«Ներքին գործերի նախարարությունը 2023թ նոյեմբերին ներդրել է ջրային պարեկային ծառայությունը, որի գործառույթների մեջ են մտնում հանրային լողափերում եւ լողափային հատվածներում հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունն ապահովելը, հսկողություն իրականացնելը լողամիջոցների եւ կանոնների պահպանության համար, ինչպես նաեւ համագործակցելը ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ կապված լողամիջոցներ վարող անձանց անօգնական վիճակում գտնվելու, խեղդվելու եւ առաջին օգնություն ցույց տալու դեպքերի հետ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը՝ անդրադառնալով Սևանում լողափնյա սեզոնի բացմանը:
Նա անդրադարձավ 8 խմբի տարբեր իրավախախտումների, որոնցից յուրաքանչյուրի համար տարբեր պատժամիջոցներ են նախատեսված: Օրինակ, լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ զննություն անցնելուց խուսափելու համար նախատեսվում է պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով: Այլ խախտումների թվում են՝ տեխնիկական անսարքություն ունեցող, չհաշվառված լողամիջոց վարելը, այն առանց կողային համարանիշի վարելը, լողամիջոցը վարելու իրավունք չունեցող անձին հանձնելը եւ այլն:
Հայկ Վարդանյանի խոսքով, երբ լողամիջոցը մոտեցվում է լողափնյա այն հատվածներին, որոնք կահավորված չեն լողամիջոցների մոտենալու կամ հեռանալու համար օրենսդրությամբ նախատեսված կահավորանքով, այս դեպքում պատասխանատվություն է նախատեսվում աշխատավարձի 20-ապատիկի չափով:

Կարդացեք նաև
Արմեն Ճզմաչյանն ասաց, որ լողամիջոցներով պարբերաբար իրականացնում են շրջայցեր, զբոսաշրջիկներին, քաղաքացիներին բարձրախոսներով իրազեկում են անվտանգության կանոնների պահպանության մասին, հետեւում են, որ չխախտեն իրենց կողմից համապատասխան խորությունների վրա տեղադրված լողանշանները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































