասին

Հունիս 06,2024 17:13

Բռնի տեղահանված արցախցիների շրջանում դժգոհություն է առաջացրել Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագիրը։ Վերջին շրջանում քննարկվում է հարցը, որ ներկայացված ծրագիրը չի համապատասխանում արցախցիների ներկայիս կարիքներին։

Մայիսի 16-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի դրույթները հետեւյալն են՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է 5 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որեւէ մեկում։ Խոսքն այստեղ սահմանամերձ բնակավայրերի մասին է։ Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է 4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք բերվի կամ կառուցվի քաղաքային և գյուղական 148 բնակավայրերից որեւէ մեկում եւ 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երեւանի 1-ին և 2-րդ գոտու։ Նաեւ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի նախատեսվում է հատկացնել 2 մլն դրամ, եթե արդեն ունեն հիպոթեք, բացառությամբ՝ Երեւանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով։ Առաջին փուլում կընդգրկվեն՝ 3+ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները եւ զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիպոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ եւ աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։

Երկրորդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հունվարի մեկը։

Երրորդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները, մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի մեկը։

Այս ծրագրի համար պարտադիր պահանջ է ՀՀ քաղաքացիություն ստանալը։

Արցախցիների տրամադրությունները հաշվի առնելով՝ Արցախի համայնքների ղեկավարները կանխատեսում են, որ այս ծրագրից օգտվողների թիվը մեծ չի լինի։

Արցախի Շոշ համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ քաղաքացիության պարտադիր պահանջին, հարցադրում արեց․ «Ինչո՞ւ, մեր բնակչությունը ՀՀ քաղաքացի՞ չէ։ Բա եթե ՀՀ քաղաքացի չենք, ո՞ւմ քաղաքացին ենք։ Եթե այդ պայմաններն են դրված՝ 242 գյուղ, 148 գյուղ, եթե մարդկանց պետք է սահմանամերձ գյուղեր ուղարկեն, ինձ թվում է՝ ոչ ոք էլ չի գնա։ Եթե մարդիկ սահմանամերձ գյուղից եկել են այստեղ, իրենց ասում են՝ դուք ՀՀ քաղաքացի չեք, ինչո՞ւ պետք է նորից գնան սահմանամերձ գյուղ»։

Շոշի գյուղապետի խոսքով՝ սահմանամերձ բնակավայրերից դուրս այս արժեքով արցախցիները տներ չեն կարող գնել։ «Այդ գնով չեն կարող անգամ մի հատ ավտոտնակ գնել»,- ասաց նա։

Էրիկ Աբրահամյանը նշեց, որ Շոշից բռնի տեղահանված ընտանիքներն այսօր ապրում են ՀՀ տարբեր մարզերում, համայնքը միասնական չի բնակվում։ Այսօր սահմանամերձ բնակավայրերում բնակություն հաստատած արցախցիները կարող է ցանկանան այդ բնակավայրերում տուն գնել, բայց մեծամասամբ, ըստ համայնքի ղեկավարի, չեն օգտվի այդ ծրագրից։

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀ կառավարությունը, որ արցախցիներին ստիպում է հրաժարվել «070» կոդով անձնագրերից ու նոր անձնագրեր ձեռք բերել, Էրիկ Աբրահամյանը պատասխանեց, որ դժվար է ասել։ «Իմ անձնագիրն իմ ձեռքին է, ես ինձ համարում եմ ՀՀ քաղաքացի հենց այդ անձնագիրը ստանալիս, որովհետեւ մեր անձնագրերի վրա գրված է Հայաստանի Հանրապետություն»,- ասաց նա։

