«33 տարի առաջ այս օրը կայացվել է որոշում, որը հիմք է դրել Արցախի անկախ հանրապետության գոյությանը։ Ցավոք սրտի, այսօր ունենք կորսված Արցախ։ Մենք այս օրը մշտապես նշում էինք որպես տոն օր, այսօր դա ավելի շատ դառնության օր է, մենք մեծ հույսեր ունենք, որ մեզ կհաջողվի եւ մենք կվերադառնանք մեր հայրենիք»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ տեսնո՞ւմ է Սամվել Շահրամանյանը արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավորություն եւ ի՞նչի տարբերակով ու կարգավիճակով։
Արցախի նախագահն ասաց՝ մշտապես մեր ուշադրության կենտրոնում է այդ հարցը․ «Այդ հարցը լուծելու համար Արցախի Ազգային ժողովը ստեղծել է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Պարբերաբար շփվում ենք եւ քննարկում ենք հնարավոր վերադարձի հետ կապված հարցերը»։
Կարդացեք նաև

Սամվել Շահրամանյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել։ Արձագանքելով դիտարկմանը, որ 2023 թվականից հետո ինքը բազմաթիվ եւ ապարդյուն փորձեր է արել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու, պատասխանեց․ «Ես փորձեր չեմ արել հանդիպելու։ Ինձ թվում է՝ դա բնական պետք է տեղի ունենար, սակայն, մինչ այսօր մենք չենք հանդիպել, որեւիցե հարց չենք քննարկել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Ապառաժի»


















































