Ըստ իրանագետ Էմմա Բեգիջանյանի՝ գուցե «Զանգեզուրի միջանցքի» բացումը հետագայում վնասի ՌԴ-ին, բայց այսօր ՌԴ-ի մարտավարական շահերը
պահանջում են, որ այդ ճանապարհը բացվի։«Դրանք՝ այսպես ասած՝ հաճոյախոսություններ են դիվանագիտական եւ ոչ դիվանագիտական»,-«Առավոտի» հիշեցմանը՝ Իրանի այն հայտարարություններից հետո, որ Թեհրանը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», որը սահմանների եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների կհանգեցնի, ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «մենք տեղյակ ենք իրանական կողմի մտահոգությանը եւ Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ որոշումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի հարեւանների համար», այսպես արձագանքեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։
Իրանագետը հիշեցնում է՝ եթե այդպես էր՝ ինչո՞ւ Իրանը ոչ այդ հայտարարության հարցում մասնակցություն ունեցավ, երբ Թուրքիան ուներ, եթե այդպես էր, ինչո՞ւ ՌԴ-ի անվտանգության քարտուղարը այցելեց Իրան, հետո գնաց Ադրբեջան, որից հետո եկավ նախագահ Պուտինը, հանդիպեցին, եւ որոշումները կայացրին։
Էմմա Բեգիջանյանն ասաց՝ երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրապարակվեց, նշել է, որ ՀՀ-ի համար ամենավտանգավոր կետը 9-րդն է. «Հետագայում էլ բազմիցս կրկնել եմ, որ դա սպառնալիք է ՀՀ-ի համար՝ նույնիսկ գոյաբանական սպառնալիք։ Մեր իշխանությունները բազմիցս ասացին, որ դա մեր կարմիր գիծն է, Իրանը՝ նույնպես»։ Ըստ իրանագետի՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հարցում թուրքերի նպատակը պարզից էլ պարզ է, որ Հայաստանը սահմանափակվի թուրք- ադրբեջանական երկրներով։ Այս առիթով Էմմա Բեգիջանյանը հիշեց. «1990-ականներին Արաքսի վրա կամուրջը՝ Իրանը Հայաստանին կապող, կոչվում էր կյանքի կամուրջ. միակ ճանապարհն էր, որ մենք աշխարհի հետ կապ էինք հաստատում, քանի որ Վրաստանն էլ փակվում էր։ Երեսուն տարուց ավելի շեշտում եմ, որ մեր ռազմավարական շահերը միմիայն համընկնում են Իրանի ազգային անվտանգության եւ ռազմավարական շահերի հետ։ Դրա համար պետք է նրանց հետ համագործակցելու եզրեր գտնել հատկապես այդ առումով։ Բայց 30 տարին անցավ. ու ոչ մի համագործակցություն. նրանք իրենց ուրիշ շահերը գերադասեցին, իսկ ՀՀ-ն՝ մեկ ՌԴ-ն կվիրավորվի, մեկ Արեւմուտքը կվիրավորվի, ու այսպես մնաց»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ Իրանը դեմ է այլ երկրների ներկայացուցիչների կողմից Սյունիքում կոմունիկացիաների վերահսկմանը՝ խոսելով Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան ապագա հաղորդակցության վերահսկման հարցում օտարերկրյա մասնավոր ընկերությունների ներգրավման մասին:
Էմմա Բեգիջանյանը փաստեց՝ Իրանը միշտ հայտարարում է, որ ՀՀ-ով ճանապարհը դեպի Սեւ ծով, դեպի Եվրոպա Իրանի համար միակ վստահելի ճանապարհն է. «Եվ այլընտրանքային է Թուրքիայով ու Ադրբեջանով ճանապարհը, քանի որ Ադրբեջանն իր գոյությամբ Իրանի համար սպառնալիք է։ Իսկ այդ ճանապարհով՝ Հայաստանի հետ կապը խզելով, նրանք ավելի համարձակ Իրանի թուրքախոս համայնքների վրա իրենց տարածքային հավակնությունները իրականացնելու նպատակ են հետապնդում։ Այդ դեպքում Իրանը կորցնում է այդ հատվածում իր աշխարհաքաղաքական նշանակությունը»։
Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ այդ ճանապարհի բացումը գուցե հետագայում վնասի ՌԴ-ին, բայց այսօր ՌԴ-ի մարտավարական շահերը պահանջում են, որ այդ ճանապարհը բացվի. «Այդտեղից ՌԴ-ի գազը, որը այլեւս Ուկրաինան չի թույլատրում, որ Ուկրաինայով գնա Եվրոպա, այդ միջանցքով կգնա Եվրոպա, բացի դրանից ՌԴ-ի համար Հարավային Կովկասը կարեւոր է, որ ինքն այստեղ մնա անվտանգության առումով։ Իսկ դա նրա համար լծակ է, որ Հարավային Կովկասում իր ոտքի տեղն ամրացնի»։
Էմմա Բեգիջանյանը վստահեցրեց՝ հիմա մեզնից է շատ բան կախված. «Եթե մեր շահերն այս հարցում համընկնում են, պետք է Իրանի հետ միշտ էլ հարաբերություններ հաստատել այս առումով. բանակցել, խորհրդակցել, այլ ոչ թե Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը մեզ պարտադրելու է։ Արտաքուստ թվում է՝ Ադրեբեջանի հարցերը լավ են, բայց նրանց ներքին հարցերն այնքան էլ լավ չեն. մենք իրենց համար քավության նոխազ ենք, ասում են՝ ՀՀ-ին այս ենք անում, մենք ՀՀ-ին այն ենք անում. ժողովուրդ հանգստացեք։ Դա դարձել է իրենց համար պատրվակ։ Այդ համաձայնագրի ութ կետ Ադրբեջանը չի կատարել, հիմա հանկարծ ռուսները հիշեցին, որ 9-րդ կետը ՀՀ-ն չի կատարել։ Եթե մենք ուզում ենք, պիտի այսպես լինի. ուզենանք, կբացենք, ու մենք էլ կկառավարենք։ Այս պիտի լինի մեր դիրքորոշումը, որը հարյուր տոկոսով կպաշտպանի Իրանը. նրանք մեր մեջքին կկանգնեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.09.2024


















