Էրիկ Աբրահամյանը հավելեց, որ այսօրվա իրավիճակում արցախցիների վերադարձի ոչ մի հնարավորություն չի տեսնում։ Իսկ բռնի տեղահանված արցախցիների բնակարանային խնդիրները, նրա խոսքով, պետք էր լուծել համայնքները կոմպակտ բնակեցնելու մեթոդով։ «Իմ կարծիքն այն է, որ լավ կլինի, որ ՀՀ ցանկացած մարզում մի տեղ հատկացնեին, իմ համայնքը կառուցեին, համայնքի բնակչությունն այնտեղ բնակվեր։ Կոմպակտ բնակվելով՝ մենք կպահպանեինք մեր մշակույթը, մեր գյուղի ավանդույթները»,- հավելեց նա։

Արցախի Սզնեքի գյուղապետ Էդվարդ Մուսայելյանի խոսքով՝ որքանով հասցրել է շփվել իր համայնքի բնակիչների հետ, հասկացել է, որ մարդիկ դժգոհ են այս ծրագրից։ «Այն գումարը, որը պետք է ստանանք, դրանով չենք կարող բնակարան գնել։ Դրան գումարվում է քաղաքացիության պահանջը։ Մենք մեզ միշտ համարել ենք ՀՀ քաղաքացի, հիմա ո՞նց եղավ, որ ՀՀ քաղաքացի չենք։ Մեր նույն անձնագրերով Հայաստանում ամեն տեղ ստացվում էր աշխատել, հիմա խնդիրներ են ստեղծում։ Մարդիկ ամիսներով հերթեր են կանգնել, փախստականի վկայական են ստացել, հիմա նույնկերպ պետք է հերթ կանգնեն քաղաքացիություն ստանալու համար։ Քաղաքացիության փոփոխությունը հետագայում կարող է վատ անդրադառնալ մեր վերադարձի հարցի վրա։ Եթե ուզում են անպայման փոխել մեր քաղաքացիությունը, մտավախություն ունենք»,- ասաց Մուսայելյանը։

Սզնեքի գյուղապետի խոսքով՝ սահմանամերձ համայնքներում բնակարաններ հնարավոր է գնել կառավարության առաջարկած գումարով, բայց այդ համայնքներում էլ տարբեր խնդիրներ կան, մարդիկ աշխատանքի խնդիր ունեն․ «Ենթադրենք՝ սահմանամերձ գյուղում հաստատվեցին, բայց ինչպե՞ս պետք է աշխատանք գտնեն, չենք հասկանում»։

Կան կանխատեսումներ, որ այս ծրագրի պատճառով շատ արցախցիներ կարտագաղթեն։ Էդվար Մուսայելյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց․ «Ես արդեն շատ մարդիկ գիտեմ, որ ամռան ամիսներին Հայաստանից տեղափոխվելու են։ Իմ շրջապատից շատ մարդիկ կան, որոնք պատրաստվում են արտագաղթել, որովհետեւ հեռանկար չկա։ Հիմնականում Ռուսաստան են գնում։ Օրինակ՝ բնակապահովման ծրագրի շահառու դառնալու իմ հերթը 2027 թվականից է, բայց մինչեւ 2027 թվականը ո՞նց պետք է ապրենք, դա արդեն խնդիր է։ Մարդիկ մտածում են, որ դժվար է լինելու այդ ծրագրից օգտվել ու բնակարան ձեռք բերել»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Հայաստանից հեռացած արցախցիների գրեթե կեսը վերադարձել են։ @ArmeniaSputnik-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Աշխատանքի և  սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Իհարկե, շարժեր եղել են։ Մոտ 15 000–ի ելք է եղել, բայց շուրջ 7-8 հազար էլ մուտք է եղել։ Այսինքն` որոշ մարդիկ, օրինակ, ձմեռն են անցկացրել արտերկրում։ Որոշ մարդիկ կարճ ճամփորդություն են ունեցել։ Սահմանահատումների տվյալներով մոտ 7-8 հազարն են գտնվում դրսում»,– ասել է փոխնախարարը։

Խաչատրյանը համոզված է, որ մյուսները ևս առաջիկայում կվերադառնան, քանի որ կառավարության հաստատած արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու դառնալու համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930