Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

«Գիտեմ՝ ինչպիսի դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները». Մարալ Նաջարյան. «168 ժամ»

Հոկտեմբեր 10,2024 10:35

Լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որը 2020 թվականի օգոստոսի սկզբին Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո Հայաստան էր եկել, եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին, Բերձորում գերեվարվել էր Ադրբեջանի կողմից։ Նրա հետ միասին գերեվարվել էր նույն տաքսիում եղած Վիգեն Էուլջեքյանը. Մարալ Նաջարյանն Արցախ էր գնում անձնական իրերը վերցնելու։

Մարալ Նաջարյանը 120 օր մնացել էր ադրբեջանական գերության մեջ՝ ապրել մի ամբողջ ողբերգություն, ադրբեջանական կողմի գործադրած դաժանության պայմաններում նույնիսկ փորձել գնալ ինքնասպանության, սակայն հիշելով, որ տանն իրեն սպասում են երեխաները՝ հետ էր կանգնել այդ մտքից։ Մարալ Նաջարյանը հայրենիք վերադարձավ 2021 թվականի մարտին՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարության, ՀՅԴ Լիբանանի Կենտոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետևողական աշխատանքի շնորհիվ։

168.am-ի հետ զրույցում Մարալ Նաջարյանը պատմեց, որ արդեն երկու տարի է՝ վերադարձել ու ապրում է Լիբանանում։

«Ադրբեջանում ապրածս մղձավանջից հետո, երբ ազատվեցի գերությունից, վերադարձել եմ իմ ծննդավայր՝ Լիբանան։ Այստեղ արդեն ունեմ իմ անձնական վարսահարդարման սրահը, որտեղ աշխատում եմ և որպես վարսահարդար, մատնահարդար, և դիմահարդար։ Ուրախ եմ, որ վերջապես իմ զավակների մոտ եմ։
Հեշտ չէր մոռանալ այն օրերը, որոնք ես անցկացրել եմ Բաքվում գերության մեջ… Բայցևայնպես կյանքը շարունակվում է, պետք է զորավոր լինենք, որպեսզի այդ դժվարությունները դիմագրավենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Հայաստանից Մարալ Նաջարյանը հեռացել է, քանի որ կյանքը շատ է թանկացել, տան վարձերը բարձր են, առօրյա հոգսերն ու տան վարձն ի վիճակի չի եղել հոգալ։
Գերության 120 դաժան օրերն այսօր լիբանանահայ կինը որոշ չափով մոռացության է տվել՝ այդ հարցում օգնել են աշխատանքը, տան առօրյան, ընտանիքը, հետ գնալու և ադրբեջանական դաժանությունները հիշելու ժամանակ չկա։ Ասում է՝ որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է՝ այդ օրերը չի կարող մոռանալ, բայց գերությունից վերադառնալուց հետո, նախ աշխատել է հոգեբանների հետ, այնուհետև սեփական ուժերով կարողացել է վերականգնվել։

«Հոգեբանների ու հոգեբույժների հետ աշխատեցի, գրեթե մեկ տարի էր պետք, որպեսզի Բաքվի դաժանությունների մասին իմ հիշողությունները մոռանամ։ Մեկ տարի հետ արդեն կարողացա ինքնուրույն ինձ հետ աշխատանքներ տանեմ՝ վերականգնվելու համար»։

Սեփական մաշկի վրա զգալով գերության 120 դաժան օրերը, Մարալ Նաջարյանը Բաքվի բանտերում գտնվող պատանդների, գերիների ընտանիքներին, հարազատներին միայն հորդորում է՝ աղոթել, որպեսզի մի օր նրանք էլ հայտնվեն ազատության մեջ։

«Գիտեմ, ինչպիսի դաժան օրեր են ապրում Բաքվում գտնվող մեր գերիները, ուզում եմ բոլորս նրանց ազատության համար աղոթենք»,- եզրափակեց Մարալ Նաջարյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031