Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր Արմեն Պետրոսյանն ահազանգում է, որ վերջին օրերին անհայտ անձինք այրել են ֆեդերացիայի պլակատները։ «Առավոտի» հետ զրույցում Արմեն Պետրոսյանն ասաց, որ Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիան Հայաստանում գործող արցախյան միակ մարզական կազմակերպությունն է։ Ֆեդերացիան Հայաստանում մեծ դժվարությամբ վերագրանցվել է եւ նորմալ գործունեություն է ծավալում։ Նա ասաց, որ իրենց հաջողությունների շնորհիվ կարողացել են ներգրավել ոչ միայն արցախցի, այլեւ տեղացի երեխաներին։
«Բավականին հաջողությունների հասանք, արդեն մոտ 80 երեխաներ կան մեր շարքերում։ Մեր հին երեխաներից ովքեր կարողացան, միացան մեզ։ Մեր ակումբն իր գործունեությունը շարունակում է նվիրատվությունների շնորհիվ։ Այսինքն՝ մենք մարզումները կազմակերպում էինք անվճար, համագործակցում ենք տարբեր անհատների ու հիմնադրամների հետ, որոնք մեզ օգնեցին ձեւավորել ու կազմավորել բավական հզոր ուսումնանյութական բազա։ Մեր ուսումնանյութական բազան այսօր մեզ բավարարում է երկու խմբերի հետ պատշաճ մակարդակով պարապմունքներ անցկացնելու համար՝ կրտսեր ու ավագ։ Եղել ենք արցախյան միակ մարզական կազմակերպությունը, որ տեղահանությունից հետո Հայաստանում կարողացել ենք անցկացնել Արցախի առաջնություն»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Նա ասաց, որ Երեւանի տարբեր վայրերում պլակատներ էին փակցրել, որպեսզի բոլորին հասանելի լինի իրենց մասին տեղեկատվություն․ «Բայց, չգիտես ինչու, կան կազմակերպություններ ու մարդիկ, որոնք երեւի բացասական են տրամադրված մեր նկատմամբ եւ սկսել են այրել ու ոչնչացնել մեր պլակատները»։
Կարդացեք նաև
Արմեն Պետրոսյանը նշեց, որ իրավապահ մարմիներին չի դիմել, քանի որ հույս չունի, թե այդ արարքի հեղինակներին կգտնեն։ «Այսքան ժամանակ որ մի արցախցուն են բավարար պատասխան տվել, հազարավոր արցախցիների թալանել են, մեքենաներն են կողոպտել, բայց ոչ մի գործ չի բացահայտվել։ Երեւի ցուցում կա, որ անգործության մատնեն, դրա համար չենք դիմել»,- հավելեց նա։
Արմեն Պետրոսյանը կարծում է, որ այդպիսով փորձում են խոչընդոտել իր աշխատանքը․ «Այսինքն՝ կան շրջանակներ, որոնք ուզում են ամեն ինչ անել, որպեսզի արցախյան առանձին միավորներն իրենց կենսունակությունը չկարողանան ապահովել։ Միայն իմ մարզական ակումբի գրանցումը տեւել է մոտ 4 ամիս, այդպիսի խոչընդոտների առաջ կանգնեցինք։ Այստեղ մարզական կազմակերպություն բացելու իմ նպատակը ոչ թե մարզական նվաճումներն են, որոնք մենք բավական շատ ունենք, այլ մեր ինքնատիպությունը պահելն ու միջավայր ստեղծելը, որպեսզի արցախցիները կարողանան շփվել իրար հետ, պահպանել բարբառը, կոմպակտություն ապահովվի, որպեսզի մարդիկ չցանկանան լքել հայրենիքն ու մնան Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ երկրորդ նպատակը սոցիալական է, որպեսզի պարապմունքները լինեն մատչելի, քանի որ արցախցիները սոցիալական խնդիրներ ունեն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից



















































